Ռուսաստանցի բժիշկները Հայաստանում

Լրիվ անհատույց. ռուսաստանցի բժիշկները հայ գործընկերների հետ պայքարում էին Covid-19-ի դեմ

171
(Թարմացված է 22:08 24.07.2020)
Ռուսաստանից ժամանած մասնագետներն երկու շաբաթ աշխատում էին հայ գործընկերների հետ միասին՝ բուժում կորոնավիրուսով հիվանդներին։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Լրատվականները հայտնել էին, որ ռուսաստանցի մասնագետների խումբը հունիսի վերջին Երևան է մեկնել՝ COVID-19-ի դեմ պայքարում օգնելու, սակայն այդ գործուղման մանրամասները այդպես էլ կադրից դուրս են մնացել։ Sputnik-ը պարզել է՝ ինչպես է ձևավորվել սպիտակ խալաթներով թիմը, ու ինչ է այդ խմբին հաջողվել անել։ Պարզվում է՝ մասնագետներին հավաքել է Մոսկվայի հայ համայնքն, ու բժիշկներն անվճար են աշխատել։

Խնդիրը բուժման մեթոդներն են

«Հայաստանի բժիշկներին օգնելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ այնտեղ ապրող ընկերներիս ու բարեկամներիս հետ շփվելիս անընդհատ դժգոհություն էի լսում, որ կորոնավիրուսի խնդիրը գնալով լրջանում է, հիվանդանոցներում պացիենտների բուժման հետ կապված դժվարություններ կան, բուժաշխատողների պակաս կա։ Պետք էր տեղում տեսնել՝ որն է խնդիրը, մեր փորձը փոխանցել, կոնսիլիումներ անցկացնել, օգնել բազմաթիվ  ծանր հիվանդների բուժման գործում։ Ես գրեցի այդ մասին սոցցանցերում», - ասաց Մոսկվայի Պավլովի հիվանդանոցի (№ 4 քաղաքային կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանը։

Российские врачи перед полетом в Армению – в московском аэропорту
© Photo : Из личного архива Гаянэ Мелик-Оганджанян
Ռուսաստանցի բժիշկները ժամանում են Հայաստան

Մոտ հիսուն բժիշկ միանգամից արձագանքեց, նրանց շարքում տարբեր ազգության տեր մարդիկ էին։ Մելքոնյանն ընդգծում է, որ մինչ այժմ նամակներ ու հաղորդագրություններ է ստանում, և ոչ միայն մոսկովյան բժիշկներից։

«Երբ ցուցակը կազմվեց, այդ տեղեկությունը փոխանցեցինք  Հայաստանի առողջապահության նախարարությանը։ Մենք անմիջապես շփման մեջ էինք և՛ նախարարի օգնականի, և՛ փոխնախարարի հետ, սերտ շփվում էինք Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ։ Նա նույնպես համակարգում էր ընթացքը։ Վերջապես Երևանից հրավեր ստացանք։ Նրանք շատ ուրախ էին, որ մենք ցանկություն էինք հայտնել ու նախաձեռնել էինք այս ամենը։ Խնդրեցին, որ առաջին խմբի կազմում վերակենդանացման մասնագետներ լինեն, քանի որ հիմնական խնդիրը բարդ վերակենդանացման ենթակա պացիենտներն էին», - ասաց Մելքոնյանը։

Կամավորների շարքում հինգ պրոֆիլային բժիշկ կար՝ երեք հայ ու երկու ռուս։ Նրանք Երևան մեկնեցին արտագնա չվերթով․ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հոգաց այդ մասին։ Բժիշկներն իրենց հետ տարան սարքերն ու դեղերը, որոնք հավաքել էր ռուսաստանյան «ՎԻՎԱ» հիմնադրամը (Բժիշկներ ու կամավորներ՝ Հայաստանին)։

«Հիմնադրամի ներկայացուցիչները նույնպես միացան մեր նախաձեռնությանը, դրամահավաք հայտարարեցին, ու ավելի քան երեք միլիոն ռուբլի հավաքեցին։ Այդ գումարով դեղորայք, պաշտպանիչ միջոցներ, բժշկական սարքավորումներ գնեցինք։ Մենք ՀՀ Առողջապահության նախարարությունից ճշտում էինք՝ ինչի կարիք ունեն, ու տարանք այն, ինչ մեզ ասացին», - ավելացնում է գործուղման համակարգողը։

Նրա խոսքով` սա այդքան էլ գործուղում համարել չի կարելի, քանի որ ռուսաստանցի բժիշկները լրիվ անհատույց, իրենց հաշվին էին երկու շաբաթ Հայաստանում աշխատում։ Ավելին՝ գործընկերներին ու հիվանդներին օգնելու համար նրանք արձակուրդն էին վերցրել, իսկ ով արդեն արձակուրդ չուներ, իր հաշվին էր արձակուրդ վերցրել։

 Российские врачи после возвращения получили дипломы от Георгия Мелконяна
© Photo : Из архива Георгия Мелконяна
Ռուսաստանցի բժիշկները Հայաստանում

«Ինքս էլ էի ուզում մեկնել, բայց ինձ համար ցավոք դա անհնար էր, մեր հիվանդանոցը մինչ այժմ էլ կորոնավիրուսով հիվանդների է ընդունում, ու ես որպես բուժհաստատության ղեկավար չէի կարող այդ դժվար շրջանում բացակայել։ Սակայն ես շարունակում էի վերահսկել իրավիճակը, ամեն օր կապի մեջ էի խմբի հետ, մենք ընդհանուր չաթ ունեինք։ Այնտեղ էր հավաքվում տեղեկությունը, այդ թվում նաև բարդ դեպքերի վերաբերյալ։ Ես հեռակա տարբերակով միացել էի այդ խնդիրների լուծմանը», - ասում է Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով հիվանդների բուժման համար Առողջապահության նախարարությունը հատուկ հորդորներ էր մշակել։ Դրանք ուղարկվում էին բուժհաստատություններ ու հուշում էին՝ ինչպես բուժել այս կամ այն խմբի, այս կամ այն տարիքի, այս կամ այն բարդության դեպքերը։

Российские врачи в работе
© Photo : Из личного архива Гаянэ Мелик-Оганджанян
Ռուսաստանցի բժիշկները Հայաստանում

«Հայաստանում ցավոք նման բան չկար։ Բժիշկներից ոմանք ծանոթանում էին Գերմանիայում հիվանդության բուժման մեթոդներին ու այդ փորձն էին կիրառում, ոմանք Ֆրանսիայի արձանագրություններով էին առաջնորդվում... Համաձայնեցված չէր՝ ինչպես ու ինչ դեղերով բուժել հիվանդներին։ Սակայն պետք է նշել, որ բժիշկները Հայաստանում բավականին լավ էին պատրաստված։ Մեր բժիշկները շատ արագ ընդհանուր լեզու  գտան ու լավ ընդունեցին բուժման մեթոդների մեր տարբերակը․ բնականաբար, մենք մեր բանաձևն էինք առաջարկում»։

Հաջորդ խմբերը պատրաստ են մեկնելու

«Մեր խումբը բաղկացած էր հինգ մասնագետից․երեք անեստեզիոլոգ վերակենդանացման մասնագետ, մեկ թոքաբույժ ու ես որպես խմբի ղեկավար։ Մեզ շատ լավ դիմավորեցին, հաջորդ օրվանից կիսվեցինք երկու խմբի, աշխատում էինք կորոնավիրուսով հիվանդներ ընդունող հիվանդանոցներում»։ Իսկ ես հանդիպումներ էի անցկացնում այդ հիվանդանոցների ղեկավարությունների հետ, մենք քննարկում էինք բուժման միջոցները, փորձի փոխանակում էինք անում»,- պատմում է  Մոսկվայի Պավլովի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Գայանե Մելիք-Օհանջանյանը։

Նախագահն ընդունել է գերմանացի բժիշկներին և համավարակից հետո ընտանիքներով հրավիրել Հայաստան

Ամեն օր հայ բժիշկները գալիս էին ռուսաստանյան գործընկերների հետևից ու աշխատանքի վայր էին տանում նրանց։ Հետո բժիշկները աշխատանքի էին մեկնում նաև Դիլիջան ու Արտաշատ։ Պատրաստվում էին այլ քաղաքներ էլ այցելել, մասնավորապես՝ Սպիտակ, բայց չհասցրեցին։ Փոխարենը, ինչպես պատմել է Մելիք-Օհանջանյանը, ռուսաստանցի բժիշկները հայկական հիվանդանոցներ էին գնում այնպես, ասես իրենց աշխատավայրն է, նույնիսկ կային պացիենտներ, որոնք սպասում էին իրենց։

Российские врачи в работе
© Photo : Из личного архива Гаянэ Мелик-Оганджанян
Ռուսաստանցի բժիշկները Հայաստանում

 «Աշխատանքը շատ ինտենսիվ էր, կարելի է ասել` նույն ծավալի էր, ինչն ամեն օր անում ենք Մոսկվայում։ Այսպես ասած` մեր առօրյան էր։ Երկու շաբաթվա ընթացքում մեկ անգամ է հաջողվել հանգստանալ։ Առաջին կիրակի ընթացքում մեզ Հայաստանով էքսկուրսիա տարան, նույնիսկ Սևան գնացինք։ Մեր գործընկերներից երկուսը երբեք Հայաստանում չէին եղել, նրանց համար դա անմոռանալի էր։ Բայց մենք էլ լավ հանգստացանք։ Երկուշաբթիից նորից անցանք աշխատանքի։ Երկրորդ շաբաթն էլ առաջինի պես խիտ էր», - շարունակում է Մելիք-Օհանջանյանը։

Նա ընդգծում է, որ և՛ հիվանդանոցներում, և՛ առողջապահության նախարարությունում ռուսաստանցի բժիշկների կարծիքը հաշվի էին առնում։

Իսկ Գեորգի Մելքոնյանն ավելացնում է, որ ռուսաստանցի բժիշկների վերադարձից հետո ՀՀ առողջապահության փոխնախարարն անձամբ զանգահարել է նրան, շնորհակալություն է հայտնել ու հարցրել է՝ երբ բժիշկների երկրորդ խումբը կկարողանա Հայաստան ժամանել։

Доктора Анастасия Волкова и Давид Сахновский у входа на одно из новых рабочих мест
© Photo : Из личного архива Гаянэ Мелик-Оганджанян
Բժիշկներ Անաստասիա վոլկովան և Դավիդ Սախնովսկին «Աստղիկ» ԲԿ–ում

 «Նորից վերակենդանացման բաժանմունքի մասնագետների կարիք կա, այնպես որ հիմա համապատասխան բժիշկների ենք հավաքում, ու եթե կարիք լինի, էլի խմբեր կկազմենք, կուղարկենք, իսկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը կօգնի նրանց Երևան հասցնել», - ամփոփում է Մելքոնյանը։

Российские врачи в работе
© Photo : Из личного архива Гаянэ Мелик-Оганджанян
Ռուսաստանցի բժիշկները Դիլիջանում

Հիշեցնենք` այսօրվա տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 36 613 է։ Գրանցվել է մահվան 692 դեպք։

Նշենք՝ Հայաստանում մարտից արտակարգ դրության ռեժիմ է գործում, որը երկարացվել է մինչ օգոստոսի 12-ը։ Արտակարգ դրության պայմաններում արգելվում է հավաքներ ու հանրահավաքներ անցկացնել։ Պարտադիր դիմակային ռեժիմ է գործում։

171
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, Ռուսաստան, բժիշկ
Ըստ թեմայի
Որոշ բժիշկներ Հայաստան են եկել սեփական նախաձեռնությամբ և ոչ թե ԱԳՆ-ի հրավերով. Ադոնց
Հայ բժիշկը նշանակվել է Ռուսաստանի Սամարայի մարզի առողջապահության նախարար
Ռուսաստանի վարչապետը ժամանակին ուզում էր բժիշկ դառնալ
Առաջնագծում

Ստիպում են համբուրել Ադրբեջանի դրոշը. հայ գերիների վերադարձից ոչինչ հայտնի չէ

64
Արմեն Կապրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը՝ հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի զինծառայողների վերաբերմունքի մասին ու գնահատել ՀՀ կառավարության քայլերը:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Հայ գերիների խնդրին ու նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքին անդրադառնալը միջազգային հեղինակավոր հասարակական կառույցի կողմից ողջունելի է, բայց նման զեկույցները սովորաբար դեկլարատիվ բնույթ են կրում:

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ մեկնաբանելով Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը՝ հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի զինծառայողների վերաբերմունքի մասին:

«Իհարկե, շատ լավ է որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվում  է տվյալ խնդրի վրա, բայց ցավոք, միջազգային կառույցների համար, ինչպիսիք են ՄԱԿ-ը և այլն, նման զեկույցները պարզապես դեկլարատիվ բնույթ են կրում: Իմ պրակտիկայում չի եղել դեպք, երբ պետությունը դասեր քաղի ու փորձի նվազեցնել  գերիների նկատմամբ իր այդ կարգի վերաբերմունքի դեպքերը»,- ասաց  Կապրիելյանը:

Հայկական ու ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչին

Մյուս կողմից, սակայն, նրա խոսքով, այսօրինակ զեկույցների քննարկումը միջազգային ատյաններում չի կարող չնպաստել խնդրի հայանպաստ զարգացումներին:

Այդուհանդերձ, Կապրիելյանը միջազգային հանրության կողմից անտարբերություն է նկատում: Իսկ Ադրբեջանի իշխանությունները, նրա դիտարկմամբ, իրենց անմարդկային գործելաոճը հայ գերիների նկատմամբ որդեգրել են 2000 թթ-ի կեսերից և գնալով ավեի են կատարելագործում:

«Սոցկայքերում տարածված որոշակի նյութերից դատելով՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանի վայրագությունները սաստկացել են»,- ասաց նա:

Նշենք, որ Human Rights Watch-ի զեկույցը ևս հիմնված է համացանցում առկա տեսանյութերի վրա: Կազմակերպությունը գրում է, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին ֆիզիկական բռնության և նվաստացման է ենթարկել, տեսագրություններում պատկերված է, թե ադրբեջանցի զավթիչներն ինչպես են ապտակում, հարվածում ու ստիպում հայ ռազմագերիներին՝ համբուրել Ադրբեջանի դրոշը, գովերգել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, հայհոյել  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է:

«Տեսագրությունների մեծ մասում երևւում են առևանգողների դեմքերը, ինչը վկայում է, որ նրանք չեն վախեցել պատասխանատվության ենթարկվելուց»,-ասված է զեկույցում:

Իսկ Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը հայտարարել է, որ ռազմագերիների նկատմամբ դաժան եւ նվաստացուցիչ վերաբերմունքի ոչ մի արդարացում չի կարող լինել: «Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն նման վարվելակերպի անհապաղ դադարեցումը»,- ասել է նա:

Նրա խոսքով, անկախ այն բանից, թե ինչու են ազերի զինվորներն իրենց այդ կերպ պահում, չափազանց կարեւոր է այդ հանցագործությունների մեղավորներին ու նրանց հրամանատարներին քրեական պատասխանատվության ենթարկելը:

Զեկույցի հեղինակներն ուսումնասիրել են համացանցում հրապարակված հայ գերիների մասնակցությամբ 14 տեսանյութեր, կապ հաստատել ու խոսել նրանցից 5-ի ընտանիքների հետ:

Human Rights Watch-ը խոսել է նաև փաստաբաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի հետ, ովքեր ՄԻԵԴ-ում ներկայացնում են շուրջ 40 ռազմագերիների ընտանիքների շահերը:

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել է իր զոհերի, վիրավորների, գերի ընկածների ու անհետ կորածների թիվը

Մինչդեռ ադրբեջանական կողմից, կազմակերպության տեղեկություններով, Հայաստանում միայն մի քանի ադրբեջանցի ռազմագերիներ ու երեք օտարերկրյա վարձկաններ են պահվում:

Խոսելով գերիների փոխանակման մասին Արմեն Կապրիելյանը նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ այդ հարցի որոշակի ժամանակ, գուցե և ամիսներ է պահանջելու:

Կապրիելյանը  նաև չթաքցրեց, որ զարմացած է մեր երկրի կառավարության մոտեցումից:

«Թվում է, թե կառավարությունն օր ու գիշեր պետք է մտածեր ու զբաղվեր այս հարցով: Բայց հանրությունը, համենայնդեպս, այդ աշխատանքի արդյունքը չի տեսնում: Թե անցած 2 տարում, թե հիմա, երբ այս հարցն արդեն լուրջ մարմնավորում է ստանում ու շատ ակտուալ է, ոչ այդ հանձնաժողովի աշխատանքներն ենք տեսել, ոչ արդյունքները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կապրիելյանը:

Նա հիշեցրեց, որ ստեղծվելուց 17 տարի հետո՝  2018-ի գարնանը, հանձնաժողովը լուծարվել էր: Հետագայում այն նորից վերակազմավորվեց արդեն որպես կառավարական հանձնաժողով: Բայց իր աշխատանքի 2 տարվա ընթացքում, ըստ Կապրիելյանի, այն թափանցիկ ու հաշվետու չի եղել հանրության առջև (հանձնաժողովի հետ կապ հաստատելու մեր փորձերը ևս ապարդյուն էին - Ն. Դ.)։

Իսկ գերիների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության ու փրկության հարցով, Կապրիելյանի տպավորությամբ, Հայաստանում այսօր ավելի շատ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է աշխատում, այդ թվում՝ միջազգային կառույցների հետ:

Գերիների հարցով զբաղվող հիմնական միջազգային կառույցը, Կապրիելյանի խոսքով, ԿԽՄԿ-ն է՝ իր առաջնային մանդատով, նաև՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ:

Բայց այս հարցում էական է նաև միջազգային հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը, նույնիսկ՝ հեղինակավոր անձանց հետ անձնական կապերը, որոնց շնորհիվ Արմեն Կապրիելյանն իր 17-ամյա գործունեության ընթացքում ականատես է եղել գերիների վերադարձի առանձին օրինակների:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Վիրավորների, անհետ կորածների ու գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

64
թեգերը:
Ադրբեջան, Արմեն Կապրիելյան, գերի
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Որտեղ փնտրել հայ գերիների վերադարձի բանալին. Զաքարյանը՝ ՌԴ նախագահին ուղղված նամակի մասին
Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գործընկերների մոտ խոսել է անհայտ կորածների ու գերիների մասին
Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով
Զինվորական սաղավարտներ

260 զոհված զինծառայողի մարմին նույնականացվել է. Հայաստանը ևս մեկ սարք է փորձում ձեռք բերել

174
(Թարմացված է 20:15 04.12.2020)
Հայաստանում դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ իրականացնելու համար մեկ սարքավորում ունենք, որն այս պահին աշխատում է 24–ժամյա ռեժիմով։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննության է ենթարկվել 1613 կենսաբանական նմուշ, որի արդյունքում կատարվել է 260 զոհված զինծառայողի մարմնի նույնականացում:

«Այս պահին առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում արտադրողների հետ՝ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ ձեռք բերելու և տեղադրելու շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին պարբերաբար հարցեր են հնչում ԴՆԹ նույնականացման հետազոտությունների հետ կապված, մասնավորապես, թե ինչ է այն, և ինչպիսի կարողություններ ունի Հայաստանն այս ոլորտում:

Հայտնում են, որ գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին` առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով և ֆինանսավորմամբ: Այն փոխանցվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին», որն էլ իրականացնում է նշված հետազոտությունները:

Սարքը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:

Սարքավորումը միակն է, և հաշվի առնելով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմական իրավիճակը` այն աշխատում է 24/7 ռեժիմով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

174
թեգերը:
Զոհ, Զինվոր, Արցախ
Ըստ թեմայի
«Տղաս սապոգները հանեց` ես սարսափեցի». ժամկետային զինվորների ծնողները կառավարության առջև են
Միջազգային կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանը բազմաթիվ հայ զինվորներ է գերեվարել
Դավիթն ասում է` հրամանատար չի եղել, զինվորներից մեկի մայրը հեկեկալով դիմում է իշխանությանը
Էդուարդ Անտինյանի

Հրադադարը երկարատև խաղաղություն չէ, այլ կործանումից փրկվելու վատագույն լուծում. Անտինյան

0
(Թարմացված է 20:53 04.12.2020)
«Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Էդուարդ Անտինյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ելույթին։ 
Անտինյան. «Հրադադարը երկարատև խաղաղություն չէ, ուղղակի կործանումից փրկվելու վատագույն լուծում էր»

Նախարարը նշել է, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումը մասնավորապես ընդգրկում է Արցախի կարգավիճակը` հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան։  

Էդուարդ Անտինյանի դիտարկմամբ` պետք է արձանագրել մի շատ կարևոր հանգամանք, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանն էր աղերսում զինադադար կամ խաղաղություն, հայկական զորքը կանգնեց այնտեղ, որտեղ կայացվեց որոշումը։ Հայկական կողմի վերահսկողության տակ անցան յոթ շրջանները, իսկ Արցախը դե–ֆակտո անկախացավ և օրգանապես կապվեց Հայաստանի հետ։ Ըստ Անտինյանի`այս անգամ Ադրբեջանին ասվեց դադարեցնել ռազմական գործողություններն այնտեղ, որտեղ արդեն իր դիրքերն են, սակայն մեկ տարբերությամբ` մենք հանձնեցինք նաև տարածքներ, որոնք Ադրբեջանը չէր վերցրել։ 

«Պատերազմից առաջ անընդհատ խոսվում էր «անջատում` հանուն փրկության» տարբերակի մասին, բայց այսօր չենք տեսնում` արդյո՞ք նման խնդիր դեռ կա, որովհետև շատ հարցեր տակավին մնում են չկարգավորված։ Թվում է, թե ՀՀ արտգործնախարարի հայտարարությունը շատ ոգևորիչ է, բայց Արցախի տարածքային ամբողջականությունն արդեն իսկ խախտված է` անկախ կարգավիճակից, և պարզ չէ՝ ձեռք կբերի՞ անկախություն, կմիանա՞ Հայաստանին կամ Ռուսաստանին, թե՞ կմնա Ադրբեջանի կազմում, այստեղ մենք լուրջ անելիք ունենք»,– նշեց քաղաքագետը։

 Կյանքի է կոչվում ԼՂ–ի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարությունը. Վլադիմիր Պուտին

Անտինյանի կարծիքով` պետք է հասկանալ, թե էլ ինչ է խոստացել Փաշինյանը հակառակ կողմին, որպեսզի թյուրիմացության մեջ չընկնենք, այսինքն` կարո՞ղ է հայկական կողմն Արցախի կարգավիճակի կամ անկախության հարցը բարձրացնի, իսկ Ադրբեջանը հայտարարի, որ այդ դեպքում կխախտվեն պայմանավորվածությունները, ինչն, ըստ ՌԴ նախագահի, կհանգեցնի կործանման։   

«Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան ողջունելի կլինի, բայց պատերազմի արդյունքում մենք զիջել ենք ավելին, քան Ադրբեջանը գրավել էր։ Իհարկե Արևմուտքը կարող է նախաձեռնություն ցուցաբերելու մեծ ցանկություն հայտնել, բայց մենք պետք է բավական զգույշ լինենք, որպեսզի չդառնանք որևէ մեկի շահերի մանրադրամն աշխարհաքաղաքական վայրիվերումներում։ Արևմուտքը նախաձեռնություն հանդես կբերի, բայց մեզանից էլ է ընդառաջ քայլ սպասելու »,– նշեց քաղաքագետը։

Անտինյանի գնահատմամբ` հրադադարի հայտարարությունը մեզ չի բերելու երկարատև խաղաղություն, դա ուղղակի կործանումից փրկվելու վատագույն լուծումն էր։ 

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

0
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Արցախ, Էդուարդ Անտինյան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանը դե՞մ է եղել եռակողմ հայտարարության ստորագրմանը. «Հրապարակ»
Եռակողմ հայտարարությունը նոր հնարավորություններ է ստեղծում Վրաստանի համար. ՌԴ ԱԳՆ
Ֆրանսիան կարծում է, որ եռակողմ համաձայնագրի որոշ կետեր հաշվի առնված չեն