ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ հետճգնաժամային զարգացման առաջին ծրագրին մասնակցելու համար արդեն ավելի քան 300 ընկերություն է հայտ ներկայացրել։
Հակաճգնաժամային միջոցառումների շարքում այս ծրագիրը թվով 19-րդն է և առաջինը, որն ուղղված է ոչ թե բիզնեսի ընթացիկ վիճակին աջակցելուն, այլ ճգնաժամից հետո զարգանալուն։
Մասնավորապես, Հայաստանի կառավարությունը արտոնյալ վարկերի երաշխիքներ կառաջարկի այն ընկերություններին, որոնք ցանկանում են զրոյից բիզնես սկսել, կամ այն ձեռնարկություններին, որոնք գործում են ոչ ավել, քան երեք տարի և ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը:
«Պարզ է, որ նոր բիզնեսը հազիվ թե վարկային պատմություն կամ բավարար գրավ ունենա։ Նման ընկերությունների համար մենք դեռ մի քանի տարի առաջ ենք սկսել «Հաջող սկիզբ» ծրագիրը, իսկ այսօր պարզապես զարգացնում ենք այն», – նշեց Մարգարյանը։
Սկզբնական փուլում վարկային երաշխիքներ տրամադրելու համար կառավարությունը 1.5 մլրդ դրամ կհատկացնի։ Ծրագրին մասնակցող բանկերը տարեկան 7-10% իրական տոկոսադրույքով վարկ կտրամադրեն մինչև 60 ամիս ժամկետով` արտոնյալ մինչև 6 ամիս ժամկետի հնարավորությամբ։ Նոր ձեռնարկություններին կարող է տրամադրվել մինչև 10 մլն դրամ վարկ, իսկ մինչև երեք տարի գործողներին` մինչև 20 մլն։ Հայտատուն իր կողմից պետք է ֆինանսական երաշխավորություն ներկայացնի։ Մինչև երեք տարի գործող ընկերությունների համար պարտադիր կլինի վարկային լավ պատմություն ունենալու պահանջը։
Մարգարյանի խոսքով` այս ծրագրում նախևառաջ հաշվի են առնվելու հայտատուի ոչ թե ակտիվները կամ ընթացիկ ֆինանսական վիճակը, այլ նրա ծրագրի հեռանկարները։ Այլ կերպ ասած` կառավարությունը որոշակի առումով վենչուրային հիմնադրամի դերում հանդես կգա։
«Իհարկե, մենք պետք է զգույշ լինենք պետական միջոցները ծախսելիս, այդ պատճառով հիմնվելու ենք բանկերի` հաճախորդների ռիսկերի գնահատման փորձի վրա։ Սակայն հիմնական շեշտն այնուամենայնիվ դնելու ենք ծրագրի, նրա հեռանկարների վրա։ Միևնույն ժամանակ գնահատելու ենք ոչ թե ինքնին գաղափարը, այլև դրա մշակման խորությունն ու լրջությունը, ինչպես նաև ընկերության աշխատակազմի որակավորումը», – ընդգծեց փոխնախարարը։
Նախևառաջ խթանվելու են Հայաստանի համար նոր արտադրությունները կամ նախագծերը, որոնք նոր տեխնոլոգիաներ են կիրառելու (օրինակ` էներգախնայողության)։ Այժմ քննարկվում են այն չափանիշները, որոնցով գնահատվելու է նախագծի նորարարության աստիճանը։
Կա ևս մեկ պահանջ. նոր նախագծերը պետք է իրականացվեն մարզերում։ Սա նոր աշխատատեղեր ստեղծելու ևս մեկ ձև է նրանց համար, ովքեր այս տարի չեն կարողացել սեզոնային աշխատանքի մեկնել։ Ապագայում դա թույլ կտա նրանց աշխատել Հայաստանում արդեն մշտական հիմունքով։
Բիզնես պլանը նախապատրաստելու համար հայտատուները դասընթացներ կանցնեն, որոնք կտևեն մի քանի շաբաթ։ Նրանք ոչ միայն առցանց դասախոսություններ կլսեն, այլև տնային առաջադրանքներ կանեն ու կընթերցեն առաջարկվող գրականությունը։ Հաջորդ մոդուլների հնարավոր կլինի անցնել միայն նախորդ մոդուլի բոլոր առաջադրանքները կատարելուց ու ստուգարքներ հանձնելուց հետո։
«Ուսուցման ընթացքում մենք առանձնացնում ենք նրանց, ովքեր առավել մոտիվացված են բիզնես գիտելիք ձեռք բերել», – հավելեց Մարգարյանը։
Դասընթացները կանցկացնեն թե՛ առանձին ոլորտների (ֆինանսների, մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի գծով) և ընդհանուր հարցերի մասնագետները, որոնց ցանկացած ժամանակ հնարավոր կլինի դիմել խորհուրդ ստանալու համար։
«Հետագայում մենք ուզում ենք այս նախագիծը բիզնեսի համար մշտական առցանց դպրոցի վերածել, որը կօգնի սկսնակ ձեռնարկատերերին», – ասաց փոխնախարարը։
Կրթական ծրագրին կարող են մասնակցել բոլորը, այդ թվում` երևանյան ձեռնարկությունները։ Նրանք կկարողանան ֆինանսավորում ստանալ, եթե արտադրություն սկսեն կամ մասնաճյուղ բացեն մարզերում։
Բիզնեսի երկարաժամկետ աջակցման նաև այլ ծրագրեր են քննարկվում։ Դրանցից մեկի համաձայն` պետությունը ժամանակավոր ներդրում կանի ձեռնարկության կապիտալում` աստիճանաբար դուրս գալով այնտեղից և հետ վաճառելով իր բաժնետոմսերը։ Ընդ որում` այս պարագայում ևս գնահատվելու է ծրագրի հեռանկարն ու ակնկալվող ֆինանսական հոսքերը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականին հակաճգնաժամային աջակցությանը (տնտեսական և սոցիալական) ընդհանուր առմամբ 150 մլրդ դրամ կհատկացնի, որից 80 միլիարդը կուղղվի ձեռնարկությունների վերականգնմանն ու նոր արտադրությունների ստեղծմանը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել


