Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը. նա խոսեց ապագայի մասին

621
(Թարմացված է 20:29 13.11.2020)
ՀՀ վարչապետը հայ ժողովրդին կոչ արեց չտրվել սադրանքներին և համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակին դուրս բերելու պատասխանատվությունն անմնացորդ կրելու գործում։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. ՀՀ կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում։

«Ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում մեր հետագա անելիքներին, մեր առաջնային խնդիրը երկրում կայունության և անվտանգության մթնոլորտի վերականգնումն է, որը ժողովրդի իշխանության ապահովման միակ երաշխիքն է: Այս պահին մենք պետք է սա ապահովենք առաջին հերթին, որ ժողովուրդը լիարժեք տիրապետի իշխանություն ձևավորելու, իշխանություն ունենալու իր անսակարկելի իրավունքին: Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանությունների կողմից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին: Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»,–ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հայ ժողովրդին կոչ արեց չտրվել սադրանքներին և համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրը այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունը անմնացորդ կրելու գործում։

«ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակները իրագործելու համար: Հենց այդ թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ և ոչ թե բանակի զարգացման գործին»,–ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ մեր երկիրը ունի ապագա, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր այս դաժան փորձությունը դառնա այդ ապագայի կարևոր անկյունաքար, և մենք դասեր կքաղենք ազգովի՝ մեր գործած սխալներից:

«Շատերը կհարցնեն, թե արդյո՞ք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին: Այո, որովհետև այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաներին են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքին: Նրանք դա արել են դաժան պարտությունից հետո կրթության, գիտության, արդյունաբերության ու ժողովրդավարության զարգացման վրա շեշտ դնելով, և սա պետք է լինի մեր առաջիկա անելիքը: Եվ ես բոլորիս կոչ եմ անում կենտրոնանալ այս անելիքի վրա՝ հանուն մեր երկիրը հզորացնելու: Հենց սա կլինի մեր լավագույն ծառայությունը մեր նահատակների հիշատակին, մեր վիրավոր և հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Նրանց հարազատներին, ընտանիքներին, մայրերին, հայրերին, կանանց, զավակներին:Նրանք, իհարկե, մեզ մի հարց պիտի տան՝ զոհվածների հարազատները, թե ի վերջո ինչի՞ համար զոհվեցին իրենց հարազատները: Այս հարցի պատասխանը մեկն է՝ առաջին հերթին Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար»,–ասաց Փաշինյանը:

Նա վստահ է, որ մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տեր կանգնել զոհվածների արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին: Փաշինյանի համոզմամբ` մեր խոնարհումը զոհվածների առջև կլինի ամենօրյա ստեղծարար աշխատանքը, կրթությունը, որը պիտի շենացնի մեր երկիրը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

621
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Բողոքի ակցիա Երևանում

Նիկոլ Փաշինանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ ունի. Սաղաթելյան

4
(Թարմացված է 18:04 05.12.2020)
Իշխան Սաղաթելյանը խոստացավ, որ հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարական առանձնատների մոտ հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև նոյեմբերի 8–ը ժամանակ ունի հրաժարական տալու համար։

«Մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի և որոշում ընդունի, հրաժարական տա և հեռանա»,– ասաց նա։

Սաղաթելյանը խոստացավ` հրաժարականի դեպքում ժողովուրդը ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնի:

Նրա խոսքով` եթե Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։

4
թեգերը:
Իշխան Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Իշխան Սաղաթելյան

Նախարարների թեկնածուները պետք է լինեն հմուտ կառավարիչներ. Իշխան Սաղաթելյանն անուններ չտվեց

4
(Թարմացված է 17:59 05.12.2020)
Երթի մասնակիցներին Երևանի Պռոշյան փողոցում՝ կառավարական առանձնատների մուտքի մոտ, դիմավորեց ոստիկանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման՝ «Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության» հանրահավաքին հաջորդած երթի մասնակիցներին Երևանի Պռոշյան փողոցում՝ կառավարական առանձնատների մուտքի մոտ դիմավորեց ոստիկանությունը:

Ոստիկանական ուժերը հզոր պատ են կազմել ՀՀ վարչապետի ու իշխանության այլ ներկայացուցիչների առանձնատներ տանող ճանապարհին:

Երթի ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ բացահայտել միասնական կառավարության հնարավոր անդամների անունները:

«Որևէ քննարկում չենք ունեցել: Ունեցել ենք կարևոր սկզբունք, որ թեկնածուները պետք է լինեն հմուտ կառավարիչներ, նորմալ անցյալ ունեցող մարդիկ, հասարակության կողմից ընդունելի»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ նման մարդիկ իրենց շարքերում ոչ թե մեկ-երկուսն են, այլ բազմաթիվ:

Անուններ հնչեցնելու խնդրանքին ի պատասխան Սաղաթելյանը շեշտեց, որ չի կարող ասել, քանի որ ոչ մի քննարկում դեռ չի եղել:

Հնարավոր ընտրությունների ժամկետ ու մասնակցության հնարավոր ֆորմատներ ևս Սաղաթելյանը չբացահայտեց՝ նշելով, որ այսօր շատ ավելի հրատապ լուծելու հարցեր կան:

«Օրինակ՝ Լաչինի հարցը: Գիտեք, հենց հիմա Սյունիքում խնդիր է դրված, որ Կուբաթլիի և Զանգելանի դիրքերը հանձնեն: Չկա պետություն»,- ասաց նա:

ՀՅԴ անունից Սաղաթելյանը հայտարարեց, որ երբեք չեն համակերպվելու Շուշիի ու Հադրութի կորստի հետ: Դա չի նշանակում, որ վաղը գնալու են նոր պատերազմի, բայց ճիշտ ժամանակին հետ են բերելու, վստահեցրեց նա:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթներով հանդես են եկել ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, դերասան Վիգեն Խաչատրյանը, ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը (քանի որ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր ԱԱԾ-ում), ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Իսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ժամանակավոր կառավարության ծրագրային այն դրույթները, որոնք անհետաձգելի լուծում են պահանջում:

4
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իշխան Սաղաթելյան, երթ, հանրահավաք