ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է չգրանցված աշխատատեղերի խնդրին։
«Մենք պարբերաբար ստանում ենք օպերատիվ տեղեկատվություն, որ տարբեր հարկ վճարողներ սահմանված կարգով չեն ձևակերպել իրենց վարձու աշխատողներին։ Ստանում ենք նաև տեղեկատվություն այն մասին, որ աշխատողները ձևակերպված են, սակայն եկամտի չափը պակաս է գրանցված»,– ասաց նա։
Վահան Չարխիֆալակյանը լրագրողների հետ զրույցում բացահայտեց նաև այն մարտավարական հնարքները, որոնցով հարկային մարմնի աշխատակիցները բացահայտում են նման դեպքերը։
Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը
«Մենք այս տիպի տնտեսվարողների հետ աշխատելիս մեր աշխատանքները սկսում ենք արդեն իսկ աշխատանքից ազատված վարձու աշխատողների հետ` նրանց եկամտի չափը ճշտելով, քանի որ վերջիններս որևէ կաշկանդվածություն չեն ունենում մեզ իրենց եկամտի իրական չափն ասելու»,– պատմեց պաշտոնյան։
Այդուհանդերձ, այսօրինակ դեպքերը վարչության աշխատակիցների կատարած ընդհանուր բացահայտումների ու հարուցված քրեական գործերի հաշվեկշռում, Վահան Չարխիֆալակյանի խոսքով, այնքան էլ շատ չեն։ Շատ ավելի մեծ թիվ են կազմում իրական եկմուտներն ու շրջանառությունը թաքցնելու դեպքերը։
«Հարկ վճարողները մեծամասամբ հակված են ինքնակամ շտկելու թաքցված շրջանառության իրական ծավալները` դրանք ուռճացնելով ու որպես ծախս ներկայացնելով, քանի որ առկա իրավակարգավորումներով այդ կերպ խուսափում են նաև լրացուցիչ տույժ–տուգանքների վճարումից»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է փոխկապակցված բիզնեսներին, 2020թ.–ի հունվար–հուլիս ամիսների ընթացքում վարչության աշխատակիցները նման 100 հարկ վճարողների են հայտնաբերել։
Որքանո՞վ են ավելացել ՀՀ խոշոր հարկատուների վճարած հարկերը. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել
Այս դեպքում ևս Չարխիֆալակյանը լրագրողներից չթաքցրեց, թե ինչպես են իրենք փաստեր հավաքում երկու կամ ավելի բիզնեսների փոխկապակցված լինելու մասին։
«Եթե մենք հստակ գիտենք, որ երկու տնտեսվարողների իրական սեփականատերը հանդիսանում է մեկ անձ, նրա կողմից է ղեկավարվում, մենք մի խանութից կատարում ենք հսկիչ գնում, այնուհետև այդ գնված ապրանքը փոխում ենք երկրորդ խանութում, կամ մի խանութում ստանում ենք զեղչի քարտ, դա օգտագործում նք մյուս խանութում»,– ասաց նա` նման տնտեսվարողներին զգուշացնելով, որ սա իրենց բազմաթիվ մեթոդներից ընդամենը մեկ–երկուսն են։
Բազմաթիվ հարկ վճարողներ էլ իրենց հարազատների, ընկերների, բարեկամների անուններով գրանցում են կազմակերպություններ ու արհեստականորեն տրոհում են իրենց բիզնեսը, որպեսզի որպես փոքր բիզնես` քիչ հարկ վճարեն, ինչը ևս քրեական օրենսգրքով նախատեսված արարք է։
Հնարամիտ գործարարները գտել են նաև ԵԱՏՄ տարածքից ապրանք ներկրելու ու դրա դիմաց չհարկվելու ձևը։ Վահան Չարխիֆալակյանը լրագրողներին պատմեց, որ վերջինները պետռեգիստրում իրենց ընկեր–բարեկամների անունով տարբեր ընկերություններ են գրանցում, դրանց անվամբ ապրանքներ ներկրում, եկամուտ ստանում, իսկ երբ գալիս է հարկերը վճարելու ճամանակը, կեղծ սնանկացման գործընթաց են սկսում այդ ընկերություններում։
Չարխիֆալակյանի ներկայցրած վիճակագրության համաձայն` 2020 հունվար– հուլիսին ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից ընդհանուր առմամբ 1750 օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել, բացահայտվել է հարկային չարաշահումների 731 դեպք, որոնց արդյունքում պետությանը հասցված վնասը կազմել է 2.8 մլրդ դրամ։
«Կարգապահ հարկատուն ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա` անկախ վարակից». Գրիգորյան
Համեմատության համար նշենք, որ 2019թ.–ին բացահայտված չարաշահումների ընդհանուր գումարը 431 մլն դրամ էր։
Բացահայտված փաստերով հարուցվել է 89 քրեական գործտնտեսական գործունեության հարկային բնույթի հանցագործությունների, 14 քրգործ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, 83 քրգործ` թմրամիջոցների և հոգեմետ դեղերի մաքսանենգության դեպքերով։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել


