ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ։ Լուրի մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից։
«Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի կանանց նախնական զինվորական պատրաստության վարժանքների դիմումների ընդունումը: Ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները»,–նշված է կայքում։
Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: Բանակումի մասնակիցների առօրյան կազմակերպվելու է ԶՈՒ-ում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն:
Արգելված են լինելու տեսակցությունները, արձակուրդները, ինչպես նաև զորամասի տարածքում տեսաձայնագրման, տեսանկարահանման հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների օգտագործումը:
Մինչ ծրագրում ընդգրկվելը թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի, կանցնեն բուժզննում, հոգեբանական թեստավորում (կստուգվեն թեկնածուների կողմնորոշման ընդունակությունը, հարմարվողականությունը ծառայության պայմաններին, սթրեսակայունությունը և այլն), որից հետո կհանձնեն նորմատիվներ ֆիզիկական պատրաստությունից։ Իսկ վարժանքների ավարտին կկազմակերպվի մասնակիցների ավարտական ստուգարք: Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները ցանկության դեպքում հնարավորություն կունենան որպես պայմանագրային զինծառայող ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում:
Ամեն ինչ լավ է լինելու․ զինվորների հուզիչ տեսաուղերձը ծնողներին
Վարժանքների սկզբում և վերջում կմասնակցի նաև Աննա Հակոբյանը:
Ցանկացողները հոկտեմբերի 1-ից 31-ը դիմումները (անձնագրի պատճեն ու ինքնակենսագրական) կարող են ուղարկել Աննա Հակոբյանի գրասենյակ՝ info@annahakobyan.am հասցեով:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել էր հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։
Յոթ օրվա ընթացքում հավաքի մասնակից կանայք ամբողջությամբ ապրել են զինվորական կյանքով՝ սահմանված կարգով կրել համազգեստ, գիշերել զորամասում։