ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր որոշեց փոփոխություններ և լրացումներ անել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ կփոխհատուցվի գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով գյուղացիների կորցրած կամ ոչնչացված ցանկացած տեսակի գույք:
Միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի այն քաղաքացիներին, որոնք ռազմական գործողությունների հետևանքով առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամ են դարձել (համապատասխանաբար՝ երեք, երկու և մեկ միլիոն դրամ աջակցություն):
Մահացածների ընտանիքներն էլ հինգ միլիոն դրամ միանվագ աջակցություն կստանան:
Աջակցությունը կգործի 38 բնակավայրերի (16 համայնք) մասշտաբով:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Փաշինյանը ցույց է տվել, թե ինչպես է վերականգնվում ադրբեջանական հրետանուց տուժած Այգեպարը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։
«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։
«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, սակայն խուսափում է պատասխանել պատգամավորների հարցերին։ Նշենք, որ այս պահին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանն է ընթանում։
Նախ ԼՀԿ–ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ի վերջո ինչու էր արվել «Իսկանդերների» հետ կապված հայտնի հայտարարությունը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց` Փաշինյանն ունի՞ ապացույցներ մարտի 1-ին արված հայտարարության վերաբերյալ, թե ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի հրաժարականն է պահանջել Սերժ Սարգսյանի հրամանով։
Երկու հարցերին էլ «պատասխանեց» փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ասելով, թե երկու հարցերի առնչությամբ էլ հնչել են անհրաժեշտ բոլոր պատասխանները, և եթե կարիք լինի, վարչապետը նորից կանդրադառնա այդ հարցերին։
Մարուքյանն իր զարմանքը հայտնեց, թե ինչու Փաշինյանն ինքը հարցին չի պատասխանում, սակայն փոխվարչապետը շրջանցեց այս հարցը։
Դրանից հետո ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանը նույնպես հարց ուղղեց Փաշինյանին` շեշտելով, որ հենց նրան է ուզում հարցն ուղղել` հետաքրքրվելով, թե ինչու է բանակի ղեկավարությունը պահանջում Փաշինյանի հրաժարականը, այդ ի՞նչ կարմիր գիծ է հատել նա։
Հարցին կրկին պատասխանեց փոխվարչապետը` հավելելով, որ հարցերին պատասխանողի ընտրությունն իրենց իրավասությունն է։ Ավինյանը նշեց, որ ԳՇ պետն ու նրա ենթակաները քաղաքականության հետ չպիտի կապ ունենան։ «Քաղաքական հայտարարություններ անելը չի մտնում նրանց իրավասության մեջ, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը»,–ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է սահմանները հատելու մասին հարցին, Ավինյանը նշեց, որ իրենք թաքուն չեն գործում, թաքուն գործում են ընդդիմադիր ուժերը։
Սամսոնյանն էլ հակադարձեց, թե գուցե Ավինյանն ուզում է վարչապետ դառնալ, դրա համա՞ր է հարցերին պատասխանում Փաշինյանի փոխարեն։
Հիշեցնենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։


