Սուրբ Աստվածածին եկեղեցի

Խաչվերաց կամ Սբխեչ. Հայ առաքելական եկեղեցին նշում է տաղավար տոներից վերջինը

300
(Թարմացված է 09:32 14.09.2020)
Հայոց տարբեր ազգագավառներում տոնն ունեցել է անվան տեղական տարբերակներ՝ պայմանավորված բարբառային առանձնահատկություններով, ինչպես Սփխեչ, Սըփ խաչ, կամ ծիսական որևէ բաղադրիչով՝ Ուլնոց, Խրով, որոնք կապված են եղել տոնի ծիսական կերակրի՝ ուլ խորովելու հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Այսօր` սեպտեմբերի 13-ին, Հայ առաքելական եկեղեցին տոնում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։

Խաչվերացը հնուց ի վեր հայ ժողովրդի համար ամենակարևոր տոներից է եղել։ Ինչպես յուրաքանչյուր ժողովրդական տոն, Խաչվերացը նույնպես համընկնում է տնտեսական տարվա որոշակի փուլի, մասնավորաբար՝ բերքահավաքի ավարտին և աշնանացանին։ Արարատյան հայրապետական թեմի կայքում հետաքրքիր մանրամասներ են գրված տոնի մասին։

Хачверац. Воздвижение Животворящего Креста Господня
Խաչվերաց. Տիրոջ կենարար խաչի վերականգնում

Մի շարք բնակավայրերում տարեպտույտը հաշվել են Խաչվերացից Խաչվերաց՝ կապված աշնանային օրահավասարի հետ։ Թեև տոնն ունի եկեղեցական օրացույցով ամրագրված օր՝ սեպտեմբերի 11-ից 17-ը հանդիպող կիրակի, սակայն որոշ բնակավայրերում տատանվել է ամսվա տարբեր օրերի։ Ուստի սեպտեմբեր ամիսը ժողովուրդը կապել է Խաչվերացի հետ և հաճախ անվանել Խաչ-խաչին ամիս։

Հայոց տարբեր ազգագավառներում տոնն ունեցել է անվան տեղական տարբերակներ՝ պայմանավորված բարբառային առանձնահատկություններով, ինչպես Սփխեչ, Սըփ խաչ, կամ ծիսական որևէ բաղադրիչով՝ Ուլնոց, Խրով, որոնք կապված են եղել տոնի ծիսական կերակրի՝ ուլ խորովելու հետ։ Տոնին նախորդում է շաբաթապահք, և քանի որ խաղողի առատ լինելու պատճառով պահքի ընթացքում շատ են խաղող կերել, ուստի հարևան քրդերը տոնն անվանել են Նան ու Տրի, այսինքն՝ Հաց ու խաղողի տոն։ Ռեհան օրհնիլ անունը կապված է ծիսական արարողության հետ, երբ երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցու բակում ծաղիկներով և առավելապես խաչի ծաղիկ համարվող ռեհանով զարդարված հանդիսավոր խաչաթափորը շրջերթով անցնում է, իսկ հոգևորականը վարդաջուր է ցողում հավատացյալների վրա։

Խաչվերացի առանցքային մաս են կազմել ուխտագնացությունները։ Ինչպես փաստում են գրավոր սկզբնաղբյուրները և բանավոր ավանդությունը, գրեթե յուրաքանչյուր բնակավայր ունեցել է տոնի իր ուխտատեղին։ Ուխտավայրերն ի հայտ են եկել դեռևս վաղ շրջանից, երբ VII դ. պարսկական գերությունից ազատագրված Խաչափայտն անցել է Հայաստանով և իր կնիքը դրել հայոց մի շարք տեղանունների վրա, դարձել նոր սրբատեղիների առաջացման առիթ։ Այդպիսիք են Կարնո աշխարհի Խաչափայտ գագաթը, Թովմա Առաքյալ վանքը։ Զորավոր սրբատեղի է եղել Կարնո լեռների ստորոտոմ գտնվող Սբ. Խաչկավանքը։ Ըստ ավանդության, երբ Հիսուսի գերեդարձվող խաչափայտն այստեղ կանգ է առնել, նույն տեղից հրաշքով սկսել է սառնորակ աղբյուր բխել։ Համաձայն մեկ այլ ավանդության՝ այս վանքը կառուցվել է Խաչափայտի մասունքի վրա, որը Հերակլ կայսրը տվել է իր զինվորներին կերակրող մի բարեպաշտ կնոջ, ով մասունքն ամփոփել է և վրան վանք հիմնել։ Վայոց Ձորի մարզում է գտնվում ամենանշանավոր ուխտատեղի Արկազի Սբ. Խաչ վանքը, որի հիմքում, ըստ ավանդության, Հիսուսի Խաչափայտից մի մասունք է ամփոփված։ Սյունիքի Ծիծեռնավանքը, Տաթևի վանքը, Շաղաթի Սբ. Գևորգը նույնպես տոնի նշանավոր ուխտատեղիներ են եղել։ Հավատացյալների թափորը սրբատեղիներ է շտապել տոնից օրեր առաջ։

Նրանց շարքում շատ են եղել նաև վատառողջները, որոնք անվերապահորեն ապավինելով Սուրբ Խաչի բժշկարար զորությանը, հաղթահարել են դժվարանց ճանապարհները։ Ցայսօր Սուրբ Խաչ անունը կրող բոլոր վանքերը, եկեղեցիներն ու սրբատեղիները տոնի գլխավոր ուխտատեղիներն են։

Ուխտավայրերում, եկեղեցական հոգեպարար արարողությանը մասնակցելուց հետո սկսվել է տոնական մատաղի բաժանումն ու ճաշակումը, որին հաջորդել է համընդհանուր ուրախությունը, երգն ու պարը, խաղային մրցությունները։ Տոնին նախորդող շաբաթվա ընթացքում արգելվել են հարսանիքները։ Սակայն նորանշաններն ու նորապսակները, ինչպես մյուս տոներին, Խաչվերացին նույնպես, հարազատների ուշադրության կենտրոնում են գտնվել և նրանց կողմից, որպես նվեր, ստացել գաթայով, հալվայով, տոնական ուտեստով և աշնանային բարիքներով լի սկուտեղներ։

Հայ ժողովրդի ընկալումներում Խաչվերացի տոնը կապվում է նաև նախնիների հիշատակման հետ, քանի որ այն մահին հաղթանակած զենք է և հավիտենական կյանք տանող ուղի։ Խաչվերացի մեռելոցին բոլորը շտապել են գերեզմաններ, որտեղ շիրիմների օրհնությունից հետո հենց գերեզմանատան տարածքում նստել են հասարակական բացօթյա հացկերույթի։ Գերեզմաններ այցելելիս անպայման խաղող են տարել։ Որոշ վայրերում մահվան մեկ տարին չլրացած հանգուցյալ ունեցող ընտանիքներում ոսպով շորվա (մսով ու ձավարով կամ յուղով ու ձավարով ապուր) են եփել կամ փայնաքոշ (համեմով հաց) թխել և որպես հոգեբաժին՝ բաժանել։

08.09. Ինչպես ճիշտ նշել Խաչվերացը

Տոնի ավանդական կերակուրներից են հարիսան, ուլի խորովուն, որից առաջինը բաժին են հանել նոր հանգուցյալ ունեցող ընտանիքներին, մատաղը, որի կենդանուն ընտրել են տոնից ամիսներ առաջ և առանձնահատուկ խնամել։

Խաչվերացը, կարծես, ազդարարել է աշնանամուտը, ինչն արտացոլվել է ժողովրդական ասույթներում. «Աստվածածնա՝ բակը մտիր, Սըբ խաչին՝ ծակը մտիր», «Խաչ՝ վերմակը առ, ներս փախիր», ինչը նշանակում է, որ եղանակն այլևս զով է, և ժամանակն է տանիքի տակ քնելու։

300
թեգերը:
Հայաստան, ավանդույթ, տոն, Եկեղեցի, Խաչվերաց
Дорожный знак при въезде в общину Гегамасар

«Խուճապ չկա, տրամադրությունը մարտական է». Գեղամասարի մոտակայքում ԱԹՍ–ներ են խոցվել

0
Չնայած պարբերաբար հնչող կրակոցներին Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղը, որը գտնվում է Ադրբեջանի սահմանին, ապրում է իր կյանքով։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են համայնք։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժն առավոտից գնդակոծում է նաև ՀՀ Վարդենիսի շրջանի սահմանամերձ բնակավայրերը։ Կրակի տակ է նաև Գեղամասար գյուղը։ Այս կողմերում նաև հակառակորդի անօդաչու թռչող սարքեր են երևացել։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Ավետյանը գյուղ այցելած Sputnik Արմենիայի թղթակիցներին հավաստիացրեց, որ գյուղում խուճապ չկա։

«Կոնկրետ մեր գյուղ անօդաչու թռչող սարքերը չեն հասել, բնակչությունը վախեցած չէ։ Պլանային տարհանում ևս չի իրականացվում, թեև ամեն մեկն ազատ է գյուղից դուրս գալու համար։ Մենք ամուր շենքեր ունենք, որոնք կարող են որպես ապաստան ծառայել», - ասաց Ավետյանը։

Գյուղացիները մեր թղթակցին պատմել են, որ այսօր գյուղից քիչ հեռու ադրբեջանական 4 անօդաչու սարք է խոցվել: Գյուղի մերձակա մարտական դիրքերը շարունակվում են զանգվածային գնդակոծության ենթարկվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։

Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

0
թեգերը:
դիրքեր, Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, գյուղացի, Գյուղ, Գեղարքունիքի մարզ, Գեղամասար
Акция протеста союза молодежи АРФ Дашнакцутюн возле офиса ООН в связи с эскалацией в Карабахе (29 сентября 2020). Еревaн

ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել

33
(Թարմացված է 15:26 29.09.2020)
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկումը նախատեսված է այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21։00–ին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի երիտասարդները ՄԱԿ-ից պահանջում են հրաժարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությունից։ Այս պահանջով ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունն այսօր երթ է կազմակերպել դեպի ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակ։

«Պահանջը մեկն է, որ միջազգային կառույցները հրաժարվեն երկակի ստանդարտներից և հստակ գնահատական տան` ով է ագրեսորը, ինչպես նաև հստակ գնահակատական տան Թուրքիայի ներգրավվածությանը կոնֆլիկտին, որը հանգեցրել է տարածաշրջանում լարվածության աճին և նոր մարդկային կորուստների»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Ակցիայի մասնակիցները հիշեցրին, որ ՄԱԿ–ն ունի ստանձնած պարտավորություններ անդամ երկրների նկատմամբ։

ՄԱԿ–ի հստակ գնահատականը Արցախում տեղի ունեցող պատերազմին ու դրանում ներագրավված կողմերին, ակցիայի մասնակիցների համոզմամբ` կանխելու է հետագայում նման գործողույունների հնարավորությունը։

Փաշինյանն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

«Ռազմական ճակատում պարտություն կրելուց հետո Ադրբեջանը պետք է նաև դիվանագիտական ճակատում հստակ արձագանքներ ստանա, և հաջորդ անգամ շատ ավելի երկար մտածի նման ոտնձգություն սկսելուց առաջ»,– ասաց Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այսօր քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քննարկումը նախատեսված է այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 21։00–ին։

Քննարկումը նախաձեռնել է Էստոնիան։ Հարցի քննարկման ժամանակ նախատեսվում է կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախում տիրող իրավիճակի հարցով արտահերթ հանդիպում կանցկացնի

33
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020