«Ձյունիկ սառնարանի» պայթեցման աշխատանքներ

«Ձյունիկը» հողին հավասարվեց. պայթուցիկ նյութի հետ կապված խնդիրը կպարզի հետաքննությունը

240
(Թարմացված է 17:49 24.08.2020)
ԱԻՆ աշխատակիցները շենքը փորձում էին պայթեցնել հուլիսի 1-ին, 8-ին և 28-ին, սակայն բոլոր փորձերն ապարդյուն էին։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը 4-րդ անգամ պայթեցնելուց րոպեներ անց փլվեց։ Տեսանյութից երևում է, որ շենքի փլուզումը նույնիսկ աշխատանքը համակարգողների համար էր անսպասելի։

«Շենքի մեջտեղի հատվածը իջեցրինք առաջին պայթյունից հետո, երկրորդ և երրորդ անգամ խնդիր ունեցանք պայթուցիկ նյութի հետ` 80 տոկոսը չպայթեց։ Ստիպված էինք այնպես պայթեցնել, որ շենքը դանդաղ իջնի։ Հետաքննությունը կպարզի` ինչու չեն պայթել նյութերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց պայթեցման աշխատանքները համակարգող Վազգեն Պետրոսյանը։

Մինչ բոլորը նայում էին 4-րդ պայթյունից հետո կանգուն մնացած շենքին, Պետրոսյանը նշեց, որ շենքի նոր պայթեցում չի լինի, քանի որ այդ շենքի հետնամասում մեկ այլ շենք կա, որը չի կարելի վնասել։ Մասնագետը բացատրեց, որ շենքը առաջ է գալու ու դեպի աջ փլուզվի։

Կանխատեսումից րոպեներ անց «Ձյունիկի» շենքը փլուզվեց։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին` ժամը 17:00-ին, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ընկերությունը պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ կատարեց Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարանի» շենքում։ Սակայն շենքի որոշ հատված մնացել է կանգուն։

2020-ի հունիսի 28–ին «Ձյունիկ սառնարանի» շենքում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էին 36 փրկարար և 11 միավոր տեխնիկա։ Դեպքի վայրում աշխատանքները վերահսկում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Ինչպես պարզվել էր՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում այրվել էին փրփրապլաստ և ապակե մանրաթել (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 35 քմ)։ Հրդեհաշիջման աշխատանքները հատկապես բարդացնում էր այն հանգամանքը, որ այրվող հարկերում պատուհաններ չկան:

«Ձյունիկ սառնարանի» շենքը կպայթեցնեն. ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել

2019թ.–ի օգոստոսի 19-ին դարձյալ հրդեհ էր բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում: Այն մարելու համար հրշեջներից 6 օր պահանջվեց։

Մասնագետների գնահատմամբ` նման բարդության հրդեհ Հայաստանում վերջին 15 տարում չէր գրանցվել:

«Ձյունիկի» այրվող շենքում պատուհաններ չկան. հրշեջներն աշխատում են բարդ պայմաններում

240
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), պայթուցիկ, պայթյուն, հրդեհ, «Ձյունիկ սառնարան»
Ըստ թեմայի
Ինչու չեն կարողանում մարել «Ձյունիկ սառնարանի» հրդեհը. պարզաբանում է ԱԻՆ–ը
Երբ պատերը կրակից հալվում են. «Ձյունիկ սառնարան» կոմբինատի հրդեհի մարման կադրերը
«Ձյունիկ սառնարանի» հրդեհից հետո 1015 տոննա միս է ոչնչացվել. կառավարությունը կփոխհատուցի՞
Արխիվային լուսանկար

ՀՖՖ ներքո անցկացվող ֆուտբոլային հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվում են

17
(Թարմացված է 23:57 29.09.2020)
Հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջիկա հանդիպումները:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ռմբակոծումը, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման վայրի տեղափոխությունը Կիպրոս, այսօրվանից սկսած, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՖՖ–ի հաղորդմամբ` հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ սեպտեմբերի 30-ին նախատեսված բոլոր հանդիպումները:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հոկտեմբերի 1-ին նախատեսված հանդիպումը կկայանա Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Այն նախապես ծրագրված էր անցկացնել Երևանում։

Ստեղծված իրավիճակի պատճառով «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Կիպրոսում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսի պայթյունից հետո բարեկարգման աշխատանքները չեն դադարել

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

 

17
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, ՀՖՖ, ֆուտբոլ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

666
(Թարմացված է 23:00 29.09.2020)
ՀՀ պաշտպանության ներկայացուցիչը թվեր հրապարակեց։ Նա խոսեց Ադրբեջանի կորուստների մասին և հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։ Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի։

«Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ»,– նշեց նա։

Մարտերը շարունակվում են, բոլոր հարձակողական գրոհները հետ են մղվում` հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով։

«Այսօր աննախադեպ էր նրանով, որ հարձակման ենթարկվեց նաև ՀՀ Վարդենիսի տարածաշրջանը ավիացիոն, հրթիռային, օդային հարձակման այլ միջոցներից, մասնավորապես` ԱԹՍ–ներից։ Ցավոք, այսօր ունեցանք նաև կորուստ։ Թուրքական F-16 կործանիչները, որ երկար ժամանակ գտնվում էին Ադրբեջանի տարածքում, առաջին իսկ օրվանից մասնակցում էին ադրբեջանական օդուժի գործողությունների համակարգմանը, և այդ մասին մենք հայտնել էինք, խոցեցին հայկական Սու–25 ինքնաթիռը»,– ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ մեր կողմի կորուստներն այս պահին ամփոփվում են, հավանաբար կներկայացվեն վաղը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձեցին հերքել թուրքական կործանիչի մասին լուրը, բայց դա, նրա խոսքով, արեցին շատ անհնարամիտ ձևով և ծիծաղելի բառապաշարով` նշելով, որ նման ինքնաթիռ ադրբեջանական ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ չկա։ Հովհաննիսյանն ընդգծեց`մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը չունի նման կործանիչներ, դրանք թուրքական են, և հենց այդ մասին է ասվել։

Նա հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

«Դրանք ևս հավանաբար համակարգել է F-16 կործանիչն իր անձնակազմով»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

666
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Արայիկ Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությանը նաև Սեյրան Օհանյանն է մասնակցել
Հայ զինծառայողները մեկ կադրում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Акция протеста армянской общины у посольства Азербайджана в Париже (29 сентября 2020). Париж

Պաստառներ՝ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

0
(Թարմացված է 00:54 30.09.2020)
Տավուշյան իրադարձություններից հետո Ֆրանսիայում հայերի նկատմամբ համակրանքը զգալիորեն աճել է հիմնականում Էդողանի հանդեպ ֆրանսիացիների հակակրանքի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հարյուրավոր հայեր հավաքվել են Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանրահավաքի տեսանյութերը սոցցանցերում հրապարակել են Ֆրանսիայի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերը։

Ցուցարարները հայերեն ու ֆրանսերեն կարգախոսներ են վանկարկել․ նրանք դատապարտել են Ադրբեջանին ու վերջինիս բացահայտ աջակցություն ցուցաբերող Թուրքիային։

Ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայում հետաքրքրված են հակամարտության գոտում տիրող իրավիճակով, քանի որ նման զարգացումներ երբևէ չեն եղել։ Ֆրանսիացիներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողություններին, որին այստեղ չափազանց բացասական են վերաբերվում՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմին միջամտելու ու Լիբանանում իրավիճակը ապակայունացնելու ֆոնին։ Նա շեշտեց, որ այդ պատճառով Թուրքիան ֆրանսիացիների համար համարվում է եթե ոչ թշնամի, ապա ռազմական մրցակից։

Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան պատուհաններից հակահայկական քարոզչություն պարունակող ֆրանսերեն գրություններով պաստառներ են կախել։ Եկավյանն ընդգծեց, որ Ադրբեջանն առաջին անգամ է Ֆրանսիայում բացահայտ հակահայկական քարոզչություն իրականացնում։

Հանրահավաքի ժամանակ սադրանքներ չեն եղել, բայց Եկավյանի խոսքով՝ պետք է զգոն լինել, հաշվի առնելով սպառնալիքներն ու սադրանքները, հիշեցնելով թուրք ազգայնականների մասին, որոնք հուլիսի վերջին փորձում էին տապալել հայկական ցույցը Լիոնի մոտակայքում գտնվող Դեսին Շարպ քաղաքում։ Այդ խմբավորումների ղեկավարն արդեն դատապարտվել է։

«Առաջին անգամն է, որ ֆրանսիական հասարակութիւնը յատկապէս աջակողմեան թեւը, բայց ոչ միայն, զորակցությիւն կը ցուցաբերեն հայերու նկատմամբ եւ կըհետաքրքրին, թեեւ ուրիշ անկիւնով, իրենց հասկացողութեամբ, որ գլխավոր դրդապատճառը եւ պատասխանատուն Էրդողանն է եւ ոչ այլ երկրի ղեկաւար»,- ասաց Եկավյանը։

Տավուշում հուլիսին Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիայի համեմատ իրավիճակը զգալիորեն լավացել է։ Այն ժամանակ ֆրանսիական մամուլում ադրբեջանամետ հրապարակումներ էին նկատվում, այժմ դրանք չկան։ Բայց ըստ մեր զրուցակցի՝ պետք է ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել, որ Ղարաբաղի հանդեպ չհիշատակվի միայն «անջատողական» տերմինը, ինչպես հիմա է։

Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի ազդեցությունը նախկինի պես զգացվում է, թեև այն ավելի թույլ է, քան նախկինում։ Կորոնավիրուսային վարակի պատճառով կրճատվել է որոշ պարբերականների ու առանձին լրագրողների հովանավորությունը, նաև հաճելի նվերներով ուղևորությունները, որոնք նրանց համար կազմակերպում էր Բաքուն։ 

Այստեղ հայերին շատ ակտիվ աջակցություն են ցուցաբերում հույներն ու ասորիները՝ դարձյալ ընդհանուր սպառնալիքի ֆոնին։ Համացանցում նրանց համայնքները շատ ակտիվ են, ընդ որում՝ ոչ միայն Ֆրանսիայում։

«Նաեւ Կիպրոսի մէջ ունենք ընկերներ, որոնք կը զորակցին իրենց օգուտը կըբերեն յօդուածներ գրելով եւ տարածելով մեր տեսլականները ընկերային ցանցերու մէջ։ Նոյնպէս նկարը ստացայ ասորի ընկերներու որոնք զինուած մարտիկներ են Սուրիոյ մէջ, որոնք պատրաստ են Հայաստան գնալու եւ օգնելու իրենց եղբայրներուն։Մեծ զորակցությիւն կա հայերի նկատմամբ»,- նշեց Եկավյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020