Ֆիրդուսի թաղամասի տներից

Ինչու է Փաշինյանը շարունակում նախկինների հակասական նախագծերը, կամ ինչ եղավ «Հին Երևանը»

841
Հայաստանի իշխանությունները խոստանում են, որ նոր բնակելի համալիրի կառուցման ընթացքում հին թաղամասի հուշարձանները կպահպանվեն, ակտիվիստներն այդ նախագիծն անթույլատրելի են համարում, իսկ բնակիչները հոգնած սպասում են, թե երբ է այս ամենն ավարտվելու։

Հերթական ազատ երեկոն է աշխատանքից հետո։ Ականջակալներով հաճելի երաժշտություն եմ միացնում, նստում հեծանիվ և սկսում շրջել քաղաքի փողոցներով, այն վայրերով որտեղ հեծանիվով դեռ չեմ եղել։ Երևանյան զբոսանքները շատ տարբեր են` նայած ինչով ես զբոսնում՝ ոտքով, մեքենայով, թե հեծանիվով։ Օրինակ՝ միայն մեքենայով անցնելու դեպքում է հնարավոր նկատել շենքերի տանիքները։ Իսկ հեծանիվի շնորհիվ իսկույն հասկանում ես, թե որ փողոցներն անհապաղ նորոգման կարիք ունեն։

Բուզանդի փողոցն հենց այդպիսի նրբանցք է տանում։ Ասֆալտը հին է, ճաքճքած և փոսերով։ Աջ կողմում բարձր մետաղե պատնեշ է, ինչպիսիք հայտնվում են շինարարության ժամանակ, ձախում՝ սեփական տներ են։ Նրբանցքը շատ նեղ է, մեքենայով այստեղ հազիվ թե անցնես, այ հեծանիվն իսկն է։

Дворик старинного здания на улице Фирдоуси (1 июля 2020). Еревaн
Дворик старинного здания на улице Фирдоуси (1 июля 2020). Еревaн

Մի քիչ առաջ անցնելով՝ տեսնում եմ կարմրավուն աղյուսաշեն շինությունը, որն ինձ ծանոթ է Facebook-ի էջերից․հենց այս շենքի քանդումն էր աղմուկ բարձրացրել սոցցանցի հայկական հատվածում` իշխանություններին ստիպելով հայտարարությամբ հանդես գալ։

Գետնին՝ շենքի առջև, երկու գրաֆիտի կա․«Հինը սիրուն է» և «Ctrl+S»՝ համակարգչային «պահպանել» հրահանգի գրառմամբ։ Տեսնելով, որ արդեն հինգ րոպե է՝ դիտում եմ շենքը`ինձ է մոտենում մոտ 50 տարեկան մի տղամարդ՝ սպորտային համազգեստով, ըստ երևույթին՝ տեղի բնակիչ։

-Սիրուն է,-ասում եմ` փորձելով խոսակցություն սկսել։

-Սա՞ է սիրուն։ Էհ, բալես, պիտի շուտ գայիր, որ իսկական սիրունը տեսնեիր։ Քանի՜ շենք քանդեցին Քոչարյանի ժամանակ, քարերը թաքուն տարան-շպրտեցին Դալմայի խաղողի այգիների մոտ։

-Ձեր տունն այստե՞ղ է։ Քանդո՞ւմ են։ Իսկ նոր բնակարան արդեն տվե՞լ են։

-Բնակարանը դեռ վերանորոգվում է, ես անձամբ գնացել, նայել եմ շենքը, լավ տեղ է, կենտրոնին մոտ։ Շատ գոհ եմ։ Այստեղի իմ տունը նկուղի նման է։ Եթե ինչ-որ մեկը պիտի բողոքի՝ Ալվարդ տատն է։ Նրա տունը 200 տարեկան է։ Բայց մենք բոլորս արդեն հոգնել ենք։

Фасад старинного здания на улице Фирдоуси (1 июля 2020). Еревaн
Ֆիրդուսի թաղամասի շենքերից

Տղամարդը ցույց է տալիս երկնագույն ցանկապատը, որի հետևում Ալվարդ տատի 200-ամյա տունն է։ Սովորական տուն է, ոչնչով աչքի չընկնող, հայկական գյուղերում տասնյակ տներ հենց այսպիսի տեսք ունեն։ Երևում է, որ հապշտապ վերանորոգում է արված, պատուհաններից մի քանիսը նոր են։

-Չե՞ք ափսոսում, որ լքելու եք այս տունը,- հարցնում եմ տարեց կնոջը։

Նա կտրուկ նայում է հարևանին և «էս ո՞ւմ ես բերել» հայացքով փնթփնթում․

-Ափսոսամ-չափսոսամ... շատ հիշողություններ ունեմ, թե չէ՝ արդեն փլվում է։

-Գիտե՞ս, ժամանակին բոլորս պահում էինք Ֆիրդուսի հին շենքերի լուսանկարները` արդեն քանդած շենքերի,- ասում է տղամարդը,- մտածում էինք՝ իշխանությունը կփոխվի, կուզեն վերակառուցել հին շենքերը, գոնե կիմանան, թե ինչ տեսք ունեին դրանք։ Բայց հետո մենք անձամբ այդ լուսանկարներն աղբը նետեցինք։ Պետք չեկան։

Այո, իշխանությունը փոխվեց, բայց այս տարածքի կառուցապատման նախագիծը նույնը մնաց։ Դեռ 2015թ․-ին այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Հարավային պողոտայի` Ֆիրդուսի կառուցապատման աշխատանքների համար կառավարությունը 300 միլիոն դոլար է ստացել։ Շինարարությունը պետք է սկսվեր հենց այդ տարի։ Սակայն առաջին քայլն արվեց միայն 2017-ին, երբ տեղափոխեցին Ֆիրդուսի շուկան, և հարյուրավոր առևտրականներ զրկվեցին եկամտի աղբյուրից (ոչ բոլորը համաձայնեցին նոր պայմաններին)։ Նրանց մի մասը որոշ ժամանակ այնտեղ շարունակում էր իրականացնել առևտրային գործունեություն։

Իրանցի բանաստեղծ Ֆիրդուսի անունով փողոցը Երևանի վերջին «խրճիթային թաղերից» է։ Նույնանուն շուկան մի քանի հարյուր տարվա պատմություն ունի։

ՀՀ նախկին իշխանությունները նախատեսում էին քանդել թաղամասի բոլոր հին շենքերը և մոտ 5 հեկտար տարածքի վրա նոր բնակելի թաղամաս կառուցել՝ «33-րդը», որն իր մեջ կներառեր բնակելի շենքեր, բիզնես-կենտրոններ և հյուրանոցներ։ Ամբողջ տարածքը վաճառված է 19 մասնավոր ընկերության, Ֆիրդուսիի հին շենքերը հուշարձանների ցանկում ներառված չեն։ Այդ բոլոր 19 ընկերությունները City Center Development ընկերության դուստր ձեռնարկություններ են։

«33-րդ թաղամասի» գլխավոր ճարտարապետը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն է, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 2011-2018թթ-ին։

Եթե թաղամասի բնակիչներն արդեն հոգնել են իրենց հին տների համար պայքարելուց, ապա Երևանի մտավորականությունը` դեռ ոչ։ Հունիսի 10-ի գիշերը սկսվեց վերոնշյալ աղյուսե շենքի քանդումը, ինչին հետևեցին բուռն սոցցանցային քննարկումները։ Հունիսի 13-ին, բողոքի ալիքից դրդված, Երևանի քաղաքապետարանը ավագանու արտահերթ նիստ գումարեց։

Նիստին մասնակցում էին ոչ միայն իշխանության, այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Ամբողջ նիստի ընթացքում քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ակցիա էր ընթանում՝ ի պաշտպանություն Ֆիրդուսի թաղամասի։ Դրան մասնակցում էր մոտ 30 մարդ՝ «Վերադառնո՞ւմ ենք «հին» Հայաստան», «Չեղարկեք Տարոնի հանցավոր որոշումը», «Պահանջում ենք ամբողջ Ֆիրդուսը ներառել հուշարձանների ցանկում» և նմանատիպ այլ ցուցանակներով։ Քաղաքապետարանի նիստին մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ բողոքողների գործողությունները սաբոտաժ է համարում։

«Ձե՞ռք եք առնում։ Գումարը վճարված է, նախագիծը` սկսված։ Տղերք, մենք վերջը կառուցելո՞ւ ենք Ֆիրդուսը, թե՞ չէ։ Այդքան հուշարձաններ արդեն քանդվել և տեղափոխվել են, եկեք ուղղակի սրանք էլ տեղափոխենք ու փակենք հարցը։ Ինչի՞ համար է այսքան աղմուկը»,-ասել է Մեսչյանը։

Главный архитектор Еревaна Артур Месчян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Մեսչյանը

Բնականաբար, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի նման հայտարարության արդյունքում է՛լ ավելի մեծ աղմուկ բարձրացավ։ Հունիսի 19-ին ՀՀ փոխվարչապետ և արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, մի կողմ թողնելով կորոնավիրուսի համավարակն ու պարետատան մյուս գործերը, հայտարարեց, որ Ֆիրդուսը կառուցապատողները ձեռք չեն տա թաղամասի մի քանի հին տներին։

«Կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում որոշվեց իրենց տեղերում թողնել Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները, վերագնահատել հետևի պլանի շինությունների ճակատամասերը և նոր, ներդաշնակ զբոսաշրջային միջավայր ստեղծել՝ 2-4 հարկանի պատմական շինություններով, փայտե պատշգամբներով։ Ընդ որում՝ շինությունների արանքում 200 մետր երկարությամբ ճեմուղի կլինի»,-հայտարարեց Ավինյանը։

Макет рынка Фирдуси
© Sputnik / Karen Yepremyan
Ֆիրդուսի թաղամասի մակետը

Նա ասաց նաև, որ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023թ․-ի վերջին կամ 2024-ի սկզբին։ Փոխվարչապետի հայտարարությունը չբավարարեց քաղհասարակությանը, նրանք սկսեցին ստորագրություններ հավաքել՝ միջնորդագրի և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված նամակների համար։ Ամբողջ բողոքը կարելի է արտահայտել մեկ նախադասությամբ․ ինչո՞ւ է հեղափոխության և համաժողովրդական շարժման շնորհիվ իշխանության եկած նոր կառավարությունը շարունակում նախկինների հակասական նախագծերը։

«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը

Նամակով 528 մարդ պահանջում է անհապաղ դադարեցնել Ֆիրդուսի թաղամասում ընթացող շինարարական աշխատանքները, չեղարկել Նարեկ Սարգսյանի «անընդունելի» նախագիծը, Երևանի կենտրոնում ցանկացած նոր շինարարության համար հանրային քննարկումները պարտադիր ընթացակարգ դարձնել, նոր տենդեր հայտարարել և ընտրել ժամանակակից նախագիծ՝ Ֆիրդուսի թաղամասի պատմամշակութային շերտերի պահպանմամբ։

Ситуация на рынке Фирдуси в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Ֆիրդուսի շուկայի քանդման աշխատանքները

Նամակը ստորագրել են նշանավոր հայ գործիչները`գրողներ Նարինե Աբգարյանն ու Արամ Պաչյանը, օպերային երգչուհիներ Հասմիկ Պապյանը և Աննա Մաիլյանը, կինոգործիչներ Աշոտ Ադամյանը, Լևոն Աթոյանցը, Սեդա Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանը, նկարիչներ Զարուհի Մուրադյանն ու Մարինա Դիլանյանը, ճարտարապետներ Արմեն Աբրոյանը և Աշոտ Սիմոնյանը, լրագրողներ Արտավազդ Եղիազարյանն ու Լուսինե Հովհաննիսյանը, հասարակական գործիչներ Հրանուշ Խառատյանն ու Տիգրան Հեքեքյանը և այլք։

Ստորագրահավաքը շարունակվում է, հիմա ամենատրամաբանական քայլը վարչապետի արձագանքին սպասելն է․թե՛ քաղաքապետարանը, թե՛ փոխվարչապետն արդեն հանդես են եկել հայտարարություններով։ Տեսնենք` Փաշինյանին ինչպես կհաջողվի լուծել խնդիրը, երբ բողոքողների գլխավոր փաստարկներից մեկը՝ նախկին իշխանությունների անընդունելի գործողությունները, ժամանակին նրա ընդդիմադիր կարիերայի շարժիչ ուժն էին։

841
թեգերը:
Բողոքի ակցիա, Ֆիրդուսի, Արթուր Մեսչյան, Երևանի քաղաքապետարան, Երևան
Ըստ թեմայի
«Հին Երևանի»` խախտումներով շինարարություն իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել
Երևանում ապօրինի շինարարության համար կաշառել է պաշտոնատար անձի. հարուցվել է քրեական գործ
Շուտով կմեկնարկի Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

130
(Թարմացված է 16:49 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։ Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը հաստատեց, որ Սպիտակի հիվանդանոցում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

130
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքը թշնամու հարձակումից հետո

Հոգևորականների շրջանում նաև վիրավոր ու անհետ կորած կա. Տեր Վահրամ քահանա

107
(Թարմացված է 15:57 30.10.2020)
Պատմությունը ցույց է տվել, որ դժվարին պահերին հայ հոգևորականները աղոթքն ու պայքարը մեկ են անում և կանգնում են զինվորի կողքին։ Նրանք աջ ձեռքում խաչը պահած, ձախում՝ զենքը, մարտնչել ու մարտնչում են թշնամու դեմ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «Աջս՝ իմ ժողովրդին, ձախս՝ շուն թուրքերին»...այս խոսքերով սեպտեմբերի 27-ից առ այսօր Արցախի համար մղվող պատերազմում մարտի են դուրս եկել նաև հայ հոգևորականներից շատերը։

Ցավոք, նրանցից երկուսն այլևս մեզ հետ չեն, անմահացան սուրբ հայրենի հողը պաշտպանելիս։

«Գնում եմ մեր սահմանները անառիկ պահող տղաների մոտ». Տավուշի թեմի առաջնորդը մեկնում է Արցախ

Հանուն հայրենիքի և Արցախի ժողովրդի ազատության իրենց կյանքը տվեցին ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը և Ռուստամ սարկավագ Պողոսյանը։ Վերջինս ժամկետային զինծառայող էր։

«Անկախության պաշտպանության զոհասեղանին անգին ընծա դարձավ նաև Ռուստամ սարկավագ Պողոսյանը»,–Facebook-ի իր էջում երիտասարդի նկարին կից գրել է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

Նարեկ սարկավագ Պետրոսյան էլ 2 օր առաջ է զոհվել Արցախում։

«Հանուն հայրենիքի և Արցախի ժողովրդի ազատության իր կյանքն ընծայեց ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանը»,–գրել է Մելիքյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց, որ առաջնագծի հոգևորականներից  31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել և այժմ ապաքինվում է։

«Եվս մեկ հոգևորականի գտնվելու վայրը հայտնի չէ, փնտրում ենք»,-ասաց նա։

107
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, հոգևորական
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Արցախի պաշտպանության բանակը հերթական դիվերսիոն խմբին է ոչնչացրել. տեսանյութ
Արցախի բնակավայրերում հարաբերական հանգիստ է
Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը
Աբբաս Արաղչի

Իրանը Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագիրն այնպես է նախագծել, որ ընդունելի լինի բոլորի համար

0
(Թարմացված է 17:15 30.10.2020)
Իրանական նախաձեռնության մանրամասները գործընկերներին ներկայացնելիս` Թեհրանը հաշվի է առել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նպատակները։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Իրանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և հուսով է, որ իր ծրագիրը կօգնի կայուն խաղաղության հասնել։

Արաղչին նշել է, որ ԻԻՀ–ն մշտապես հայտարարել է հրադադարի հաստատմանն օժանդակելու, երկխոսություն սկսելու և խաղաղություն ու հանգստություն հաստատելու իր պատրաստակամության մասին։ Նա ընդգծել է, որ ԻԻՀ–ն լավ հարաբերություններ է պահպանում երկու երկրների հետ` Հայաստանի և Ադրբեջանի։

Արաղչին շեշտել է, որ իրանական նախաձեռնության մանրամասները գործընկերներին ներկայացնելիս` Թեհրանը մեծ ուշադրությամբ է վերաբերվել հակամարտության գործողությունների ուսումնասիրմանը, հաշվի է առել երկու երկրների` ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նպատակները։

«Եվ այնպիսի առաջարկ ենք արել, որ այն ընդունելի լինի, տարածաշրջանի ազդեցիկ երկրները կարողանան մասնակցել, և հույս ունենք, որ այդ ծրագիրը ճանապարհ կհարթի Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղություն հաստատելու համար», – ընդգծել է Արաղչին։

Ըստ նրա` դա հեշտ չէ, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում «միջամտությունը տարածաշրջանից դուրս ու նրանց կողմից, ովքեր այս տարածաշրջանում խաղաղություն չեն ուզում»։ Արաղչին չի պարզաբանել, թե խոսքն ում մասին է, բայց ավելի վաղ նա ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ կարգավորմանը կարող են մասնակցել և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան։

«ԻԻՀ–ի ջանքերն ու նախաձեռնությունները չեն ժխտում այս հակամարտության կարգավորմանն ուղղված այլ նախաձեռնություններն ու ջանքերը, բայց մենք համոզված ենք, որ տարածաշրջանային ճգնաժամերը տարածաշրջանային լուծում ունեն», – եզրափակել է դիվանագետը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

0
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Հրադադար Արցախում
Ըստ թեմայի
Իրանն ու Ռուսաստանը նմանատիպ մոտեցումներ ունեն Ղարաբաղյան հակամարտության հարցում. Արաղչի
Իրանի նախագահի բանագնացը Ղարաբաղի հարցով խորհրդակցություններ է անցկացրել Մոսկվայում
Իրանի փոխարտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ խնդիրը