Արթուր Վաղարշյան

«Նախորդ անգամ բոլոլա չսարքեցի, չէ՞». ՍԴ դատավորի թեկնածուն որոշել է հաշտարարի դեր կատարել

56
(Թարմացված է 15:33 14.09.2020)
Արթուր Վաղարշյանն Ազգային ժողովում անդրադարձավ այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ երկրորդ անգամ է իր թեկնածությունն առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանն արտառոց ոչինչ չի տեսնում, որ նախագահը երկրորդ անգամ է առաջադրել իր թեկնածությունը։ Վաղարշյանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում` ՍԴ դատավորների ընտրության քննարկման ժամանակ։

Նշենք, որ ԱԺ  նիստի այսօրվա օրակարգում ՍԴ դատավորների ընտրության հարցն է։ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: Վաղարշյանը նախորդ տարի նույնպես նախագահի կողմից առաջադրվել էր որպես ՍԴ դատարանի թեկնածու, սակայն խորհրդարանը մերժել էր նրա թեկնածությունը։

«Նախորդ ընտրության գործընթացը որևէ կապ չունի այս ընտրության հետ։ Նախորդն  անցավ-գնաց. ես չեմ հավակնում նախորդ տեղին, այլ հավակնում եմ նոր ընթացակարգով թափուր մնացած տեղին։ Ես չեմ համարվում թեկնածու, որն այս տեղի համար մեկ անգամ արդեն իսկ տապալվել է, և հիմա երկրորդ անգամ է առաջադրվելու։ Եթե ես ինքս այդպես համոզված լինեի, չէի առաջադրվի»,–ասաց Վաղարշյանը։

Նա նշեց, թե իր թեկնածության համար շատ են հնչում հարցեր` ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, որ կրկին նրա թեկնածությունն են առաջադրել։ Վաղարշյանը կատակեց`  այն է փոխվել, որ աղջիկն արդեն երրորդ կուրսում է սովորում, փոքրիկը` դպրոց է գնում, իսկ տղան` բանակ է գնացել։

Իշխանության հետ «մութ» պայմանավորվածությո՞ւն կա. պատասխանում է ՍԴ դատավորի թեկնածուն

Վաղարշյանի խոսքով` երբ նախորդ անգամ չընտրվեց, ցուցամոլ  չդարձավ և հեռուստատեսությամբ բոլոլա  չսարքեց` հասկանալով, որ ՍԴ դատավորի ընտրությունը վերածվել էր արդեն իսկ քաղաքական գործընթացի։ Իսկ հիմա որոշեց նորից առաջադրվել, քանի որ կարծում է` իր նման մարդիկ կարող են ընդդիմության և իշխանության միջև հաշտարարի դեր կատարել։

Իսկ ինչ վերաբերում է լուրերին, թե նա ինչ-ինչ կուլիսային պայմանավորվածությունների մեջ է`Վաղարշյանն ասաց, որ կուլիսային խաղացող չէ և կուլիասային խաղերում ուժեղ չէ։ ՍԴ դատավորի թեկնածուն վստահեցրեց` որևէ պայմանավորվածություն ինչ–որ մեկի հետ չունի։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը։

Ավելի վաղ` հունիսի 30-ին, ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

ՍԴ դատավորի թեկնածուն ասել է` որն է համակարգի թիվ մեկ խնդիրը

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը՝ պատգամավորների 3/5-րդի ձայներով:

 

56
թեգերը:
Հայաստան, Սահմանադրական դատարան, ԱԺ, թեկնածու, Դատավոր, Արթուր Վաղարշյան
Ըստ թեմայի
Էդգար Շաթիրյանը դեռևս կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն չէ. Մակունց
Ինչու Շաթիրյանին որպես ՍԴ դատավորի թեկնածու որոշեցին առաջադրել միայն հիմա. «Ժողովուրդ»
Կյանքում չարժե որևէ բան բացառել. ՍԴ դատավորի թեկնածուն խոսել է «Իմ քայլի» հետ հանդիպումից
Ինչու Վահրամ Ավետիսյանը հրաժարվեց ՍԴ դատավոր դառնալուց. «Ժողովուրդը» մանրամասնում է
Տիգրան Փարվանյան

«Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ»․ Փարվանյանը` հայ-ռուսական զորավարժությունների մասին

25
(Թարմացված է 17:34 24.09.2020)
«Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունների մարտավարական գործողություններին մասնակցեցին հայ զինծառայողները, սահմանապահներն ու ռուսական ռազմակայանի զինվորականները։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական համատեղ զորախմբի զորավարժության նպատակը մեկ հրամանատարության ներքո գործելն է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» զորավարժությունների պրակտիկ փուլը։

«Հայ-ռուսական խմբավորման զորավարժություններին միացել են սահմանապահ ուժերը։ Այսօր ավարտվեց կրակային փուլը, վաղն էլ են կրակելու, իսկ բուն զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 26-ը», -ասաց նա։

Սցենարի համաձայն՝ հակառակորդը խախտել է սահմանն ու հայկական տարածք է մտել։ Հայ-ռուսական զորախումբը հետ է շպրտել հակառակորդին ու վերականգնել պետական սահմանի վերահսկողությունը։

Զորավարժություններին մասնակցել է մոտ 1,5 հազար զինծառայող, օգտագործվել է մինչև 300 միավոր տեխնիկա (հիմնականում՝ զրահատեխնիկա)։

«Շանթ-2020». Հայաստանում զորավարժություն կանցկացվի

«Մասնակցել են բանակային տարբեր կորպուսի հայկական զորամասերը, սահմանապահներն ու 102-րդ ռուսական բազայի ստորաբաժանումները», - նշեց Փարվանյանը։

Զորավարժությունների ընթացքում խաղարկվել են նոր էլեմենտներ, որոնք այս պահին բարձրաձայնման ենթակա չեն։

Գեներալ–լեյտենանտը գոհ է զորավարժություններից։ «Երբ ընդհանուր զորավարժությունը վերջացնենք, կլինեն համապատասխան մարդիկ, որոնք կխրախուսվեն, սպասում եմ ստորաբաժանումների հրամանատարների զեկույցներին` ովքեր են աչքի ընկել, ով ինչպիսի խոցում է իրականացրել, որպեսզի կարողանամ մարդկանց խրախուսել ըստ արժանվույն»,– ասաց նա։

Խոսելով համատեղ զորավարժությունների կարևորության մասին`Փարվանյանը կարծիք հայտնեց, որ հայ և ռուս զինծառայողները, սահմանապահները պետք է կարողանան գործել միասնական հրամանատարության ներքո` հակառակորդի հետ արդյունավետ պայքարելու համար։

«Այդ ներդաշնակությունը ես տեսնում եմ», – ասաց նա։

Փարվանյանի խոսքով` իհարկե կային նաև թերություններ։ «Անթերի գործ չի լինում, բայց այդ թերություններն այնքան չնչին են, որ ես ասում եմ` մեր մարտական խնդիրը այսօր կատարեցինք։ Սակայն դրանք չխանգարեցին կատարել դրված առաջադրանքը»,– ավելացրեց գեներալ –լեյտենանտը։

Հարցին, թե արդյոք վարժանքները որևէ մեկին ուղղված ուղե՞րձ են, Փարվանյանը բացասական պատասխան տվեց։

«Սա մեր մարտական ծրագրի կատարումն է, որը մենք տարեսկզբին մշակել ենք համատեղ Հարավային ռազմական օկրուգի հետ ։ Համաձայն այդ ծրագրի` շարժվում ենք առաջ։ Այսպիսի միջոցառում պետք է իրականացնեինք նաև ապրիլին, բայց համավարակի պատճառով չարեցինք։ Այսպիսի միջոցառումներ լինելու են տարին երկուսից երեք անգամ, սա առաջին անգամը չէ և ոչ մեկին ուղղված ուղերձ չէ. մենք մեր գործն ենք անում», – շեշտեց Փարվանյանը։

«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։

25
թեգերը:
Տիգրան Փարվանյան, զինծառայող, Ռուսաստան, Զորավարժություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Վաղ առավոտից ՀՀ զորամասերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ
Ի՞նչ կապ կա ՀԱՊԿ զորավարժությունների ու տավուշյան դեպքերի միջև. պարզաբանում է Վերանյանը
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին
Գագիկ Ծառուկյան

«Պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը». պաշտպան

66
(Թարմացված է 17:05 24.09.2020)
Պաշտպանական կողմը Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի արդար դատաքննության իրավունքը խախտվել է: Տեղեկությունը Facebook-ում գրել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նրա խոսքով` պաշտոնատար անձինք անօրինական միջամտել են Գագիկ Ծառուկյանի դատաքննությանը, ինչի հետևանքով որոշվել է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի պաշտպանական կողմի բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի և Ծառուկյանը կալանավորվի։

«Ընդ որում, «որոշվել» է վճռաբեկ բողոքներն այն ժամկետներում մերժել և այն ժամկետներում գործը մուտքագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի այն մակագրվի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով էլ արագ կարգով պետք է քննի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացնի», – գրել է պաշտպանը` փաստացի մեղադրելով դատավորին կոռուպցիայի մեջ։

Սարգսյանը հայտնել է նաև, որ պաշտպանական կողմը Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին։

«Հաղորդման մեջ նաև մատնանշվել են իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց կողմից կատարված այնպիսի գործողություններ, որոնք վկայում են Ծառուկյանի գործով այդ անձանց ակնհայտ շահագրգռվածության և խտրական վերաբերմունքի վերաբերյալ։ Հանգամանքները հիմք են տալիս պնդելու, որ Ծառուկյանի` արդար դատաքննության իրավունքն ինչ-որ պաշտոնատար անձանց կողմից դիտավորյալ կերպով խախտվում է», – գրել է Ծառուկյանի պաշտպանը։

Էլփոստով ծանուցել են, հեռախոսով` հիշեցրել, բայց Ծառուկյանն ու պաշտպանները դատին չեն գնացել

Իր գրառման վերջում Սարգսյանը հույս է հայտնել, որ իրավասու մարմինները կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն` հանցնաք կատարած անձանց պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք` հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է «Պարտեզի» սպանության գործով

66
թեգերը:
պաշտպան, պաշտոնյա, Դատարան, դատ, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
«Ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկություն չունեմ». Ծառուկյանը նշում է խնդիրները
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Կրկին քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրություն

Ռուսաստանում սկսել են COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկել ռիսկային խմբերի վրա

0
(Թարմացված է 18:03 24.09.2020)
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավարը հայտնել է, որ ռիսկային խմբի կամավորների թվում են նաև տարեց մարդիկ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik.  Գամալեայի անվան ինստիտուտը սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ իրականացնել ռիսկային խմբերի կամավորների վրա։ Այս մասին հայտարարել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` փորձարկումներին մասնակցող ռիսկային խմբում ընդգրկված են նաև տարեց մարդիկ։

«Եկեք սպասենք հետազոտությունների արդյունքներին, բայց բոլոր դեպքերպում մեր պատվաստանյութը պակաս ռիսկային է, քանի որ այն հիմնված է մարդու ադենովիրուսի վրա։ Տարեցների համար մենք որևէ բացասական ազդեցություն չենք ակնկալում։ Մայրս և հայրս, որոնք 74 տարեկան են, ևս կամավորների ծրագրի շրջանակում պատվաստվել են և իրենց հիանալի են զգում», – ասել է Դմիտրիևը։

Նշենք, որ օգոստոսին Ռուսաստանն առաջինն է աշխարհում գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութ, որը ստեղծվել է Գամալեայի կենտրոնի և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի կողմից։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Զանգվածային պատվաստումը կմեկնարկի դեղամիջոցի արտադրության ծավալների աճին և հետգրանցային ուսումնասիրություններից հետո ստացված տվյալների հավաքագրմանը զուգընթաց։

ՌԴ-ում չեն բացառել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարեն նախկին ԽՍՀՄ երկրներ

Ռուսաստանում զուգահեռաբար փորձարկվում է ևս 4 պատվաստանյութ, որոնք ստեղծել են «Վեկտոր» կենտրոնը, Չումակովի անվան ինստիտուտը, չինական Sinopharm և անգլո–շվեդական AstraZeneca ընկերությունները։

 

0
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը
Ոչնչացնել ռուսական պատվաստանյութը. մեծ քաղաքականության մանր հնարքները
Ո՞ւմ է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը. պարզաբանում է փորձագետը