Ոստիկանություն, արխիվային լուսանկար

Կես տարվա արտակարգ կյանք Հայաստանում. դրությունը պահպանվում է, փոխվում են կանոնները

298
(Թարմացված է 21:00 06.08.2020)
Բողոքողը բողոքում է, աշխատողն` աշխատում։ Կառավարության խոստացած որոշ մեղմացումները, փորձագետների համոզմամբ, Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական կյանքում կտրուկ շրջադարձ չեն առաջացնի։

Հայաստանի իշխանությունն արդեն հայտարարել է` ամռան վերջին ամիսն ու աշնան սկիզբը ևս ապրելու ենք արտակարգ դրության պայմաններում։ Արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 12-ից հետո կերկարաձգվի ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 13-ը։ Բայց որոշ արգելքներ ու սահմանափակումներ կմեղմացվեն։ Օրինակ`օտարերկրյա քաղաքացիների մուտքի, ապրանքների արտահանման, հանրահավաքներ ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը։

Թե ինչ լավ ու վատ փոփոխությունների կհանգցնի արտակարգ դրության 6-րդ ամիսը Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում, Sputnik Արմենիան ճշտել է ոլորտի մասնագետներից։

Ձեր բողոքը մեր արտակարգ դրությանը վնաս չէ

Հանրահավաքների ու զանգվածային միջոցառումների արգելքի վերացումը Հայաստանի ներքաղաքական կյանքում կտրուկ փոփոխությունների չի հանգեցնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, պատմաբան Նժդեհ Հովսեփյանը։

Նրա դիտարկմամբ` արտակարգ դրության ողջ ընթացքում քաղաքական որոշ շրջանակներ դժգոհում էին զանգվածային միջոցառումների արգելքից, չնայած քաջ գիտակցում էին, որ զանգվածային մեծածավալ միջոցառումներ անցկացնելու պոտենցիալ չունեն։

«Հետևաբար այդ հայտարարություններն ընդամենը սադրիչ քաղաքական շահարկումների բնույթ ունեին»,– համոզված է վերլուծաբանը։

Նրա խոսքով` շատ մարդիկ, որոնք այս ամիսների ընթացքում խոսում են բողոքի ակցիաներից ու փողոց փակելուց, որևէ գործնական քայլ այդ ուղղությամբ չեն ձեռնարկել, թեև դրա հնարավորությունն ունեցել են նույնիսկ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։ Դրա վառ օրինակն այս օրերին Ամուլսարի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաներն են կամ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների բազմամարդ հավաքները։

«Հանուն արդարության եկեք հիշենք, որ նույնիսկ Գագիկ Ծառուկյանի կալանավորման դեմ լոկալ ակցիաները, որոնք իրականացնում էին ԲՀԿ–ի աջակիցները, ըստ էության իրականացվում էին համաճարակի կանոնների պահպանման կոպիտ խախտումներով, և հիշում եք` նրանց խմբակցության մեծամասնությունը նույնիսկ վարակվեց հենց դրա հետևանքով»,– հիշեցրեց Հովսեփյանը։

Փոխարենը` արգելքը վերացնելու` կառավարության մտադրությունն, ըստ նրա, փաստում է, որ արտակարգ դրությունն ի սկզբանե չէր սահմանվել հավաքների իրավունքը սահմանափակելու նպատակով, և որ այդ սահմանափակումը մնացած սահամանփակումների հետ միտված էր բացառապես վարակի տարածումը կանխելուն։

Այդուհանդերձ, որոշ մեղմացումներ խոստանալով հանդերձ իշխանությունը չի հրաժարվում արտակարգ դրության ռեժիմից։ Ըստ Հովսեփյանի` այս որոշումն ավելի շատ միտված է համաճարակի հնարավոր սրացման դեպքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորությանը։

«Արտակարգ դրության պահպանման խնդիրը իշխանությանն արտակարգ լիազորություններ թողնելն է, որովհետև ցանկացած պահի մենք կարող է ունենանք համաճարակի մի տարօրինակ բռնկում, իսկ իշխանությունը նման իրավիճակներում պետք է արտակարգ լիազորություններով օժտված լինի` անմիջապես արձագանքելու, համապատասխան գործիքակազմը ներդնելու և իրականացնելու համար»,– ասաց նա։

Արտակարգ դրության նոր ռեժիմի պայմաններում, ըստ նրա, իշխանությունը փորձ է անում միաժամանակ և՛ անվտանգությունն ապահովել, և՛ բողոքող խավերին իրենց դժգոհությունն արտահայտելու հնարավորություն ընձեռել։

Անկումն անկում է` արտակարգ դրության հետ, թե առանց դրա

Հայաստանյան տնտեսության մեջ ևս արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը մեծ փոփոխությունների չի հանգեցնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը։ Նրա համոզմամբ` հայաստանյան տնտեսության ներկա վիճակն էապես չի փոխի ո՛չ արտակարգ դրությունը երկարաձգելը, ո՛չ էլ այն վերացնելը։

«Թեև հայտարարվել է, որ արտակարգ դրությունը պահպանելուն զուգահեռ որոշ մեղմացումներ կարվեն, բայց ընդհանուր առմամբ տնտեսական անկումը կպահպանվի»,– ասաց Վարդանյանը` ավելացնելով, որ տնտեսական իրավիճակի վրա ազդում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գլոբալ գործոնները, մասնավորապես`համաշխարհային առաջարկի ու պահանջարկի շոկը։

Նրա խոսքով` Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից ամենաքիչը, թերևս, տուժել է հանքարդյունաբերությունը։ Մինչդեռ զբոսաշրջության ու հանրային սննդի ոլորտներն էական վնասներ են կրել։

«Քանի որ մարդիկ խուսափում են հանրային վայրեր այցելելուց, իսկ եղած սահմանափակումների պայմաններում այդ ոլորտի կազմակերպությունները ստիպված աշխատում են, արդյունքում չեն ունենում այն շրջանառությունը, որ ունեին նախկինում»,– ասաց Վարդանյանը։

Ընդ որում, նրա կանխատեսմամբ, այս իրավիճակը դեռ երկար կպահպանվի թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում։

Դե իսկ դրականն այս իրավիճակում այն է, որ թեև մեր տնտեսությունն առաջիկայում աճի հույս չունի, բայց և ավելի մեծ անկման հիմքեր էլ չունի։

«Քանի որ մեր տնտեսության ինովացիոն հատվածը շատ չնչին է, հազիվ թե սահմանափակումների այս կամ այն ռեժիմը էական ազդեցություն ունենա տնտեսության վրա։ Եթե ինովացիոն լիներ, բնականաբար, այստեղ հնարավոր անկումը շատ ավելի մեծ կլիներ»,– ասաց Վարդանյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ կառավարության նիստում հայտարարել էր, որ մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը Հայաստանում միջազգային թռիչքները չեն վերականգնվի, ինչը նշանակում է, որ այս տարի զբոսաշրջություն ունենալու վերջին հույսն էլ մարեց։ Փոխարենը Փաշինյանն առաջարկել էր առիթից օգտվել ու ամառային հանգիստն անցկացնել հայրենիքում։

Մեր հարցին, թե ներքին տուրիզմի ակտիվացումը որքանով կնպաստի տնտեսության ակտիվացմանը, Վարդանյանը պատասխանեց` էական ազդեցություն չի ունենա, քանի որ դա նշանակում է` գումարը ոչ թե դրսից է գալու մեր երկիր, ինչպես սովորաբար լինում էր նախորդ տարիներին, այլ «մեր մի գրպանից դուրս է գալու, մտնելու է մյուս գրպանը»։

Միակ օգուտը, որ կարող է բերել այս տարի ներքին զբոսաշրջությունը, ոլորտի ընկերություններին գոյատևման հնարավորություն ընձեռելն է, այն էլ միայն այն դեպքում, եթե ՀՀ քաղաքացիներն այս ճգնաժամային իրավիճակում իրենց հանգիստը հայրենի թանկարժեք հանգստավայրերում անցկացնելու հնարավորություն ունենան։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնեց, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 12-ին կերկարաձգվի ևս մեկ ամսով։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել է մարտի 16-ին, հետագա ամիսներին 5 անգամ երկարաձգվել է։

Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և կավարտվի օգոստոսի 12-ին։

298
թեգերը:
Գագիկ Վարդանյան, Նժդեհ Հովսեփյան, Արտակարգ դրություն, Հայաստան
Ըստ թեմայի
Իշխանությունների վարկանիշն ընկնում է, ընդդիմությանը կհաջողվի՞ օգտվել իրավիճակից
«Չեմ բացառում, որ կլինեն հանդիպումներ Քոչարյանի, Սարգսյանի և Տեր–Պետրոսյանի հետ». Վանեցյան
Շուկայում գյուղմթերքի իրացումը կազմակերպելու առումով լուրջ խնդիրներ կան․ ինչ պետք է անել
Տիգրան Ուլիխանյան

«Իմ քայլի» պատգամավորը վայր է դնում մանդատը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել

257
(Թարմացված է 21:32 29.09.2020)
Եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնում։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ Տիգրան Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել այսօր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուլիխանյանը հաստատել էր Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու լուրը։

«Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել». Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է արել

Հիշեցնենք, որ նա մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են մեկնել Արցախ

257
թեգերը:
Տիգրան Ուլիխանյան, Պատգամավոր, Հայաստան
Ըստ թեմայի
«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին
Գրիշա Թամրազյանի դեմ քրգործ է պատրաստվո՞ւմ. փոխնախարարի հրաժարականի հետքերով
Հրետակոծությունից վնասված տուն Հադրութում

Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում

158
ԼՂՀ–ում զինված դիմակայության սրացումը, Բաքվի և Երևանի երկար տարիների ռազմաքաղաքական հակասություններն այսօր երրորդ երկրներն օգտագործում են որպես գործիքներ` ոչ բարի նպատակների հասնելու համար։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Տպավորություն է ստեղծվում, որ ինչ–որ մեկը ձգտում է Ռուսաստանին Կովկասում ներքաշել մեծ պատերազմի մեջ Բելառուսից, Սիրիայից,  «Հյուսիսային հոսք-2»–ից և աշխարհաքաղաքական դիմակայման այլ կետերից նրա ուժերն ու միջոցները շեղելու համար։ Հակամարտության անմիջական մասնակիցները` Երևանն ու Բաքուն, գիտակցաբար կամ հարկադրաբար «քաշում են» Մոսկվային, քանդում ԱՊՀ և ՀԱՊԿ անվտանգության համակարգը։

Կան նաև աշխարհաքաղաքական ռիսկեր, կապված սեփական շահերը Կովկասում ունեցող մի շարք արևմտյան երկրների «ուժերի արտաքին պրոյեկտման» հետ։

ԼՂՀ խնդիրը ռազմական ճանապարհով չի լուծվում։  Կարգավորման այս կանխադրույթի հետ համաձայն են հակամարտության երկու կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը (որը պաշտպանում է բանակցությունների կողմ չհանդիսացող ԼՂՀ շահերը) և ԵԱՀԿ ՄԽ–ն իր երեք համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գլխավորությամբ։ Բանակցային գործընթացը ընթանում է դանդաղ և դժվար, սակայն օբյեկտիվ պատճառներ չկան, որպեսզի սեպտեմբերի 27-ը վերածվի ակտիվ ռազմական գործողությունների` ծանր հրետանու, տանկերի, հրթիռային համալիրների և հարվածային ավիացիայի կիրառմամբ։

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ծավալած «մրցակցությունը» հակառակորդի խոցված տանկերի տեսանյութերի հրապարակման առումով, երկու կողմից մտահոգիչ վիճակագրությունը Ռուսաստանում անկեղծ կարեկցանք է առաջացնում հայ և ադրբեջանցի ժողովուրդների նկատմամբ։ Օբյեկտիվորեն մարտական գործողությունները շահավետ չեն հակամարտության և ոչ մի կողմի համար, և հետագա էսկալացիայի դեպքում կարող են ամենաանսպասելի հետևանքները լինել. օտարերկրյա խաղաղապահների  մուտք (անվտանգության գոտիների ձևավորում) կամ դեպքերի ամենաբացասական զարգացումների դեպքում` ՀԱՊԿ անդամ–երկրների (նախևառաջ` Ռուսաստանի-ի) և ՆԱՏՕ–ի (ակնարկում է Թուրքիան) մասնակցությամբ լայնածավալ պատերազմ Հարավային Կովկասում։

Ռուսաստանի 20 հազար հայ կամավորագրվել են Արցախ մեկնելու համար. Արա Աբրահամյան

Հիշեցնեմ, որ ադրբեջանահայկական բնակչությամբ տարածաշրջանում հակամարտությունը սկսվել է 1988 թվականի փետրվարին, երբ ԼՂՀ ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ–ի կազմից դուրս գալու մասին։ Առաջին փուլում խաղաղապահների դերը կատարում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը, որոնց հաջողվում էր երեք տարի զսպել ակտիվ զինված հակամարտությունը։ Խորհրդային Միության փլուզումից  և ներքին զորքերի դուրսբերումից հետո մարտերը նոր թափ առան, և 1994 թվականին Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ԼՂՀ մեծ մասի և 7 հարակից շրջանների նկատմամբ։ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են 1992 թվականից, ժամանակ առ ժամանակ զինված դիմակայությունը սրվում է։

Անհապաղ դադարեցնել կրակը

Մարտական գործողությունների յուրաքանչյուր օրը նոր զոհեր և ավերումներ է խոստանում։ Ստեղծված իրավիճակում արդեն սկզբունքային չէ, թե սեպտեմբերի 27-ին առաջինն ո՞վ է կրակ բացել ծանր հրետանուց և տանկերից, ո՞վ մարտի դաշտում օպերատիվ արվեստի ոլորտում կցուցադրի իր գերակայությունը։ Այսօր գլխավորը ԼՂՀ սահմանին էսկալացիան կասեցնելն է, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն ու մարդկային կյանքերը պահպանելն է։ Պետք չէ մոռանալ նաև դաշնակցային պարտավորությունների մասին։

Եթե Բաքուն և Երևանն իրենց Մոսկվայի դաշնակից են համարում, նրանք պետք է հաշվի առնեն ռուսական դիրքորոշումը, գիտակցեն փոխհարաբերությունների առկա համակարգի ու տարածաշրջանային անվտանգության համակարգի փլուզման հետևանքները։ Նույնիսկ հաշվի առնելով դժվարագույն հակասությունների փունջը, զինված հակամարտության կողմերի ծանրակշիռ փաստարկներն ու պատճառաբանությունները, Ռուսաստանին Կովկասում պատերազմ հարկավոր չէ։ ՌԴ ԱԳՆ-ում ԼՂՀ հակամարտության կողմերին կոչ են արել «անհապաղ դադարեցնել կրակը»։

Կարծում եմ, բանականությունը կհաղթանակի, և իրավիճակը տարածաշրջանում չի հասնի կոալիցիոն խմբավորումների մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի։ Առավել ևս, որ միջազգային արձագանքը ղարաբաղյան սրացման նկատմամբ ընդհանուր առմամբ կառուցողական է։ Մտահոգություն են հայտնում և միջնորդական ծառայություններ են առաջարկում ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Իրանը։

Ուժային սցենարի զարգացմանն աջակցում է միայն Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց գերազանցապես խոսքերով։ Նույնիսկ ռազմատենչ Անկարան Հարավային Կովկասում ծավալված վտանգավոր խաղում կորցնելու բան ունի։ Հայաստանի վրա հարձակումն անխուսափելիորեն կառաջացնի ՀԱՊԿ-ի պատասխանը, այսինքն պատերազմ Ռուսաստանի հետ (իսկ դա Հունաստանն ու Կիպրոսը չեն)։ Ո՞վ է թեժ իրադարձությունների հիմնական պատվիրատուն և շահառուն։

Զարմանալի պայծառատեսություն

Զգալիորեն կանխելով իրադարձություններն ու դրանց նկատմամբ Վաշինգտոնի պաշտոնական արձագանքը, ԱՄՆ–ի դիվանագիտական ներկայացուցչությունները Ադրբեջանում և Հայաստանում ուրբաթ օրը` սեպտեմբերի 25-ին, նախազգուշացրին իրենց քաղաքացիներին սրվող իրավիճակի վերաբերյալ։  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ էր տվել զերծ մնալ ԼՂՀ, Դիլիջանի ազգային պարկից հյուսիս ընկած շրջաններ (մինչև Տավուշի մարզում Վրաստանի հետ սահման) այցելությունից։ Նույն օրը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց իր քաղաքացիներին դուրս չգալ Ապշերոնյան  թերակղզու սահմաններից «հայ–ադրբեջանական սահմանագոտում լարվածության սրացման հետ կապված»։ Գուցե սա ոչ թե սովորական զուգադիպություն է, այլ բարդ ռազմաքաղաքական կոմբինացիայի հետևանք։

Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ. ՄԻՊ

Ռուսաստանի սահմանների մոտ տնտեսական և ռազմական ոլորտներում գերակայություն հաստատելու Միացյալ Նահանգների ձգտմանը լիովին համապատասխանում են Կովկասում և այլ տարածաշրջաններում միջին ինտենսիվության մի շարք ծրագրված զինված հակամարտությունները։  ԱՊՀ երկրների բնակիչներին նրանք չեն խղճում, իսկ ռուսական ռեսուրսները երաշխավորված կուղղվեն ռազմական սպառնալիքը վերացնելուն։  Այսինքն, Մոսկվայի մոտ պակաս ուժ և միջոցներ կմնա աշխարհի այլ հատվածներում Վաշինգտոնի հետ մրցակցելու համար։ ԼՂՀ հակամարտության սրացումը ակնհայտորեն խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի համար և լիովին համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին։

 

158
թեգերը:
հայ-ադրբեջանական, ԱՄՆ, Ռուսաստան, Արցախ
Ըստ թեմայի
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
«Հենց նոր ուղղաթիռ ենք խոցել, հավանական է` ուղղաթիռներ». Արծրուն Հովհաննիսյան
Արթուր Սարգսյան

Հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. ՊԲ հրամանատարի տեղակալ

0
(Թարմացված է 21:55 29.09.2020)
Մարտերի ընթացքում հայկական կողմը նույնպես կորուստներ ունի. տվյալները կհրապարակվեն ավելի ուշ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ հակառակորդի զավթողական մտահղացումը այսօր ևս ձախողվել է։ Հայկական կողմը, նրա խոսքով, հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր։ 

«Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը կիրառել է ողջ զինանոցը` ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ, ծանր հրետանի, հրթիռահրետանային ողջ սպառազինությունը»,– ասաց նա` ավելացնելով, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանի ընդհանուր կորուստների թիվը 500-ից ավել է։

Այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներկան տեխնիկակա, 13 ԱԹՍ։

«Ցավոք, մարտերի ընթացքում յուրային զորքերը նույնպես ունեն կորուստներ. տվյալները կհրապարակվեն ավելի ուշ պաշտոնական տեղեկատվությամբ»,– ասաց Սարգսյանը։

Նա հայտնեց, որ Արցախի օդային տարածքում նույնպես թուրքական F-16 կործանիչների կիրառում է գրանցվել։

Ադրբեջանական ծանր հրետանին կենդանի վահան է դարձնում քաղաքացիներին. տեսանյութ

«Արդեն դա չի կարելի անվանել առաջնագիծ, ամբողջությամբ ռազմաճակատի գիծ է, ամբողջ երկայնքով մարտեր են ընթանում։ Այդ առաջնագիծը կարող է խորանալ և՛ դեպի մեր կողմ, և՛ դեպի հակառակորդի կողմ»,– ավելացրեց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Նրա խոսքով` Ադրբեջանը Արցախի ուղղությամբ կիրառում է «Գրադ», «Սմերչ»։ Դրանք հաստատված են, մնացած զինատեսակների կիրառում էլ կա, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ Սարգսյանը նշեց` եթե Ադրբեջանն ունեցել է որոշակի հաջողություններ, ապա դա թուրքական ձեռագրի արդյունք է։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 92 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեգերը:
Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020