ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն այսօր Եռաբլուրում լրագրողներին հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ընտրակաշառքների վերաբերյալ քրգործի շրջանակներում կան մի քանի տասնյակ մեղադրյալներ։
«Ընտրակաշառքի վերաբերյալ քրգործը շատ մեծ ծավալներով է։ Առաջիկայում հնարավոր է, որ գործն արդեն իսկ դատարան ուղարկվի»,–ասաց Քյարամյանը։
Նրա խոսքով` նման ծավալի քրգործերի առանձնահատկությունն այն է, որ նոր դրվագներ են ի հայտ գալիս անընդմեջ, որոնք նոր քննության առարկա են դառնում։
Հարցին, թե ինչո՞ւ է հենց ԱԱԾ–ն քննում Ծառուկյանի գործը, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ հարուցված քրգործերը Հատուկ քննչական ծառայությունն է սովորաբար քննում, Քյարամյանը պատասխանեց, թե դատախազությունն իրավասություն ունի ցանկացած քրգործ վերցնել մեկ նախաքննական մարմնից և այն փոխանցել մեկ այլ մարմնի, բացի այդ, դատարանի որոշում էլ կա, ըստ որի` իրավաչափ է, որ ԱԱԾ–ն է գործը քննում։
Դիտարկմանը, թե սա հավելյալ ճնշում գործադրելու համա՞ր չէ, ԱԱԾ տնօրենը կարճ պատասխան տվեց` բացարձակ։
ԱԱԾ–ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ–ական նախկին պատգամավորի
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օգոստոսի 28-ին հայտարարել էր` խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք է սկսել կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Նա հայտնել էր նաև մեծ հանրահավաք անցկացնելու մասին։
ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։
ԲՀԿ-ական պատգամավորների նկատմամբ առաջիկայում քրեական գործեր կհարուցվեն. «Ժողովուրդ»