ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Սևանա լճի թափանցիկությունն այս պահին մինչև 4 մետր է. լճում կենսածին նյութերի բավարար քանակություն կա, ինչը նշանակում է, որ լճի վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չի։ Սևանում ուշագրավ պայմաններում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի» տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։
Նշենք, որ ասուլիսը նավի վրա է ընթանում, հորդառատ անձրևի տակ։
«2018-ից Սևանում դիտվող «ծաղկման» պրոցեսները սովորաբար սկսում էին հունիսից, սակայն այս տարի հուլիսի 15-ից է սկսվել գործընթացը։ Իրավիճակը հիմա այնպիսին է, ինչ նախորդ տարի, սակայն եղանակային պայմաններից ելնելով` այս տարի ծաղկման գործընթացն ուշ է սկսել և շուտ կավարտվի»,–ասաց Շահնազարյանը։
Նրա խոսքով` լճում վատ էկոլոգիական վիճակ է այս պահին` հատակամերձ շերտում թթվածնի քանակը ցածր է, իսկ սնուցող նյութերի քանակությունը բավարար է, որպեսզի շարունակվի ծաղման պրոցեսը։
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը հայտնեց, որ ի ուրախություն բոլորի` փոքր Սևանում չունենք կանաչած հատված, իսկ մեծ Սևանում ջուրը շատ քիչ տեղերում է կանաչած։
Ջիլավյանի խոսքով` կառավարության կողմից հրատապ հանձնարարական է տված ձեռնարկել բոլոր միջոցառումները, որ եկող տարի կա՛մ կանաչած տարածք չլինի, կա՛մ էլ քիչ լինեն դրանք։
Պարետը 2 շաբաթով սահմանափակումներ է մտցրել Սևանի` աղմուկ հանած լողափի աշխատանքներում
«Մասնավորապես, Սևան թափվող կեղտաջրերի մաքրման մեխանիզմներ պետք է ներդրվեն և լճի ճահճացած տարածքները պետք է մաքրվեն»,–ասաց նա։
Ջիլավյանն ասաց, որ 2019-ին Վարդենիսի հատվածում 100 հա անտառածածկ տարածք է մաքրվել, իսկ այս տարի արդեն իսկ 50 հա տարածք է մաքրվել։
Կապույտ Սևանի «կանաչ օրերը»․ Հայաստանի գոհարը փրկելու 3 քայլ
Հիշեցնենք, որ ջրի մեջ հայտնված մասնավոր շենք-շինություններն արդեն իսկ գույքագրվել են, տերերն էլ զգուշացվել են դրանք քանդելու իրենց պարտավորության մասին: Հակառակ դեպքում, պետությունն ինքը կքանդի ու այդ աշխատանքի արժեքը կգանձի սեփականատերերից: Իսկ պետության պատկանող շինությունները պետությունն ինքը կքանդի: Այդ նպատակով նախարարությունը մրցույթ է հայտարարել, որում հաղթող կազմակերպությունը կհաշվառի, կգույքագրի ու կքարտեզագրի Սևանի ափին 1901.5 նիշից ցածր առկա բոլոր կառույցները:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է չգրված կանոնները` դրանով կանխորոշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն իր այս տեսակետը հայտնեց այսօր Sputnik Արմենիայի հարթակում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ։
Նրա խոսքով՝ Քոչարյանի վերադարձը կանխորոշվեց այն ժամանակ, երբ նրա դեմ քրեական գործ հարուցվեց։
«Ինձ թվում է, որ գործող վարչապետը խախտեց մի շատ կարևոր չգրված կանոն, որ կար Հայաստանում։ Եթե պետության ղեկավարը լքում է պաշտոնը, նրան չեն հետապնդում, ինչ էլ որ լինի, ինչ անձնական հարաբերություններ էլ որ ունենաս», - ասաց Մարկեդոնովը։
Փորձագետի կարծիքով` Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, որը բավականին քաղաքականացված է (բավական է միայն այն, որ պետության նախկին ղեկավարի անունն է շոշափվում), ցույց տվեց, որ նախկին նախագահը «մարտիկ» է և չի պատրաստվում է «պասիվ դիտորդ» լինել։
Այդ չգրված նորմի խախտումը հանգեցրեց նրան, որ այժմ Փաշինյանը հավանական հրաժարականի հարցում շատ դժվար իրավիճակում է հայտնվել։
«Եթե նա այդ նորմերը չխախտեր, տեսականորեն կարող էր հեռանալ և հուշագրություններ գրել։ Իսկ հիմա նրա համար հեռանալը վտանգավոր է, քանի որ այդ ամենը կարող է չսահմանափակվել միայն հուշագրություններով», - նշեց Մարկեդոնովը։
Ինչ վերաբերում է նախկին նախագահի հնարավորություններին, ապա, ըստ փորձագետի, Քոչարյանն այն քաղաքական գործիչը չէ, որը կարող է մոբիլիզացնել բողոքող ընտրազանգվածին, քանի որ ընդդիմադիր դաշտում նրա վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ կան։
Փորձագետը նշեց, որ Հայաստանում ընդդիմադիրները հաճախ ավելի շատ պատերազմում են միմյանց հետ, քան իշխանության, միասնականություն չկա, բայցևայնպես Քոչարյանի հայտը բավականին լուրջ է։
Առավել ևս, որ Քոչարյանը հազիվ թե իրեն ներկայացնի որպես լրացուցիչ, երկրորդ դեմք։ Հարցն այն է, թե արդյոք պատրաստ են մյուս ընդդիմադիրները համաձայնել դրա հետ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը, որ Քոչարյանը ՌԴ-ի համար բարեկամ քաղաքական գործիչներից է, ապա, ըստ Մարկեդոնովի, դա շատ բնական է. Քոչարյանը քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նրա օրոք է Հայաստանը դարձել ՀԱՊԿ անդամ։
Հիշեցնենք` ՀՀ նախկին նախագահը երեկ լրատվամիջոցների հատ հանդիպմանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց, որ չի նախատեսում սեփական կուսակցություն ստեղծել, հուսով է, որ իրեն կաջակցեն մյուս ուժերը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Իրավապահները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը, պարզել իրացման մեխանիզմն ու գտել թաքստոցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեռ 2020 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Թմրամիջոցները «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում Երևան տեղափոխելու ճանապարհին խմբաքանակը հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենայի զննությամբ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բացի թմրամիջոցի հիշյալ խմբաքանակից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են իրացվել նաև այլ անձանց միջոցով:
Մասնավորապես, Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով պետք է Հայաստանի տարածքով թմրամիջոց տեղափոխվեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոմեքենան հայտնաբերվել է, որի խուզարկությամբ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ «Ափիոն», «Մեթամֆետամին», «Հերոին» տեսակի թմրամիջոցներ:
Տվյալներ են ստացվել նաև հարևան Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ Իրանից Հայաստան ուղևորված ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:
«Նախաքննության ընթացքում տեղեկություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, տեղադրված է թմրամիջոց, որը Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստանի Հանրապետություն: Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, որի ընթացքում հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ մոտ 4290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով, պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում. պարզվել է նաև այն անձանց ինքնությունը, որոնք նշված թմրամիջոցները պետք է վերցնեին թաքստոցներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հինգ անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Նախաքննությունը շարունակվում է:


