ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից իրավաբանների օրհնության օր կսահմանվի։ Լուրը հայտնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը։ Նման օր սահմանելու խնդրանքով Վեհափառին էին դիմել ոլորտի ղեկավար-համակարգողները։ Այսօր կաթողիկոսը վեհարանում հյուրընկալել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը։
Խոսելով օրհնության օր սահմանելու նշանակության մասին՝ հյուրերը նշել են, որ հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում եկեղեցին կարևոր դերակատարում է ունեցել։ Վստահ են՝ նման օր ունենալը մեծապես կնպաստի մասնագիտական պարտքի կատարմանը, ինչպես նաև կարող է դառնալ ևս մեկ առիթ մասնագիտական համերաշխության, արդարադատության մեջ իրավունքին և բարոյականությանն անդրադառնալուն։
«Խոսելով արդարադատության մասին՝ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ այն տերունապատվեր առաքելություն է, որ կարևոր պատգամ և խորհուրդ ունի, անդրադարձավ նաև իրավունքի և արդարության սուրբգրային ակունքներին և բարոյական ընկալմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մտածումները փոխանցեց հանրության կյանքում ներկաների կարևոր առաքելության շուրջ՝ հաստատելով, որ ծառայության մեջ պետք է առաջնորդվել օրենքի արդարամիտ կիրառմամբ, բայց և Ս․ Գրքի ուսուցանած մարդասիրության և գթության ընկալումով՝ չխեղելու մարդկային կյանքեր, այլ մեղավորին դարձի բերելու, կանգնեցնելու ուղիղ ճանապարհի վրա և հաստատելու աստվածապարգև բարի կոչման մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գարեգին Բ–ն կօրհնի աշխարհի չորս կողմերը. հավատացյալները օրհնությանը կհետևեն տներից
Վեհափառ Հայրապետն ընդգծել է՝ տարբեր ոլորտների մասնագետները պատասխանատվություն են կրում ոչ միայն հանրության, այլև առաջին հերթին Աստծո առջև։
Իրավաբաններին նա պատգամեց լինել Աստծո կամքի հետևորդներ ու իրագործողներ, իսկ իրենց աշխատանքի արդյունքը դիտարկել որպես բարու հաստատում։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերլուծություն
Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի
3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։
Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։


