ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի վաղը։ Լուրը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ հեղափոխական իշխանությունը պաշտպանում է ԿԳՄՍ նախարարին։
«Մենք կարծում ենք՝ Արայիկ Հարությունյանն այս պահին ամենաշատ բողոքի ալիք բարձրացրած, իր կառավարման ոլորտում ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է, և նա պետք է հեռանա»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ելույթներից պարզ էր՝ հարցը կտապալվի իշխող մեծամասնության կողմից։
Անդրադառնալով իշխանության այն հայտարարություններին, թե իրենց դեմ կեղծ քարոզչություն է իրականացվում, Մարուքյանը նշեց՝ պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում իշխող մեծամասնությունն 88 հոգուց է բաղկացած։ Եթե նույնիսկ սուտ քարոզչություն էլ կա, և այդ 88 հոգանոց խումբը չի կարողանում այն հերքել, ուրեմն անելիք չունի։ Նույնը վերաբերում է «սուպերնախարարության» նախարար Արայիկ Հարությունյանին։
«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին
«Ես կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանն այլևս անելիք չունի։ Նա կանգնած է Հայաստանի կրթության համակարգի զարգացման ճանապարհին, և պետք է իր կամքով հեռանա, որովհետև իր թիմակիցները մինչև վերջ պաշտպանելու են նրա բոլոր սխալները»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը:
Մարուքյանը հավելեց, որ իշխանությունը չունի քաղաքական կամք, որ ընդունի իր սխալն ու նոր նշանակում կատարի։
Հիշեցնենք՝ ԼՀԿ-ն այսօր ԱԺ օրակարգ էր բերել Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը: Կուսակցության կոչին հետևած մի խումբ քաղաքացիներ էլ եկել էին ԱԺ դիմաց՝ նույն պահանջով:
Տևական ժամանակ է, ինչ մի խումբ մարդիկ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանց թվում են ՀՅԴ-ական երիտասարդները։
«Ձախողումների շքերթ է». ԼՀԿ-ն պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը