Զարեհ Սինանյան

ՀՀ կառավարությունը պատրաստ է վերականգնել Բեյրութում ավերված շինություններից մի քանիսը

82
(Թարմացված է 15:44 07.08.2020)
Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց, թե ինչ նպատակով է հայկական պատվիրակությունը մեկնում Լիբանան։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Հայաստանի կառավարությունը պատրաստ է ստանձնել Բեյրութում ավերված մի քանի շինությունների վերականգնումը։ «Բեյրութ աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով առցանց քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Սինանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հրաչյա Հակոբյանի հետ վաղը կմեկնի Բեյրութ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Օգոստոսի 8-ին Լիբանան կուղարկվի նաև առաջին հումանիտար ինքնաթիռը՝ 12 տոննա բեռով։

Սփյուռքի հանձնակատարը նշեց, Հայաստանն օգնություն կուղարկի Լիբանանի կառավարության ներկայացրած ցուցակի հիման վրա: Ինչ վերաբերում է այցին, ապա այն նպատակ ունի հասկանալու տեղի ունեցածի մասշտաբները, տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու, թե ինչով Հայաստանը կարող է օգնել Լիբանանին երկարաժամկետ հեռանկարում։

«Հայաստանի կառավարությունը պատրաստ է ստանձնել ավերված որոշ շինությունների վերականգնումը, պարզապես պետք է տեղում տեսնենք այդ ամենը և իրատեսորեն որոշենք, թե ինչը կարող ենք մեզ վրա վերցնել։ Այստեղ մի նուրբ հարց կա: Բնական է, որ մենք որպես պետություն, չենք ուզում տպավորություն ստեղծել, թե Լիբանան ենք գնում՝ հայերին օգնելու: Դա սխալ ուղերձ է Լիբանանի համար: Հետևաբար գնում ենք, որպեսզի օգնություն հասցնենք Լիբանանի ժողովրդին, որի մեջ մտնում է նաև հայ համայնքը»,- նշեց Սփյուռքի հանձնակատարը։

Սինանյանը պատրաստվում է նաև քննարկել լիբանանահայերի հայրենադարձության հարցը։ Նրա խոսքով՝ նրանցից շատերը պատմական հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնում։ Վերջին երեք շաբաթվա ընթացքում Լիբանանից Հայաստան է ժամանել չորս ուղևորատար ինքնաթիռ՝ 300 հայ ներգաղթյալներով։

Գրեթե բոլորը մեկ ուղղությամբ են տոմս գնել, շատերն այստեղ արդեն անշարժ գույք են ձեռք բերել և պատրաստ են մնալ Հայաստանում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն էլ նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերից սկսած՝ արդեն երկու անգամ ֆինանսական օգնություն է ցուցաբերվել Լիբանանի հայկական ուսումնական հաստատություններին (դեկտեմբերին՝ 150 հազար ԱՄՆ դոլար և մայիսին՝ 55 հազար ԱՄՆ դոլար):

Երեկվանից նաև դրամահավաք է սկսվել. հանգանակված միջոցները կուղղվեն կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում լիբանանահայերին օգնելուն: Մեկ օրվա ընթացքում կայքում արդեն մոտ 40 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 130 մարդ է մահացել, տուժածների թիվը հասել է 5 հազարի: Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Աղետալի պայթյունի զոհ է դարձել 13 հայ, տուժել են մոտ 250 հայեր։

82
թեգերը:
Զարեհ Սինանյան, Բեյրութ, Հայաստան
թեմա:
Պայթյուն Բեյրութում (47)
Ըստ թեմայի
Բեյրութում պայթած քիմիական նյութը քաղցկեղածին չէ. ո՞ր դեպքում այն կարող է վտանգավոր լինել
Գրիգոր Ջաբոթյանի նորաձևության տունը Բեյրութի պայթյունի հետևանքով փլատակների է վերածվել
Մոմավառություն Երևանում՝ ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպում. արխիվային լուսանկար

Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը

2
(Թարմացված է 11:52 05.03.2021)
Հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։

«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր  կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։

Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։

 Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

2
թեգերը:
Իվետա Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայրենիքի փրկության շարժում, Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Արխիվային լուսանկար

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

8
(Թարմացված է 11:42 05.03.2021)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:

«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

8
թեգերը:
Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
«Ռուսական երկաթուղիներից» հաստատել են` ՀԿԵ–ի շուրջ բոլոր տարաձայնությունները վերացվել են
«Փրկիր կյանքը». ՀԿԵ-ն վարորդներին հիշեցրել է անվտանգության կանոնների կարևորության մասին
«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին