ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Այսօր ԱԺ–ում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցի քննարկման ժամանակ նախարարի եզրափակիչ ելույթի որոշ կոշտ հատվածներ իրարանցում ու աղմուկ առաջացրեցին ընդդիմադիր պատգամավորների շարքերում։
«Կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»,– ասաց Հարությունյանը։
Այս հայտարարությանն ընդդիմադիր պատգամավորներն արձագանքեցին սեղաններին թմբկահարելով, սուլելով ու տեղից նախարարին ուղղված ռեպլիկներով։
«Լուսավոր Հայաստանին» էլ Հարությունյանը հիշեցրեց երևանյան մի գրադարանի հետ կապված միջադեպը։
«Տիկին Սամսոնյանը զանգում է ինձ, ասում է` տնօրենն է ճիշտ, բողոքողներին սաստեք, տիկին Կոստանյանը զանգում, ասում է` բողոքողներն են ճիշտ, տնօրենին սաստեք։ Ու մարդիկ խոսում են միջամտությունից։ Միջամտությունից խոսելուց առաջ մի հատ ձեր մեջ կողմնորոշվեք, նոր խոսեք»,– ասաց Հարությունյանը։
Դահլիճում բարձրացած աղմուկն արհամարհելով` նախարարն ամբիոնից ցույց տվեց մի գիրք ու հայտարարեց, որ ըստ շրջանառող կեղծ լուրերի դա սեռական դաստիարակության դպրոցական դասագիրքն է։
«98թ–ի գիրք է։ Այս ֆրակցիայի ներկայացուցիչները պնդում են, որ մենք այս գիրքը պետք է մտցնենք դպրոց։ Կատարյալ սուտ»,– ասաց նա` ակնարկելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։
Իշխանությունը քվեարկությունը կտապալի՞. Մարուքյանը՝ Հարությունյանի պաշտոնանկության մասին
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ի հակադրություն ընդդիմադիր գործընկերների, ելույթից հետո Արայիկ Հարությունյանին ԱԺ ամբիոնից ծափահարություններով ուղեկցեցին։
Նախարարի հետ հարցուպատասխանից ու ելույթներից հետո Ազգային ժողովն իրականացնելու է քվեարկություն՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։
Արայիկ Հարությունյանը քանդում է համակարգեր՝ չառաջարկելով նորերը. Գորգիսյան
Հարցի քննարկման ավարտին, սակայն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա վաղն առավոտյան` այլ օրինագծերի քվեարկությունների շարքում։
Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում հարցապնդում է ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։
«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը», - հավելեց Մարուքյանը։
Հիշեցնենք` երեկ հայտնել էինք, որ Փաշինյանն առավոտյան զանգել է Մարուքյանին և առաջարկել է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի առաջարկը, նաև օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։
Մարտի 1-ին Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։
«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք, ցանկացած հուշագիր ստորագրում եմ»,– ասել էր Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանին հրավիրելով քննարկել իր առաջարկը։
Մարուքյանը շեշտել էր, որ այսկերպ իր ղեկավարած քաղաքական ուժը փոխզիջման է գնում` հանուն երկրում լարվածության թուլացման։
Հիշեցնենք` իր այս առաջարկը Մարուքյանը հնչեցրել էր ի լրումն փետրվարի 28-ին Facebook-ի իր էջում ներկայացրած` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկի։ Դրանով Մարուքյանը վարչապետին առաջարկում էր հետ վերցնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ գլխավոր շտաբի, հինգ բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։
Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից խոստանում է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։


