Армянский военнослужащий на боевой позиции

Ադրբեջանում հայտնված սպային առևանգե՞լ են. դեպքերն այլ ընթացք են ստանում

4065
(Թարմացված է 16:44 15.09.2020)
Իրավապաշտպանն իր գոհունակությունն է հայտնում դատախազության որոշման առնչությամբ, քանի որ վստահ է` հայ սպաներն իրենց քաջ հայտնի տեղանքում չեն մոլորվի։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքով քրեական գործ է հարուցվել։ Դատախազության հանրային կապերի բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դատախազության որոշումն իր սրտով է, քանի որ վաղուց էր ասում` հայ զինծառայողներն իրենց քաջ հայտնի վայրերում չեն մոլորվի։

Ալավերդյանը հիշեցրեց` մեր ձեռքի տակ կա 2004թ.-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ կապված ՄԻԵԴ–ի որոշումը, ըստ որի` Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածը (խտրականության արգելք, այսինքն` էթնիկ ատելության հողի վրա կատարված սպանություն)։ Պետք է առաջնորդվել այս որոշմամբ ու մեր հետագա քայլերն էլ իրականացնել սրանից բխող հետևություններ անելով։

«Հիմա մենք մեկ անելիք ունենք. բոլոր հնարավոր հարթակներով` պատգամավորներ, դիվանագիտական մեթոդներ, կառավարություն և հասարակական կազմակերպություններ պետք է միջազգային հարթակներում բարձրացնենք այս խնդիրը։ Պետք է շեշտադրենք, որ Ադրբեջանը հայ սպային առևանգել է նրա էթնիկ պատկանելությունից ելնելով»,–ասաց Ալավերդյանը` հավելելով, որ այս հարցը պետք է դառնա քաղաքական օրակարգի խնդիր` մինչև կհասնենք նրան, որ սանկցիաներ կկիրառվեն Ադրբեջանի դեմ։

Կարմիր խաչը դեռ չի այցելել մոլորված և Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին

Ալավերդյանը նշեց, որ Գուրգեն Ալավերդյանի առևանգմամբ Ադրբեջանը, փաստորեն, ոչ թե ոտնահարում է միջազգային մարդասիրական նորմերը, այլ իրեն հակադրում է դրանց։ Ադրբեջանի պահվածքի մասին անհրաժեշտ է բարձրաձայնել, օրինակ, ԵԱՀԿ–ում, Մարդու իրավունքներով կամ էթնիկական պատկանելիությամբ խտրականության դրսևորումներով զբաղվող հանձնաժողովներում։

Ալավերդյանը վստահ է` Ադրբեջանը նման քայլի է դիմում, որպեսզի իր մարդասպաններին` 2014 թվականին Արցախի տարածքում 2 մարդու սպանության համար կալանավորված Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին փոխանակման միջոցով փորձի հետ վերադարձնի։

Սակայն առաջին հերթին, ըստ Ալավերդյանի, պետք է հասնել նրան, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն այցելեն Ադրբեջանում պահվող Գուրգեն Ալավերդյանին։ Եթե միջազգային կառույցին դա կազմակերպել չի հաջողվում, ըստ իրավապաշտպանի, ապա Հայաստանը պետք է փորձի այլ` երրորդ երկրի միջոցով Ադրբեջանի վրա ներգործություն ունենալ և կազմակերպել այդ տեսակցությունը։

«Միջազգային կառույցը չի կարող հրամայել, նա միայն թույլտվություն պետք է ստանա, իսկ Ադրբեջանը չարամտորեն չի համաձայնում, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցեն հայ սպային»,–ասաց Ալավերդյանը։ Իրավապաշտպանը կարծում է, որ Ադրբեջանն այս ժամանակն օգտագործում է Ալավերդյանի վրա հոգեբանորեն ազդեցություն կիրառելու համար։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

Դատապարտում ենք. ԱԳՆ–ն Ադրբեջանում հայտնված հայ սպայի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Դրանից հետո ադրբեջանական կողմը տեսագրություն տարածեց, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ էր կարդում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։ Sputnik Արմենիան այցելել էր Ալավերդյանի կնոջ տուն, որը վստահեցրել էր` ամուսինը երբեք նման ցանկություն չէր հայտնի։

4065
թեգերը:
Կարմիր խաչ, Լարիսա Ալավերդյան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Լեռնային Ղարաբաղ, Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Սպա, Գուրգեն Ալավերդյան
Ըստ թեմայի
«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին
Ի՞նչը կարող է «ստիպել» ՄԻԵԴ–ին պատժել Սաֆարովին ու Ադրբեջանին, կամ Հայաստանի վերջին հույսը
Հայ սպաների նկատմամբ Ադրբեջանի պահանջով Ինտերպոլով հետախուզում չի արվում. ոստիկանություն
Կիրականացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ խոսնակը՝ սպա Ալավերդյանի մոլորվելու մասին
Մեր զինծառայողը սպա է և գտնվում է Ժնևյան 3-րդ կոնվենցիայի պաշտպանության ներքո. Ալավերդյան
Ռոբերտ Քոչարյանի դատ. արխիվային լուսանկար

Դատարանը հետաձգեց Քոչարյանի պաշտպաններին հավասար «զենքերով» օժտելու միջնորդությունը

2
Մեղադրող դատախազը դատարանում հայտարարեց, որ դատավարության ընթացքում պաշտպանության կողմը փորձում է փոխել մեղադրանքի պաշտպանության «զենքերը»՝ ըստ իր հարմարության։ Մինչդեռ իրենք են որոշում՝ ինչ ապացույցներով մտնել դատարան։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր դատարանում պնդեցին դատական նախորդ նիստում ներկայացրած իրենց միջնորդությունը` «Մարտի 1»-ի`դեռևս նախաքննության փուլում գտնվող մայր գործի բոլոր նյութերն իրենց տրամադրելու վերաբերյալ։

Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ելույթում նշեց, որ այս պարագայում մեղադրանքի ու պաշտպանության կողմերն «անհավասար զենքերով» են մենամարտում, քանի որ տիրապետում են տարբեր ծավալի տեղեկությունների։

«Այստեղ առանց կանոնների մենամարտ չէ, որ ով ինչ եղանակով ուզի, փորձի իրենն առաջ տանել։ Այստեղ պետք է դատավարական կանոնների, սկզբունքների պահպանմամբ փորձել հավասարության հասնել։ Եթե այդ կանոններն անտեսվում են, «զենքերի հավասարությունը» կիրառելի չի լինի»,– ասաց Խուդոյանը։

Մեղադրող կողմը Քոչարյանի փաստաբանների այս միջնորդությունն «անհիմն» որակեց` դատարանից խնդրելով մերժել այն:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ասաց` պաշտպանության կողմը դատական պաշտպանության հավասարությունը փորձում է տարածել սույն վարույթից դուրս գտնվող տեղեկությունների վրա։

«Մենք չենք ներկայացրել որևէ փաստարկ, որ չկա քրեական գործում ու չենք պատրաստվում ներկայացնել մի փաստարկ, որին հակադարձելու հնարավորություն պաշտպանական կողմը չի ունենա, այդ պարագայում գործ կունենանք պաշտպանության իրավունքի խախտման, անհավասար «զենքերի» հետ, բայց սույն գործով մեր ունեցած «զենքը» դատարան ներկայացված փաստական տվյալներն են, որ առկա են դատական գործում»,- ասաց Բաղդասարյանը:

Մեղադրող դատախազի դիտարկմամբ` պաշտպանության կողմն այս կերպ փորձ է անում փոխել մեղադրանքի պաշտպանության «զենքերը»՝ ըստ իր հարմարության։

Մինչդեռ մեղադրանքի կողմն ինքն է որոշում՝ ինչ ապացույցներով մտնի դատարան, օրինակ` ցույցերի խաղաղ լինել-չլինելու վերաբերյալ։

Երկարատև քննարկումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը` մինչ գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը:

Ի դեպ, հիշեցնենք, որ այս միջնորդությունը պաշտպանական կողմը ներկայացրել էր մեկ շաբաթ առաջ` դատական նախորդ նիստում դատարանին միջնորդելով Հատուկ քննչական ծառայությունից պահանջել և իրենց տրամադրել «Մարտի 1»-ի՝ նախաքննության փուլում գտնվող մայր գործի նյութերը։

Քոչարյանի պաշտպանները կարծում են, որ դրանցում, հնարավոր է` իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը հերքող ապացույցներ լինեն:

Հիշեցնենք` դատարանում քննվող գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։

Բացի այդ, Քոչարյանը մեղադրվում է նաև «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերությանը տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ տրամադրելու նպատակով ընկերության տնօրեն Սիլվա Համբարձումյանից գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար։

Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։

Նույն գործով ամբաստանյալի կարգավիճակում են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

 

2
թեգերը:
պաշտպան, Մարտի 1, դատ, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան
Производство медицинских дезинфицирующих средств

Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել

4
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քննչական կոմիտեից ստացած տվյալների հիման վրա ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել։

Օրեր առաջ սպիրտային թունավորման դեպքեր էին գրանցվել։ Մտահոգություններ էին հնչում, թե հնարավոր է՝ թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտն օգտագործված լինի նաև ալկոգելերում։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քննչական կոմիտեից ստացած տվյալների հիման վրա ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում:

«Մասնավորապես, նախապես վաճառքից հանվել են մեթիլ սպիրտի վաճառք իրականացրած իրավաբանական անձի կողմից արտադրված ալկոգելերի տարբեր խմբաքանակներ, ապա լաբորատոր փորձաքննության են ենթարկել դրանք։ Ըստ արդյունքների` վերոնշյալ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված ալկոգելերը չեն պարունակել մեթիլ սպիրտ կամ մարդու առողջության համար վտանգ ներկայացնող այլ թունավոր նյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում, 15-ը՝ Երևանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։

Նման բան 1-ին անգամ է պատահում. ինչու բժիշկներին չհաջողվեց փրկել խմիչքից թունավորվածներին

Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը` անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Քննչական կոմիտեն հորդորում էր, որ բոլոր նրանք, ովքեր օղի են գնել Հովսեփյանից չխմեն այն։

«Թունավոր» խմիչքի վաճառքն ու ոլորտի բացերը. ի՞նչ լուծումներ է առաջարկում Պիպոյանը

Sputnik Արմենիան այցելել էր Արմավիր` Աշոտ Հովսեփյանի բնակության վայր` դեպքի առնչությամբ մանրամասներ իմանալու։ Նրա հարևաններն ասում էին, որ Աշոտը հանուն շահի օղու մեջ ոչ պիտանի սպիրտ չէր կիրառի և, ամենայն հավանականությամբ, նրա «գլխին սարքել են»։ Հովսեփյանն այս պահին կալանավորված է։

4
թեգերը:
փորձաքննություն, Ալկոգել, Հայաստան
Ըստ թեմայի
Սուպերմարկետներից խմիչքներ գողացողին ոստիկանները հայտնաբերել են. տեսանյութ
Արմավիրում թունավորվել են անհայտ ծագման խմիչքից. 2 մարդ մահացել են, 3-ը՝ հոսպիտալացվել
Կեղծ ալկոհոլային խմիչքի գործարան Վանաձորում. կատարվում է քննություն
«Բուրգեր Քինգն» ալկոհոլային խմիչք վաճառելու թույլտվություն չի ունեցել