ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը։
Ոսկանյանի փոխանցմամբ` Վանեցյանը կասկածվում է ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Հիշեցնենք, որ երեկ Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության։ Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ որպես վկա է հարցաքննվել ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար։
Հավելենք` Վանեցյանի ղեկավարած կուսակցությունը ևս երեկ մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին:
Հայաստանյան 17 կուսակցություններ նոյեմբերի 11–ին, ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։
Մինչ այդ 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Այդ 17 կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:
Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Եվ այսպես`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:



