ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Մովսես գյուղի հարևանությամբ Ադրբեջանի կողմից հուլիսի 12-ին իրականացված հրետակոծությունների մասին առաջին ահազանգը ՀՀ ՄԻՊ գրասենյակը ստացել է կրակոցների մեկնարկից րոպեներ անց: Այս մասին Տավուշի մարզում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Ադրբեջանական կրակոցների հետքերը Այգեպարում. տեսանյութ
«Ես, իհարկե, անմիջապես հրատապ հարցմամբ դիմեցի ՀՀ պաշտպանության նախարարին, մենք ունեցանք քննարկում, նախարարը հաստատեց և մենք սկսեցինք մեր միջազգային գործընկերներին զեկույցներ ներկայացնելու ուղղությամբ աշխատանքներ տանել»,- ասաց Թաթոյանը:
Ավելի ուշ պաշտպանն ու նրա աշխատակազմը մեկնեցին Տավուշ ու դիտարկումներ արեցին հրետակոծության ենթարկված Բերդ քաղաքում:
«Այստեղ հրետակոծության էր ենթարկվել «Տավուշ տեքստիլը», ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղը: Պետք է ասեմ, որ սա հատկապես մտահոգիչ ու խիստ դատապարտելի է, որովհետև «Տավուշ տեքստիլն» արտադրում է բժշկական դիմակներ: COVID-19-ի պայմաններում հարցն ակնհայտ մարդասիրական դաշտում է ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման»,- ասաց պաշտպանը:
Պաշտպանը նշեց` քանի որ բնակչության հետ շփումներից պարզ է դարձել, որ հակառակորդը կիրառել է ԱԹՍ-ներ, դա մեզ հիմք է տալիս պնդելու, որ ադրբեջանական կողմը նախապես տեղյակ է եղել, որ այդտեղ ոչ ռազմական օբյեկտ է, և այն էլ՝ առողջապահական դիմակներ արտադրող: Իսկ քանի որ հրետակոծությունը տեղի է ունեցել ցերեկային ժամի, դա իր հերթին հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը թիրախային հարվածներ հասցնելու մասին է։
«Մեր դիտարկումներով` ակնհայտ էր վտանգը՝ անմիջական վնաս պատճառելու քաղաքացիական բնակչության կյանքին ու առողջությանը»,- ասաց Թաթոյանը:
Ինչ վերաբերում է գյուղերի ուղղությամբ արձակված արկերին, Թաթոյանը շեշտեց, որ կիրառվել են այնպիսի հրետանային արկեր, որոնք ներսից պայթում են, բեկորների վերածվում ու կարող են կյանքի ու առողջության համար ակնհայտ վտանգ ներկայացնել:
«Դրանք ունեն նաև մարդուն խոշտանգման ու անվերականգնելի վնաս հասցնելու հատկություններ»,- ասաց պաշտպանը:
Նման արկերից մեկը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում բնակելի տունը վերածել է փլատակների:
ՄԻՊ-ը հայտարարեց, որ մասնագետների հետ ուսումնասիրելու են նաև այդ զինատեսակների՝ միջազգայնորեն արգելված լինել-չլինելու հարցը:
Ի՞նչ է ակնկալում Հայաստանը Ադրբեջանի ղեկավարությունից. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը
Իսկ Չինարիում բնակելի տան բակում ընկած չպայթած արկը, Թաթոյանի խոսքով, հնարավորություն կտա ավելի մանրամասն ուսումնասիրելու կիրառված արկերի ողջ տեսականին:
Մեկ այլ տուն արկի պայթյունի հետևանքով ամբողջությամբ հրդեհվել է:
Թաթոյանը շեշտեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայկական տարածքում բնակավայրերի մոտ ռազմական կրակակետեր երբևէ չեն տեղադրվում, ուստի Ադրբեջանը խաղաղ բնակչության նկատմամբ իր ոտնձգությունները չի կարող ներկայացնել իբրև պատահականության հետևանք:
Թաթոյանը հիշեցրեց, որ հայկական կողմն արդեն Ադրբեջանի գյուղերի անմիջական հարևանությամբ տեղակայված նման կրակակետերի կադրեր է հրապարակել ու հիշեցրեց, որ նույն գործելակերպին ականատես է եղել նաև 2016թ.-ին Արցախի շփման գծի հարևանությամբ գտնվող ադրբեջանական գյուղերում:
Ի՞նչ է կատարվում հայ–ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ–ն նոր տեղեկություն է հայտնում
«Դրանով փորձ է արվում Հայաստանի հնարավոր պատասխանի դեպքում ցույց տալ, թե քաղաքացիական բնակչությանը վնաս է հասցվում»,- ասաց Թաթոյանը՝ նշելով, որ հարցն այս դիտակետից ևս ներկայացնելու է միջազգային կառույցներում:
Պաշտպանը նշեց, որ մի քանի միջանկյալ զեկույցներ միջազգային կառույցներին արդեն ուղարկվել են: Նախատեսվում է առաջիկայում ավելի մանրամասն փաստերով նոր համապարփակ զեկույցներ ներկայացնել:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը
Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։
«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։
«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։
Հիշեցնենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վեճ են ունեցել, դրանից է ծագել խնդիրը։ Նա ասել էր, որ վստահ է` նախկինները կապ չունեն, ներկաների միջև վեճ է եղել, իսկ վեճի պատճառն ըստ Մարուքյանի այն է, որ Փաշինյանը որոշել է պատերազմի ամբողջ պատասխանատվությունը գցել բանակի վրա, ԳՇ-ն հայտարարություն է արել, իսկ փողոցի ընդդիմությունը դա անմտորեն կապել է իր հետ՝ դրանով «պադստավկա անելով» ԳՇ-ին ու օգնելով Փաշինյանին։
Մարուքյանի խոսքով`ԳՇ-ն ոչ մեկի կողմը չէր բռնել, բայց քանի որ փողոցի ընդդիմությունը համարել էր, որ բանակն իրենց է միանում, Փաշինյանը դա օգտագործել էր՝ ասելով, որ ահա, Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը։
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
Իսկ այս րոպեներին շարժումը հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում։ Զուգահեռ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին խոսակցությունները երևակայության արդյունք է համարում։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարեց, որ վերջերս բազմիցս հանդիպել է մարդկանց, որոնք ամենայն լրջությամբ խոսում են այն մասին, որ կցանկանային` Ղարաբաղը լիներ ՌԴ-ի կազմում։
«Իհարկե, դրանք ֆանտազիաներ են, դա նախագիծ է, որը չի իրագործվի թե՛ սկզբունքային, թե՛ հստակ քաղաքական նկատառումներով։ Բայց փաստը մնում է փաստ․ Լեռնային Ղարաբաղում հիմա խորհրդարանը քննարկում է ռուսաց լեզուն որպես ևս մեկ պետական (պաշտոնական,– խմբ․) լեզու ընդունելու հարցը»,-ասաց պատգամավորը։
Նրա տեսանկյունից՝ այդ հանգամանքը խոսում է ռուսական ներկայության ավելացման մասին։ Նա հայտնեց, որ Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Ղարաբաղում։
Քաղաքական գործիչը կարծում է նաև, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու հնգամյա ժամկետ է սահմանվել, սակայն Ռուսաստանը Ղարաբաղ եկել է ընդմիշտ: Ավելին, Զատուլինի համոզմամբ՝ առաջիկա տարիներին պետք է ուժեղացնել ռուսական խմբավորումը Սյունիքի մարզում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ դա իր անձնական փորձագիտական կարծիքն է։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրա համաձայն լիակատար հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։
Ռուսական զենքն իրեն-իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին



