ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Մեկնարկեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք` Մնացականյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել հոկտեմբերի 22-ին։ Այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նախատեսված է նաև ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Ըստ տեղեկությունների`ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը:
Պեսկովն ասել է` Ղարաբաղյան հակամարտության մեջ երբ է հնարավոր 3–րդ կողմի մասնակցությունը
Հավելենք, որ հոկտեմբերի 21-ին Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության՝ քննարկվել են անհետաձգելի հարցեր` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ։