Սեյրան Օհանյան

Շուշիի անկման պատճառներից մեկը հակառակորդի թվային առավելությունն է եղել. Սեյրան Օհանյան

2648
(Թարմացված է 19:34 11.11.2020)
Շուշին Ադրբեջանին հանձնելու և մի շարք այլ պայմաններով հրադադար հայտարարելու համաձայնությունը, Սեյրան Օհանյանի գնահատմամբ, ճարահատյալ, իրադրությունից բխած համաձայնություն էր:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ներկայությունը Արցախում զուտ խորհրդատվական բնույթ է կրել, նա հրամանատարական որևիցե գործառույթ չի ունեցել: Sputnik Արմենիայի հետ զրույցում Օհանյանն ասաց, որ լուրերը, թե Շուշիի օպերացիան ինքն է ղեկավարել, իրականությանը չեն համապատասխանում:

«Շուշիում էլ ես հայտնվել եմ որպես աջակցող և իմ հնարավորության սահմաններում Շուշիի մոտակայքում, մատույցներում, իմ հնարավորության սահմաններում աջակցել եմ, ասենք՝ աշխարհազորի ձևավորմանը՝ աշխարհազորի և բանակի համագործակցության շրջանակներում»,– շեշտեց նա։

Անդրադառնալով Շուշին հանձնելու մասին հայտարարություններին՝ Օհանյանը պնդեց, որ դրանք ևս ճիշտ չեն:

«Մարտական գործողությունների ընթացքում մեր ստորաբաժանումները պայքարել են, կռվել են հակառակորդի քանակական ու ԱԹՍ-ների գերիշխող պայմաններում: Հրամանատարական կետը, որի ղեկավարի հետ ես եղել եմ, Շուշիից հանվել է, քանի որ շուրջ 10 ժամ շրջափակման մեջ է եղել: Հանվել է, որպեսզի մեր զորքերը լիարժեք կարողանան Շուշի քաղաքում կրակային խոցում, հրետակոծություն, ռմբակոծություն իրականացնեն հայտնաբերված ռազմական օբյեկտներին»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ ինքը վերջին մարդկանցից է եղել, որ դուրս է եկել Շուշիից, բայց դրանից հետո էլ` դեռ նոյեմբերի 6-ին, 7-ին մարտերը շարունակվել են:

Բայց Շուշիի անկման պատճառներից մեկն, ըստ Օհանյանի, հակառակորդի թվային առավելությունն է եղել: Այդ թվաքանակի շնորհիվ թշնամուն հաջողվել է շրջանցել, անցնել Շուշին շրջապատող լեռնային, անտառապատ տեղանքը, շրջանցելով՝ մտնել հայկական ուժերի թիկունք ու դիրքավորվել Շուշիում:

«Նրանց թվաքանակին մենք, ցավոք, չկարողացանք դիմանալ, և այսպես ստացվեց»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Օհանյանը չի բացառում, որ պատերազմի տարբեր փուլերում, ռազմաքաղաքական ավելի սթափ վերլուծության ու գնահատականի արդյունքում, ճիշտ վերախմբավորումների, ռազմական տեխնիկայի, սպառազինության ու մարդկային ռեսուրսների ժամանակին ու ճիշտ ապահովման պարագայում հնարավոր կլիներ ավելի լավ պատկեր ունենալ:

Շուշին Ադրբեջանին հանձնելու և մի շարք այլ պայմաններով հրադադար հայտարարելու համաձայնությունը, Սեյրան Օհանյանի գնահատմամբ, ճարահատյալ, իրադրությունից բխած համաձայնություն էր: Իսկ թե որքանով էր այն ճիշտ կամ սխալ, Օհանյանը թողնում է երկրի ռազմաքաղաքական ղեկավարների վերլուծությանը:

«Գործողությունների ճիշտ գնահատականը հետագայում բանակը կվերլուծի, և, որքանով անհրաժեշտ լինի, մեր հասարակությունը կտեղեկացվի»,- կարծում է լեգենդար հրամանատարը:

Բայց մինչ այդ Օհանյանը նշում է, որ պարտությունը միայն բանակի վրա բարդելը ճիշտ չէ, այն իր ուսերին պետք է վերցնի նաև ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ինչ վերաբերում է ստորագրված փաստաթղթին, նա վերահաստատեց իր արդեն հնչեցրած տեսակետը, որ այն շատ վատն է: Իսկ թե որքանով էր հնարավոր խուսափել դրանից, Օհանյանը չի փորձում գնահատական տալ:

«Դա պետք է ներսում լինես, որ հասկանաս՝ ինչպիսի լծակներ, ազգային ու միջազգային երաշխիքներ ունենք մենք այս պահին այն չիրականացնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքերում լինում են թե՛ ներքին ու թե՛ արտաքին ճնշումներ: Բայց շատ ավելի կարևոր է, որ այդ փաստաթուղթը համապատասխանի իրավական նորմերին՝ երկրի ներսում ստացած լինի խորհրդարանի հավանությունը, իսկ միջազգային ասպարեզում՝ համաձայնեցված լինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Այդուհանդերձ, ստորագրված փաստաթուղթը ներկա վիճակում, Օհանյանի կանխատեսմամբ, կարող է հանգեցնել Արցախի` դեռևս հայկական մնացած տարածքների հայաթափմանն ու հերթական ցեղասպանությանը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

2648
թեգերը:
Արցախ, Սեյրան Օհանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ էր կատարվում Շուշիում. պատասխանում է Դավիթ Տոնոյանը
Շուշիի անկումից հետո մեր ջոկատներից մեկին հաջողվել է մտնել քաղաք. Փաշինյան
«Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց...». Սեյրան Օհանյան
Արխիվային լուսանկար

356 նոր դեպք, 22 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

118
(Թարմացված է 11:45 30.11.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 356–ով և դարձել 135 124։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 մարդ (-748), կատարվել է 510127 (+1098) թեստավորում, առողջացել են վարակվածներից 108442 (+1078)-ը ։ Գրանցվել է մահվան 2164 դեպք (+22)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը` 538։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

118
թեգերը:
Մահ, հիվանդ, համավարակ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից
Պատվաստանյութը՝ քաղցրաբլիթի և մտրակի փոխարեն
COVID-19-ի դեմ պատվաստանյութի գնումը կարող է սկսվել գարնան կեսերին․ Թորոսյան
Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգության» ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն

141
(Թարմացված է 10:27 30.11.2020)
ԱԱԾ–ն խոստանում է ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 25-ին դիմել է ՀՀ դատախազությանը` «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից օրեր առաջ կայացած ասուլիսի ընթացքում ներկայացված դիտարկումների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ի մամուլի ծառայությունը։

Իսագուլյանն ասել էր, որ Հայաստանում հեղափոխությունը կատարվել է բացառապես ադրբեջանական փողերով։ Իսագուլյանի խոսքով` այդ գումարները Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, որն այժմ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, Լիլիթ Մակունցը, որն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը... Իսագուլյանն ասել էր նաև, որ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասին Փաշինյանն իմացել է դրա մեկնարկից 1.5 ամիս առաջ։

«Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն»,–նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահն ինձ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը. Փաշինյան

ԱԱԾ–ն հորդորում է նաև ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ յուրովի պատկերացումներ ունեցող, վերջիններիս լիազորությունների շրջանակներում ստացված տեղեկություններին հասկանալի պատճառներով չտիրապետողներին զերծ մնալ հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներից:

ՀՀ ազգային անվտանգության մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում ԱԱԾ–ն խոստանում է համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել։

Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան

141
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Գառնիկ Իսագուլյան, ՀՀ դատախազություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ի՞նչ է հորդորել Նիկոլ Փաշինյանը գերեվարվածների ու անհետ կորածների հարազատներին
Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր․ Փաշինյան
Ո՛չ Հադրութի և ո՛չ էլ Շուշիի մասին խոսք չի եղել. Շարմազանովն արձագանքել է Փաշինյանին
Աղվան Վարդանյան

Ասուլիս. «13 հարց և բացահայտում»

0
Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման. «13 հարց և բացահայտում»:

Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ: Մուտքը՝ միայն դիմակներով: 

Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում:

Հարցերը կարող եք նաև ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98) 180-626, +374(91) 42-12-35։

0