Վարդենիս

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ ագրեսիվ պատերազմ է վարում. ի՞նչ է արել հակառակորդը վերջին 19 օրում

624
(Թարմացված է 13:31 15.10.2020)
ՀՀ տարածքում սպանվել են 5, վիրավորվել 11 զինծառայողներ. նրանցից որևէ մեկը մարտական գործողություններում ներգրավված չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. 2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության դեմ վարում է ագրեսիվ պատերազմ: ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանը խախտում է 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, Ժնևի և մի շարք այլ կոնվենցիաների պահանջները։ Բացի այդ, չի պահպանում միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը՝ պատերազմ վարելով արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով և այլն։

Սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի օրերին Ադրբեջանը նաև թիրախային հարվածներ է հասցնում ՀՀ տարածքին։ Ադրբեջանի հարվածներից ՀՀ տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում` 1 անչափահաս) խաղաղ բնակիչ: Ինչպես նաև սպանվել են ՀՀ տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված 5 զինծառայողներ, մարմնական վնասվածքներ են ստացել 11–ը:

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, հրետակոծության են ենթարկել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի բնակավայրերը, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, ազգային ատելության շարժառիթով հարվածային անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծել են Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը. այրվել է այնտեղ գտնվող մարդատար ավտոբուսը, վնասվել են բնակելի տներ, միջնակարգ դպրոցի հարակից տարածքը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 02-ի սահմանում, հրթիռահրետանային հարվածներով վնասել են Վարդենիս քաղաքի բնակչի առանձնատանը։ Հոկտեմբերի 1-ին` ժամը 21:00-ի սահմանում, հակառակորդը հարված է հասցրել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակչի բնակելի առանձնատանը, ինչի հետևանքով սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս երկուսի առողջությանը պատճառվել է վնաս:

Նույն օրը՝ ժամը 22:55-ից մինչև 23:24-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի դաշտամիջյան հատվածում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հայտնաբերել և խոցել են ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը:

Հոկտեմբերի 1-ից 4-ը Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ գյուղերի, Նորաբակ համայնքի տարածքներում և ՀՀ ՊՆ զորամասին կից կրակային ուսումնական կենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են Ադրբեջանի ԶՈւ–ի արձակած արկեր:

Հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Նոր Առաջաձոր համայնքի վարչական տարածքում ՀՀ ՊՆ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանական ԱԹՍ:

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ-ն ԱԹՍ-ներով կանխամտածված և նպատակաուղղված գրոհներ են իրականացրել Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրի ուղղությամբ։ Սպանվել է երեք զինծառայող, վնասվել է մարտի մեջ չգտնվող ռազմական տեխնիկան։

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանը կրկին ԱԹՍ-ներով թիրախային հարված է հասցրել Վարդենիսի տարածաշրջանի Շատվան համայնքին հարակից տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային. զոհվել են երկու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 10 զինծառայող: Այդ ընթացքում ԱԹՍ-ների կողմից թիրախավորվել են նաև հարակից դաշտավայրում բերքահավաք կատարող խաղաղ բնակիչներ։ Անչափահաս երեխան ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

«Նշված հանգամանքները փաստագրված և հաստատված են ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող դատավարական, քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ համապատասխան գործողությունները շարունակվում են ադրբեջանական զինված ուժերի հանցագործություններին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:

624
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը
Ռուս զինվորականները ստուգում են ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը․ Կրեմլ
ՀՀ–ի կողմից Ադրբեջանի տարածքում ռազմական օբյեկտների թիրախավորումն արդեն լեգիտիմ է
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին». Հանրային հեռուստաընկերություն

8
(Թարմացված է 14:34 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

8
Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել

6
Ֆուտբոլիսն ասել է, որ շատ երջանիկ է կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։

«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։

6
թեգերը:
Մարկոս Պիզելի, ՀՖՖ, Հայաստան