ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջնորդություն է ներկայացրել ֆուտբոլիստ Մալաքյան եղբայրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՖՖ–ի մամուլի ծառայությունից։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ: Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ:
Նշենք, որ երեկ «Արարատ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները ազատ արձակվեցին Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից։ Նշենք, որ եղբայրների դեմքին վնասվածքներ, սալջարդերի հետքեր կային։ Նրանք նշեցին, որ այդ հետքերի ու ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի մասին մանրամասն կխոսեն հետո։
Մալաքյան եղբայրները ձերբակալվել էին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։
Հիշեցնենք՝ Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով`օգոստոսի 30–ին Կասկադում ֆուտբոլիստ եղբայրների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի պատճառը եղել է այն, որ «Փյունիկ» ՖԱ-ի խաղացող Արաս Օզբիլիսը որոշել է մեքենան կայանել Կասկադի հարակից տարածքում։ Երբ ոստիկանները ցանկացել են տուգանել նրան ոչ ճիշտ տեղում կայանելու համար, նույն մեքենայից դուրս են եկել Մալաքյան եղբայրները, որոնք սկսել են վիճաբանել ոստիկանների հետ և հայհոյանքներ հնչեցնել։ Տղաները ոստիկաններից պահանջել են չտուգանել Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին։ Այդ պահին միջադեպին ականատես է եղել մեկ այլ ոստիկան, որն իր կնոջ հետ է եղել։ Նա փորձել է կարգի հրավիրել եղբայրներին, բայց նրանք վիճաբանությունը շարունակել են նաև վերջինիս հետ։
Հայտնի է` ինչն է եղել ոստիկանների ու Մալաքյան եղբայրների վեճի պատճառը. մանրամասներ
Օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։
Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել


