Արմեն Սարգսյան. արխիվային լուսանկար

Ինչպես է եղել, որ Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում կրկին առաջադրել է նախկինում «մերժվածին»

36
(Թարմացված է 14:18 14.09.2020)
Էմիլ Տարասյանը պատասխանեց ՍԴ դատավորի պաշտոնում նախագահի կողմից առաջադրված թեկնածուի մասին պատգամավորներին հուզող հարցին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանին երկրորդ անգամ են առաջադրել, քանի որ վերջինս է նման ցանկություն հայտնել։ Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը` արձագանքելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նույն խորհրդարանին մեկ անգամ չընտրված թեկնածուին նորից ներկայացնելը։

Նշենք, որ ԱԺ նիստի այսօրվա օրակարգում ՍԴ դատավորների ընտրության հարցն է։ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Վաղարշյանը նախորդ տարի նույնպես նախագահի կողմից առաջադրվել էր որպես ՍԴ դատարանի թեկնածու, սակայն խորհրդարանը մերժել էր նրա թեկնածությունը։

«Եղել է հայտարարություն, և նրանք առաջադրել են իրենց թեկնածուին։ Ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, և առավել դրական կարծիք հավաքած թեկնածուները ներկայացվել են ՀՀ նախագահին։ Արդյունքում թեկնածուներից մեկը` Գոռ Հովհաննիսյանը, հրաժարվել է իր թեկնածությունն առաջադրել, իսկ Վաղարշյանը համաձայնել է։ Նախագահն էլ առաջադրել է նրան»,–ասաց Տարասյանը։

Իշխանության հետ «մութ» պայմանավորվածությո՞ւն կա. պատասխանում է ՍԴ դատավորի թեկնածուն

Հարցին, թե, այնուամենայնիվ, անհարմար չէ՞ նորից նույն թեկնածուին առաջադրելը, Տարասյանը հիշեցրեց, որ այժմ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին նույնպես ՀՀ նախագահը երկու անգամ էր ներկայացրել ԱԺ–ին։

Տարասյանի խոսքով` քանի որ Վահե Գրիգորյանը երկու անգամ առաջադրվել է, ապա արդարացի չէր լինի Վաղարշյանին նման հնարավորություն չտալ։

«Անհարմար իրավիճակի մեջ ընկնելու հարց չկա։ Հարգելով աշխատանքային խմբի անդամների ցանկությունը, նախագահը չի մերժել նրանց իրավունքի իրացումը»,–ասաց Տարասյանը։

Քիչ անց Վաղարշյանը հանդես կգա ելույթով, պատգամավորներն էլ նրան հարցեր կուղղեն։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը։

Ավելի վաղ` հունիսի 30-ին, ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Ինչո՞ւ փակեց «Ա 1+»–ը, նախկինների հետ ո՞նց էր. ՍԴ դատավորի թեկնածուին փորձեցին «նեղը գցել»

Դրանից հետո երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թեկնածուներ պետք է առաջադրեին կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։

Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով:

36
թեգերը:
Սահմանադրական դատարան, Հայաստան, Նախագահ, Դատավոր, Արթուր Վաղարշյան
Ըստ թեմայի
Կյանքում չարժե որևէ բան բացառել. ՍԴ դատավորի թեկնածուն խոսել է «Իմ քայլի» հետ հանդիպումից
ՔՊ–ն նիստ է հրավիրել. ՍԴ դատավորի թեկնածության հա՞րցն են քննարկելու
Հայտնի է կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն
Под эгидой Президентов Армении и Италии в резиденции президента Армена Саркисяна открылась выставка выдающихся произведений итальянского искусства (24 сентября 2020). Ереван

ՀՀ նախագահի նստավայրում կցուցադրվեն 18-րդ դարի իտալական կտավներ

2
Ցուցադրությունը բացվել է Հայաստանի և Իտալիայի նախագահների` Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելլայի բարձր հովանու ներքո։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահի նստավայրում այսօրվանից կցուցադրվեն 18-րդ դարի իտալական կտավներ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Կտավները բացառիկ նմուշներ են, որոնք պատկանում են իտալացի անվանի վարպետներ Ջովանի Անտոնիո Կանալետոյի, Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկիի վրձնին:

Ցուցադրությունը բացվել է Հայաստանի և Իտալիայի նախագահների` Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելլայի բարձր հովանու ներքո։

Բացման խոսքում Արմեն Սարգսյանը նշել է, որ այն Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև պատմական և ներկայիս սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների վկայությունն է:

«Այս ցուցահանդեսն իրականում երկկողմ է, որովհետև, ըստ պայմանավորվածության, մենք ունենալու ենք մեր ցուցահանդեսն Իտալիայում, նկարները ցուցադրվելու են Իտալիայի նախագահի պալատում: Իմ` Իտալիա նախատեսվող պետական այցի ընթացքում ծրագրում եմ ինձ հետ տանել մեր մեծագույն վարպետների մինչև մեկ տասնյակ գործեր»,– ասել է նախագահը։

Միջոցառմանն իտալական կողմից մասնակցել է նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, որը Սարգսյանին ողջույններ է փոխանցել Մատարելլայի կողմից։

«Ցուցադրված այս չորս կտավները պատահական ընտրության արդյունք չեն, դրանցից յուրաքանչյուրն ունի հատուկ իմաստ: Չորս կտավները ներկայացնում են 18-րդ դարը, որը բացառիկ ժամանակաշրջան է հայ-իտալական երկկողմ հարաբերությունների համար»,– նշել է դեսպանը։

Սարգսյանն էլ անդրադարձել է իտալական մշակութային բնօրրան Վենետիկի «հայկակականությանը» և հայ լսարանի համար հարազատ լինելուն։

«Վենետիկը մեզ մոտ է բազմաթիվ պատճառներով՝ Մխիթարյան միաբանության, հայ վաճառականների, Վենետիկի համալսարանի հայագիտական կենտրոնի: Ինչ-որ իմաստով Վենետիկը նաև հայկական քաղաք է»,– հավելել է Սարգսյանը։

Նշենք, որ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստան է այցելել 2018-ի հուլիսին, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով 2019–ի նոյեմբերին մեկնել է Հռոմ։

2
Տիգրան Փարվանյան

«Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ»․ Փարվանյանը` հայ-ռուսական զորավարժությունների մասին

28
(Թարմացված է 17:34 24.09.2020)
«Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունների մարտավարական գործողություններին մասնակցեցին հայ զինծառայողները, սահմանապահներն ու ռուսական ռազմակայանի զինվորականները։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական համատեղ զորախմբի զորավարժության նպատակը մեկ հրամանատարության ներքո գործելն է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» զորավարժությունների պրակտիկ փուլը։

«Հայ-ռուսական խմբավորման զորավարժություններին միացել են սահմանապահ ուժերը։ Այսօր ավարտվեց կրակային փուլը, վաղն էլ են կրակելու, իսկ բուն զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 26-ը», -ասաց նա։

Սցենարի համաձայն՝ հակառակորդը խախտել է սահմանն ու հայկական տարածք է մտել։ Հայ-ռուսական զորախումբը հետ է շպրտել հակառակորդին ու վերականգնել պետական սահմանի վերահսկողությունը։

Զորավարժություններին մասնակցել է մոտ 1,5 հազար զինծառայող, օգտագործվել է մինչև 300 միավոր տեխնիկա (հիմնականում՝ զրահատեխնիկա)։

«Շանթ-2020». Հայաստանում զորավարժություն կանցկացվի

«Մասնակցել են բանակային տարբեր կորպուսի հայկական զորամասերը, սահմանապահներն ու 102-րդ ռուսական բազայի ստորաբաժանումները», - նշեց Փարվանյանը։

Զորավարժությունների ընթացքում խաղարկվել են նոր էլեմենտներ, որոնք այս պահին բարձրաձայնման ենթակա չեն։

Գեներալ–լեյտենանտը գոհ է զորավարժություններից։ «Երբ ընդհանուր զորավարժությունը վերջացնենք, կլինեն համապատասխան մարդիկ, որոնք կխրախուսվեն, սպասում եմ ստորաբաժանումների հրամանատարների զեկույցներին` ովքեր են աչքի ընկել, ով ինչպիսի խոցում է իրականացրել, որպեսզի կարողանամ մարդկանց խրախուսել ըստ արժանվույն»,– ասաց նա։

Խոսելով համատեղ զորավարժությունների կարևորության մասին`Փարվանյանը կարծիք հայտնեց, որ հայ և ռուս զինծառայողները, սահմանապահները պետք է կարողանան գործել միասնական հրամանատարության ներքո` հակառակորդի հետ արդյունավետ պայքարելու համար։

«Այդ ներդաշնակությունը ես տեսնում եմ», – ասաց նա։

Փարվանյանի խոսքով` իհարկե կային նաև թերություններ։ «Անթերի գործ չի լինում, բայց այդ թերություններն այնքան չնչին են, որ ես ասում եմ` մեր մարտական խնդիրը այսօր կատարեցինք։ Սակայն դրանք չխանգարեցին կատարել դրված առաջադրանքը»,– ավելացրեց գեներալ –լեյտենանտը։

Հարցին, թե արդյոք վարժանքները որևէ մեկին ուղղված ուղե՞րձ են, Փարվանյանը բացասական պատասխան տվեց։

«Սա մեր մարտական ծրագրի կատարումն է, որը մենք տարեսկզբին մշակել ենք համատեղ Հարավային ռազմական օկրուգի հետ ։ Համաձայն այդ ծրագրի` շարժվում ենք առաջ։ Այսպիսի միջոցառում պետք է իրականացնեինք նաև ապրիլին, բայց համավարակի պատճառով չարեցինք։ Այսպիսի միջոցառումներ լինելու են տարին երկուսից երեք անգամ, սա առաջին անգամը չէ և ոչ մեկին ուղղված ուղերձ չէ. մենք մեր գործն ենք անում», – շեշտեց Փարվանյանը։

«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։

28
թեգերը:
Տիգրան Փարվանյան, զինծառայող, Ռուսաստան, Զորավարժություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Վաղ առավոտից ՀՀ զորամասերում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ
Ի՞նչ կապ կա ՀԱՊԿ զորավարժությունների ու տավուշյան դեպքերի միջև. պարզաբանում է Վերանյանը
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին