ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պահանջում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որտեղ նշված է, թե ինքը կորոնավիրուսով է վարակվել։ Facebook-ի իր էջում պատգամավորը գրառում է կատարել՝ նշելով, որ ինքը՝ որպես քաղաքացի, ճիշտ կառավարվելու իրավունք ունի։
«Սաղ խառնվել ա իրար...Ժողովրդի վարչապետը հիվանդ է, վարակակիր...Ես, որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ իմ կոտրած ձեռով ընտրված վարչապետը 24 ժամվա ընթացքում հրապարակի այն բժշկական տեղեկանքը, որով հաստատվել է իր՝ վարակակիր լինելու փաստը»,- գրել է Պետրոսյանն ու հավելել՝ որևէ մեկը չփորձի պնդել, թե դա անձնական տվյալ է: Վարչապետն ինքն է հայտարարել իր հիվանդանալու մասին, ուստի, ըստ Պետրոսյանի, այդ տեղեկությունն այլևս գաղտնի չէ։
«Դե քեզ տեսնեմ Նիկոլ Փաշինյան...Ժամանակը գնաց...»,- հավելել է Գևորգ Պետրոսյանն ու օրինակ ծառայել վարչապետի համար՝ հրապարակելով իր հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը։
Նշենք, որ ըստ բժշկական տեղեկանքի՝ Պետրոսյանի համար Covid 19 չի ախտորոշվել։
Ինչ է պետք անել կորոնավիրուսի դեմն առնելու համար. վարակաբանության պրոֆեսորի կարծիքը
Հիշեցնենք, որ հունիսի 1–ին` Փաշինյանի ծննդյան օրը, հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու ողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանք մեկուսացել են վարչապետի կեցավայրում, որտեղից էլ և Փաշինյանը շարունակում է աշխատել։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը նրա փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը քաղաքական հետապնդում է որակում` այն կապելով Հակոբյանի քաղաքական ակտիվության հետ։
«Եթե այդ փաստերը հայտնի են եղել 2017-18թթ–ին, ինչո՞ւ է այդ մասին բարձրաձայնվում միայն այն բանից հետ, երբ պարոն Հակոբյանը ինչ–որ ակտիվություն դրսևորել քաղաքականության մեջ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով քրեական գործը, ասաց փաստաբանը։
Բանն այն է, որ քրեական գործը հարուցվել է 2019թ. օգոստոսին Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների փաստով` քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(յուրացում կամ վատնում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Քրեական գործի նյութերի համաձայն, նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականներն ու վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել։
Հակոբյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալն այս պահին վկայի կարգավիճակ ունի։ Մեղադրանք չի առաջադրվել, նա ազատության մեջ է։ Վահե Հակոբյանը հունվարի 29-ին հրավրվել է քննչական մարմին` վկայի կարգավիճակով հարցաքննության։
«Սակայն քննչական գործից մենք այնպիսի ենթադրություն ենք անում, որ Վահե Հակոբյանը միայն վկայի կարգավիճակով չի անցնելու։ Մենք գրեթե վստահ ենք, որ նրա կարգավիճակը փոխվելու է»,– ասաց փաստաբանը։
Քրեական գործում հիշատակվող նախկին մարզպետի օգնականների ու վարորդի իրավական կարգավիճակի, քրեական գործում ներգրավված լինել–չլինելու մասին տեղեկություններ Ժիրայր Ղարագյոզյանը չունի։
«Մենք ներկայացնում ենք Վահե Հակոբյանի շահերը։ Վարորդի և օգնականների մասով տեղեկություններ չունեմ։ Այս պահի դրությամբ իրենք մեր վստահորդը չեն հանդիսանում»,– ասաց փաստաբանը։
Հիշեցնենք` Վահե Ալբերտի Հակոբյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերի 6-ին։
2017 թվականի հունվարի 3-ին ընտրվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։
2018թ–ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Վահե Հակոբյանը հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ` չնայած այն հանագամանքին, որ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր մարզպետները պետք է փոխվեն։
2018թ–ի հունիսին, ՀՀ կառավարության որոշմամբ, Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեց մարզպետի պաշտոնից։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասացին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են, այն կայանալու է մոտ օրերս:
«Հանդիպման օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,–ասացին գրասենյակից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում վաղը` հունվարի 27–ին, նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում։
Տեղեկացվում էր, որ փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև Հայաստանն ու Ռուսաստանը:
Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը
Հիշեցնենք, որ փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Ալեքսեյ Նավալնին պետք է Արևմուտքին՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Անձինք, որոնք ներկայումս ղեկավարում են Ուկրաինան, արել են այդ հայտարարությունն ի վնաս սեփական ժողովրդի ու արտասահմանում մշակված վարքագծի համապատասխան։ Դրանում զարմանալի ոչինչ չկա։ Արևմուտքին այդ «գործիչը» հարկավոր է Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու, սոցիալական ցնցումների ու նոր «մայդանների» համար», - ասել է Պատրուշևը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում։
«Նա, այդ «գործիչը», բազմիցս կոպտորեն խախտել է ռուսական օրենսդրությունն ու խոշոր չափերի խարդախությամբ է զբաղվել։ Նա, որպես Ռուսաստանի քաղաքացի, պետք է իր հակաիրավական գործունեության համար պատասխանատվություն կրի», - ավելացրել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Հիշեցնենք՝ հունվարի 17-ին ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել։ Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից։ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։
Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։
Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:
Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով: