ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Հովիկ Թամրազյանը զոհվել է հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից։
«Զինծառայողը հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի շրջանում։ Թամրազյանը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ` ծառայության ընթացքում ազգային ատելության շարժառիթով կատարված սպանության հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով այսօր հյուսիս–արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։
Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ զոհված զինծառայողը Վանաձորի բնակիչ է և երկու անչափահաս երեխա ունի։
Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ–ն հերքել էր ադրբեջանական կողմի լուրերը, որ հայկական ԶՈՒ–ի կրակոցների հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։
Հակառակորդի կրակոցից ՀՀ մարտական դիրքերից մեկում զինծառայող է զոհվել