Հանրահավաք

Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ են տարել. Իվետա Տոնոյան

410
(Թարմացված է 13:06 11.11.2020)
ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանողների անունը գրվելու է Արցախը հանձնողների կողքին։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի գնացած ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողներին հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին բերման են ենթարկել։

Նշենք, որ հենց այստեղ, ժամը 13։00–ին նախատեսված էր 17 կուսակցությունների հանրահավաքը, սակայն մինչ այդ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել այնտեղ և բոլորին բերման են ենթարկում։

«Այս պահին Ծառուկյանն արդեն ԱԱԾ–ում է։ Ծառուկյանին կալանավորելով` Արցախի հա՞րցն են լուծելու։ Ոչ»,–ասաց Տոնոյանը։

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանողների անունը գրվելու է Արցախը հանձնողների կողքին։ «Ամոթ ձեզ»,–ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ բերման են ենթարկվել նաև բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ՀՀԿ–ական Հայկ Մամիջանյանը և Միհրան Պողոսյանը։ Ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով Ազատության հրապարակ մտնել։

Ի դեպ, ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։

Հիշեցնենք, որ 17 կուսակցություններ այսօր ժամը 13:00-ին որոշել են Ազատության հրապարակում հանրահավաք իրականացնեն, թեման` պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն են լինելու։ Մինչ այդ, 17 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Այդ 17 կուսակցություններն են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

410
թեգերը:
հանրահավաք, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Իվետա Տոնոյան, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
Թուրքիան ղարաբաղյան կարգավորման երաշխավոր չի լինի. Քերի Քավանո
Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, ամբողջական կորուստ կունենայինք. Փաշինյան
«Արցախբանկի» գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան. ԿԲ
Երևան, բողոքի ակցիա

Այս իրավիճակում արտահերթ ընտրություններ անելը սխալ է. Ռոբերտ Քոչարյան

10
(Թարմացված է 00:02 05.12.2020)
2-րդ նախագահի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր մարմնավորում է մեր պարտությունն ու ամեն անգամ ցավ պատճառում ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Երկրում ստեղծված լարված իրավիճակում արագ արտահերթ ընտրություններ անելը սխալ է։ «5 -րդ ալիքի» հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նշում է՝ արդեն մի անգամ տեսանք, թե «էյֆորիայի տակ» անցկացված ընտրություններն ինչ արդյունք ունեցան։ Սակայն շեշտում է՝ այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, իսկ խորհրդարանն էլ չի արտացոլում ժողովրդի կարծիքը։ Նա ողջունեց ընդդիմադիրների որոշումն ու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում։

«Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Սա մի առաքելություն է, որը պետք է կարողանան իրենք պատվով կատարել, և նա այն մարդն է, որն իր անցած ճանապարհով հույս է ներշնչում, որ ի վիճակի է դա անել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանն ու կոչ արեց իր կողմնակիցներին ակտիվ մասնակցել քաղաքական այն գործընթացներին, որոնք ուղղված են ներկա իշխանությանը պաշտոնանկ անելուն։

Ասում է, որ պատմության մեջ միայն մեկ դեպք է հիշում, երբ պետությունը պարտվել է, և իշխանությունը չի փոխվել։ Խոսքն իրաքյան առաջին պատերազմի և Սադամ Հուսեինի մասին է։ Ընդգծում է՝ նրա համար ամեն ինչ վատ ավարտվեց, ի վերջո՝ կախաղան հանվեց։

«Պարտված իշխանությունը, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է փոխվի։ Պետք է փոխվի հենց հանուն այդ ժողովրդի։ Այսօր վարչապետի դեմքը մարմնավորում է մեր այս խայտառակ պարտությունը։ Հոգեբանները լավ գիտեն, որ երբ հանցագործի նկարը ցույց են տալիս զոհին, նույնիսկ նկարը նայելով՝ զոհը գրեթե նույն ցավն է ապրում։ Հիմա մեր վարչապետի դեմքն այդ ցավն է, մենք հիմա դատապարտվա՞ծ ենք ամեն օր այդ ցավը վերապրել»,- ասաց պաշտոնաթող նախագահը։

«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

Ընդգծում է՝ եթե Նիկոլ Փաշինյանի անվտանգության երաշխիքներ են պետք, ապա նաև պետք է ասի այդ «հումանիտար միջանցքի» մասին։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Երևանում պարբերեբար բողոքի ակցիաններ են տեղի ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Դեկտեմբերի 3–ին ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին, որ անցումային կառավարության վարչապետի իրենց միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

10
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վազգեն Մանուկյան, Ընտրություններ, Արցախյան պատերազմ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների. պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանը
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն
Արայիկ Հարությունյանը չի համաձայնել հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ. ասել է՝ «իրեն կուտեն»
Ռոբերտ Քոչարյան

«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

53
(Թարմացված է 23:49 04.12.2020)
Ռոբերտ Քոչարյանի խոսքով` վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, ապա այս պատերազմը չէր սկսվի։ 5 -րդ ալիքի հետ հարցազրույցում Քոչարյանը նշեց, որ ինքը թույլ չէր տա դիվանագիտական այնպիսի քայլեր, որոնք ի վերջո պատերազմի հանգեցրին։ Վստահ է՝ Ալիևն էլ երբեք չէր համարձակվի պատերազմ սկսել։

«Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին: Երբ Էլչիբեին փոխեցին, ես շատ անտրամադիր էի այդ մի քանի օրվա ընթացքում, որովհետև մեզ համար ինքն ուղղակի նվեր էր, Աստծու պարգև էր մեզ համար: Ես միշտ մտածում էի, որ կարող է մարդ գալ, որը շատ ավելի ուրիշ կազմակերպչական ունակություններ կունենա պատերազմի համար, իրականում, այդպես էլ եղավ հետագայում»,- նշեց Քոչարյանը։

Վստահ է՝ այնուամենայնիվ, եթե պատերազմ էլ սկսվեր, ապա հաստատ չէինք պարտվի, որովհետև նման կոպիտ սխալներ թույլ չէին տրվի։ Նրա խոսքով՝ հիմա էլ պարտությունը ժողովրդի վրա է գցվում։

«Գիտե՞ք՝ վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ: Ասում էին՝ ինչ-որ մարդիկ էին փախնում․ քանի՞ հոգու են պատժել, ձեզ հայտնի՞ են նման դեպքեր. ինձ հայտնի չեն: Հրամանը չկատարողներին, դիրքերից փախնողներին, ո՞ւմ են պատժել»,- հարցրեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նշում է՝ մարդիկ դիրքերը թողնում էին իշխանության ստերի, ամեն ինչ վատ կազմակերպելու պատճառով։ Նախագահը հերքեց իշխանության պնդումները, թե իրենք ժառանգել են բանակցային վատ իրավիճակ։ Շեշտում է՝ պարզապես պետք էր ոչ թե զրոյական կետից սկսել, այլ շարունակել։

«Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանագիրն ամրացնել, որը հենց պատերազմի վերսկսման կանխարգելիչ միջոցառումներ էին ենթադրում, ոչ թե գնար ինչ-որ լիֆտերում կասկածելի ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեր»,- նշեց Քոչարյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

53
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Պարտություն, Արցախյան պատերազմ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադադարների. պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանը
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը