ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը իր արվեստանոցը արհեստանոցի է վերածել: Նկարչուհին իր քույրերի հետ զինվորների համար բարձեր ու վիրակապեր է կարում:
Որպես հումք օգտագործում են ձեռքի տակ եղած գործվածքներն ու բուրդը՝ չխնայելով նույնիսկ ներքնակներն ու սպիտակեղենը: «Երբ մեր ջահել-ջիվան տղերքն իրենց կյանքի գնով սահման են պահում, մենք մտածեցինք, որ այդպես նստելով բան դուրս չի գա ու որոշեցինք ինչ-որ բան անել. գլխումս միտք ծագեց՝ հիվանդանոցների համար բարձեր կարել: Ես սկսեցի, քույրիկներս տեսան ու միացան: Մեր ընկերները մեր արածով ոգևորվել են, ճիշտ է, իրենք չեն կարում, բայց օգնում են նյութերով»,-պատմում է տիկին Սուսաննան:
Հենց այսպես զինվորների համար ինչ-որ բան անելու գաղափարը միավորեց հաշվապահ, արվեստագետ ու մանկավարժ քույրերին: «Օգտագործում ենք ինչ ունենք՝ առանց ափսոսալու ու մտածելու: Հիմա ամենակարևորը ջահելներն են ու նրանց կյանքը»,-ասում է Սուսաննա Մկրտչյանը:
Կանայք 50 բարձ արդեն կարել են, ևս 50-ը շուտով կավարտեն: Պատրաստում են նաև անկողնային պարագաներ ու վիրակապեր և փոխանցում հիվանդանոցներին։
Sputnik Արմենիայի հարցին, թե պատերազմական այս օրերին նկարչուհին կարողանո՞ւմ է ստեղծագործել, տիկին Սուսաննան պատասխանեց. «Վրձին չեմ վերցրել, չկարողացա, չի ստացվում: Կիսատ աշխատանք ունեմ, որն ուզում էի ավարտել, չի ստացվում, հնարավոր չէ՝ կտավները դրած, ներկերս չորանում են: Ստեղծագործելու համար մարդու խիղճը հանգիստ պետք է լինի: Իմ արվեստանոցն է, հարկ եղած դեպքում և՛ արհեստանոց է, և՛ Արցախից եկած ընտանիքի կարող է հյուրընկալել»,-ասում է արվեստագետն ու շարունակում է քույրերի հետ աշխատանքը՝ առանց մի րոպե իսկ կտրվեու։
Կանանց ցանկությունը միայն մեկն է, որ իրենց բարձերն ու վիրակապերն այլևս պետք չգան։ Տիկին Սուսաննան էլ հույս է հայտնում, որ շատ շուտով արհեստանոց դարձած արվեստանոցում կրկին կտավներ կծնվեն:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Our game» ֆուտբոլային ընկերական միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականն այսօր մրցել է Հորդանանի թիմի հետ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Գոլերի հեղինակ են դարձել Օլգա Օսիպյանն ու Մայսա Ջբարահը։
Հայաստանի կանանց ազգային հավաքականն ապրիլի 8-ին հաղթել էր Լիբանանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար է անցկացվում:
Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 7-ին։ Առաջին տուրում Չարենցավանում մրցել են Լիտվայի և Հորդանանի ազգային հավաքականները: Լիտվայի հավաքականը հաղթել է 1:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի աղյուսակում
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր Արագածոտնի մարզում պաշտոնապես հայտարարել է «10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը։
Ինչպես հայտնում են նախարարությունից, առաջին 1000 ծառերը տնկվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։
Ծառատունկին, նախարարից բացի, մասնակցել են Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանն ու համալսարանի ուսանողներ, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, «Հայանտառի» աշխատակիցները։
«Օրվա խորհուրդը մենք պայմանավորել ենք վերածննդի հետ։ Ծառ տնկելն ինքնին, բացի շնորհակալ գործից, հետպատերազմական վերականգնման այս շրջափուլում մեր ժողովրդի, պետության ու պետականության, Արցախի Հանրապետության համար նաև վերածննդի խորհուրդ ունի»,– ասել է նախարար Պետորսյանը։
Նա նաև հայտնել է, որ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում ևս 100 000 ծառ նախատեսվում է տնկել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին հայտարարված համապետական ծառատունկի ընթացքում։
Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։
2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը` որոշում է կայացվել 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Վինձորի դղյակում գտնվող մատուռում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրաժեշտի արարողությունը կանցնի ընտանիքի ու հարազատների նեղ շրջանակում՝ մոտ 30 հոգու մասնակցությամբ:
Սպասվում է, որ հուղարկավորության օրը լռության րոպե կհայտարարվի։ Հուղարկավորությունը կառավարական չի լինի. այդպես է ցանկացել արքայազն Ֆիլիպը:
Բրիտանական հեռուստաալիքները ուղիղ եթերում կհեռարձակեն արարողությունը։
Հիշեցնենք` 99-ամյա արքայազն Ֆիլիպի մահվան մասին ապրիլի 9-ին հայտնել էր Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։ Հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։