ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ինչո՞ւ քննչական մարմինները այլ տարիների ընտրակաշառքի դեպքեր չեն բացահայտել: Այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին այս հարցով դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Այլ տարիների ընտրակաշառքների որևէ այլ արձանագրում չե՞ք արել, և բացառապես 2017-ն է հայտնվե՞լ ձեր ձեռքի տակ» ,- ասաց Թանդիլյանը՝ դատախազին հիշեցնելով, որ 2017թ-ի մայիսի 12-ին ինքն անձամբ է հեռախոսով «լայվ» ռեժիմում արձանագրել ՀՀԿ շտաբի մոտ ընտրակաշառք բաժանելու դեպքերը:
«Այդտեղ էր ինձ հետ միասին նաև այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այսօր 3 նյութ կարող եք գտնել, որտեղ արձանագրում ենք ցուցակներ, ընտրակաշառքի բաժանման դեպքեր»,- ասաց պատգամավորը՝ դատախազին առաջարկելով ուսումնասիրել նաև այդ նյութերը:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանն էլ գլխավոր դատախազին առաջարկեց քրեական գործեր հարուցել ոչ միայն կաշառք տվողների, այլև կաշառք ստացողների նկատմամբ, ինչպես նախատեսում է Քրեական օրենսգիրքը:
Դավթյանը վստահեցրեց, որ բավարար փաստերի բացահայտման պարագայում քրեական պատասխանատվության են արժանանալու նաև կաշառք ստացողները:
Գագիկ Ծառուկյանը բոլոր հարցերին սպառիչ պատասխան է տվել. փաստաբանը մանրամասներ է հայտնում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ Դավթյանին մեկ այլ իրադարձություն հիշեցրեց, թե ինչպես էր նա երկու տարի առաջ նույն դահլիճում միջնորդություն ներկայացնում այն ժամանակ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին:
Գորգիսյանը դատախազին մեղադրեց այն ժամանակ «ակնհայտ քաղաքական պատվեր կատարելու» ու քաղաքական ազդեցության արդյունքում այդ միջնորդությունը հետ վերցնելու համար ու հարց ուղղեց. «Արդյո՞ք այսօրվա միջնորդությունը ևս պայմանավորված չէ քաղաքական պատվերով ու կա՞ որևէ երաշխիք, որ վաղը դարձյալ քաղաքական իրողությունների հետևանքով դուք հետ չեք վերցնելու ձեր միջնորդությունը»:
Գլխավոր դատախազն ի պատասխան հայտարարեց, որ ո՛չ նախկինում, ո՛չ էլ այսօր քաղաքական պատվեր չի կատարել ու չի կատարում:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովին ներկայացրեց պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրեցին ԱԱԾ՝ հարցաքննության:
Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով` ներկայացնելով Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:
Առաջին քրեական գործը «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին վերաբերող գործն է, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:
Թանկարժեք մեքենաներ ու առյուծներ. ԱԱԾ–ն հրապարակել է Ծառուկյանի տան խուզարկության կադրերը
Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են
Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման հետ և այդ պատճառով էլ չի ստորագրում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր այս տեսակետը հայտնեց Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով` ՀՀ նախագահը Սահմանադրական դատարան է դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ, քանզի համարում է, որ այնտեղ կան ինստիտուցիոնալ մոտեցման հետ կապված խնդիրներ, որ զինվորականներին նշանակելու և հեռացնելու համար շատ դեպքերում կան հայեցողական դիրքորոշումներ, որոնք անընդունելի են և սխալ մոտեցման արդյունք են։
«Եթե իշխանության և ընդդիմության միջև լինեն համապատասխան բանակցություններ, միգուցե հնարավոր է ամեն ինչ շատ հանգիստ անել ու գտնել բոլորի համար ընդունելի լուծում կամ հակառակը` գործընթացը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որի առթիվ լավ կանխատեսումներ չունեմ»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։
Պողոսյանի կարծիքով` լարվածության հետագա սրացման դեպքում կարող են լինել ռեպրեսիաներ ու վենդետաների երևույթներ` չնայած, որ իշխանությունները դեռ 2018 թվականին են հայտարարել, որ վենդետաներ չեն լինելու, բայց հետո ականատես ենք եղել բազմաթիվ դեպքերի, երբ մարդկանց առանց իրավական հիմքերի հեռացնում էին աշխատանքից, կամ տեղի էին ունենում ինչ–որ գործընթացներ։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։



