ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Caucasus Online» ինտերնետ–պրովայդերի մագիստրալային կապուղու բաժնետոմսերի 49%–ն ադրբեջանցի գործարարին վաճառելու լուրը մտահոգություն է առաջացրել Հայաստանում։ Փորձագետների գնահատականներով` գործարքը տարածաշրջանային հանգույց դառնալու հնարավորություն կտա Բաքվին, ինչին վերջինս ձգտում է արդեն մի քանի տարի։ Ավելին, դա թույլ կտա ադրբեջանական կողմին եթե ոչ մոնիթորինգ իրականացնել, ապա առնվազն վերլուծել հայկական ինտերնետ–թրաֆիկը։
Տեղեկատվական անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտի փորձագետը (նա չցանկացավ, որ իր անունը հրապարակվի) Sputnik Արմենիային ասաց, որ «Caucasus Online»–ի գնումը ռազմավարական առումով Ադրբեջանին շատ մեծ հնարավորություններ է տալիս, կոպիտ ասած` արձակում է Բաքվի ձեռքերը։
Այս հարցում նրա հետ համամիտ են նաև Վրաստանի փորձագետները։ Շատերն արդեն սուր քննադատության են ենթարկել ինտերնետ–պրովայդերին։ Միևնույն ժամանակ Երևանում առաջարկում են հավանական ռիսկերը նվազեցնել միասին` վրացական կողմի հետ համագործակցությամբ։
«Caucasus Online» վրացական ընկերությունը Սև ծովի հատակով Վրաստանից դեպի Բուլղարիա գնացող օպտիկական մալուխի օպերատոր է։ Սա ինտերնետ–թրաֆիկի խոշորագույն կապուղի է Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև։ Ընկերության գլխավոր բաժնետերերը վրացի ներդրողներն են, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։
Վրաստանի խորհրդարանը հուլիսի 17-ին 88 «կողմ» ձայնով «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքում ընդունեց կառավարության և Վրաստանի հազորդակցությունների ազգային հանձնաժողովի նախաձեռնած փոփոխությունները։ Դրանք կարգավորիչին (ազգային հանձնաժողովին) իրավունք են տալիս հատուկ կառավարիչներ նշանակել այն ընկերություններում, որոնք չեն կատարում իր պահանջները։
Այնուհետև վրացական ԶԼՄ–ները գրեցին կարգավորիչին շրջանցող գործարքի մասին։ Մասնավորապես, տեղեկություն տարածվեց, որ «Caucasus Online» ընկերության մեծածախ ինտերնետի 49% բաժնետոմսերը վաճառվել են Ադրբեջանին։ Ավելին, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի տեղեկություններով` բաժնետոմսերը վաճառվել են 61 մլն դոլարով։
Նույն ԶԼՄ–ների տվյալներով` բաժնետոմսերը ձեռք է բերել Ադրբեջանի ղեկավարությանը մոտ կանգնած գործարար Նասիմ Հասանովը, որը նաև նավթային բիզնեսում խոշորագույն հոլդինգի` «NEQSOL» ընկերության սեփականատերն է։ Վրացական կողմի տեղեկություններով` ինտերնետ–ընկերության իր մասնաբաժինը վաճառել է Վրաստանի նախկին իշխանություններին մոտ կանգնած (խոսքը Միխեիլ Սաակաշվիլու կառավարման ժամանակաշրջանի մասին է – խմբ.) գործարար Խվիչա Մակացարիան։
Միաժամանակ գործարքի և «Caucasus Online»–ի վաճառքի մասին չեն տեղեկացրել կարգավորիչին` Վրաստանի հաղորդակցությունների գծով ազգային հանձնաժողովին, ինչը փաստացի խախտում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը, որի համաձայն` 5% և ավելի բաժնետոմսերի վաճառքի դեպքում կարգավորիչը պետք է տեղյակ լինի այդ մասին։
Ավելի վաղ «Caucasus Online»–ն արդեն տուգանվել էր «Երկաթուղու տելեկոմի» իր մասնաբաժնի վաճառքի ժամանակ թույլ տված խախտումների համար («Caucasus Online»–ն այդ ընկերությունը գնել էր 2010 թվականին, ինչը նրան թույլ էր տվել մտնել Հարավային Կովկասի տարածաշրջան, ինչպես նաև դուրս գալ Իրան և Իրաք)։
Այս ամբողջ պատմությունը չի վրիպել Վրաստանի փորձագիտական հանրության աչքից, որը խիստ քննադատել է բաժնետոմսերի վաճառքը։ Շատերը հիշեցրել են, որ Բաքուն ցանկանում էր իր ձեռքն առնել ինտերնետ հաղորդակցությունն ու միակ մալուխը, որով Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս 2016 թվականից ինտերնետ կապ են ստանում Եվրոպայից։ Մալուխն անցնում է Սև ծովով։
Միևնույն ժամանակ վաճառքի հարցը փակվել էր քաղաքական մակարդակով Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու այն հայտարարությունից հետո, որ մալուխն ու ընկերությունը չեն վաճառվում, քանի որ ռազմավարական նշանակություն ունեն Վրաստանի համար։
Քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ Բաքուն դրանով փորձում է ստանձնել տարածաշրջանի ինտերնետ–պրովայդերի դերը։
Ինչ վերաբերում է տեղեկատվական անվտանգության ոլորտի հավանական ռիսկերին, ապա նրա խոսքով` դրանք կարող են լինել, բայց նախևառաջ պետք է հասկանալ, թե որքան են ընդլայնվել ադրբեջանական կողմի լիազորությունները։
Միևնույն ժամանակ վրացի որոշ փորձագետները մտավախություն ունեն, որ դա կարձակի Ադրբեջանի ձեռքերը, և նա կսկսի խաղի իր կանոնները թելադրել տարածաշրջանում ։
«Caucasus Online»–ի նախկին սեփականատեր Մամիա Սանադիրաձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում խոսել է նաև դեպի Եվրոպա անկախ մալուխ ունենալու կենսական անհրաժեշտության մասին և ասել, որ դա աքսիոմ է։ Նրա գնահատականներով` անվտանգ ինտերնետ ստանալը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։
Գործարքի մասին տեղեկությունը չէր կարող մտահոգություն չառաջացնել նաև Հայաստանում։ Հայ փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` բաժնետոմսերի վաճառքը չի նշանակում, թե ադրբեջանական կողմը «կվերցնի ու կանջատի» Հայաստանի ինտերնետը։
«Նախ` դա բաժնետոմսերի 49%–ն է, ոչ թե վերահսկիչ փաթեթը, երկրորդ` «Caucasus Online»–ն ամեն դեպքում գտնվում է Վրաստանի տարածքում, ու հազիվ թե Վրաստանի իշխանությունը թույլ տա, որ իր գծերով բլոկադա անեն», – ասաց նա։
Սակայն տեխնիկական մակարդակում դա թույլ կտա ադրբեջանցի գործընկերներին վերլուծել թրաֆիկը, օրինաչափություններ գտնել և դրա հիման վրա որոշակի եզրակացություններ անել։ Դա միանշանակ ձեռնտու է նրանց։
Մյուս կողմից` դեպքերի նման զարգացումը կարող է ազդել մրցակցային բաղկացուցչի վրա և խաթարել Հայաստանի ծրագրերը տարածաշրջանում։
«Նրանք հաստատ հեռահաղորդակցման ենթակառուցվածքը կօգտագործեն սեփական նախագծերն առաջ մղելու և մերը «խեղդելու» համար», – ասաց նա։
Հայ փորձագետի գնահատականով` «Caucasus Online» ընկերության բաժնետոմսերի ձեռք բերումը Ադրբեջանին թույլ կտա նաև արագացնել «TASIM» (հեռահաղորդակցային տարանցում արևմտյան Եվրոպայից մինչև արևելյան Ասիա) նախագծի աշխատանքները։ Այն միավորում է Եվրոպայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի հեռահաղորդակցությունները դեպի կենտրոնական Ասիա և Չինաստան հետագա ելքով։
Այդպիսով, այդ մասի ուժեղացումը կարող է խանգարել Հայաստանի ծրագրերին` դեպի Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա և ավելի հեռու թրաֆիկի տարանցման իր գործառույթն ուժեղացնելու հարցում։
Փորձագետի խոսքով` Հայաստանում այդ նպատակով արդեն ոչ պաշտոնական խումբ է ստեղծվել (ներառում է ինտերնետ–ընկերությունների, օպերատորների ասոցիացիայի և բարձր տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներ), որը զբաղվելու է հայկական ընկերությունների զարգացման ծրագրերի մշակմամբ և տարածաշրջանային տելեկոմ ենթակառուցվածքների, ինչպես նաև Հյուսիս–Հարավ առանցքով տեղական շահերի առաջխաղացմամբ։
Նա Հայաստանին խորհուրդ է տալիս օգտվել Վրաստանում առկա դժգոհությունից և համագործակցել։ Կարևոր է գրագետ առաջ տանել ինչպես սեփական շահերը, այնպես էլ տարածաշրջանային ծրագրերը։
«Միևնույն ժամանակ լայնաշերտ ինտերնետի զարգացման ռազմավարության շրջանակում մենք վրացական կարգավորիչի և նախարարության հետ պետք է պայմանավորվենք Հայաստանն ու Վրաստանը միավորող տարածաշրջանային ենթակառուցվածքներ ստեղծելու համախմբված ջանքերի շուրջ», – ասաց նա։
Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականի նոյեմբերին Sputnik Արմենիային տված հարցազրույցում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Նիկոլոզ Ալավիձեն ասել էր, որ «Caucasus Online» ինտերնետային կապի մագիստրալային կապուղու բաժնետոմսերն առանց համակողմանի քննարկումների չեն վաճառվի։
Տարբեր գնահատականների համաձայն` Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետ–թրաֆիկի շուրջ 80%–ը։ Բացի այդ, Հայաստանը ևս երկու մալուխ է օգտագործում դեպի Ռուսաստան. մեկը` ծովային, մյուսը` ցամաքային։ Թրաֆիկի մոտ 20%–ն էլ բաժին է ընկնում Իրան գնացող մալուխներին։
Ընդ որում` այստեղ հայկական օպերատորները հանդես են գալիս որպես տարանցողներ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջերս` նաև Կատար։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել


