Ucom ընկերություն

Ucom-ի շուրջ նոր կրքեր են հասունանում. նոր տնօրենը պաշտոնապես չի նշանակվել

531
(Թարմացված է 13:10 18.04.2020)
Եսայանների ու Խաչատրյանների պայքարը շարունակվում է: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը կասեցրել է «Ucom» ընկերության նորընտիր տնօրենի գրանցումը և կողմերին հրավիրել լսումների:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. «Ucom» փակ բաժնետիրական ընկերության նոր գլխավոր տնօրենի պետական գրանցումը հետաձգվում է 20 օրով: Նման որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:

Նոր տնօրենի գրանցման հարցով հարուցվել է վարչական վարույթ, որի ընթացքում կազմակերպվող լսումներից հետո միայն հայտնի կդառնա՝ Արա Խաչատրյանը կգրանցվի որպես գլխավոր տնօրեն, թե ոչ:

Խնդիրն այն է, որ գործակալության պետի պաշտոնակատար Տաթև Մկրտչյանն ապրիլի 16-ին միանգամից երկու դիմում է ստացել: Մեկը՝ Արա Խաչատրյանից, որտեղ կցված է եղել նաև տնօրենների խորհրդի նիստի` ապրիլի 14-ի որոշումը՝ իրեն ընկերության գլխավոր տնօրեն ընտրելու մասին: Մյուսը՝ «Ucom»-ի բաժնետեր, տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Եսայանից, որը հայտնել է, թե ապրիլի 14-ին կայացած նիստն անցել է բազմաթիվ խախտումներով:

Եսայանը պետռեգիստրի գործակալությանը հայտնել է նաև, որ հիշյալ նիստը հրավիրվել է «Ucom»-ի տնօրենների խորհրդի անդամ Գուրգեն Գագիկի Խաչատրյանի նախաձեռնությամբ:

Երկու դիմումների ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը որոշում է կայացրել ապրիլի 21-ին, ժամը 17:20-ին լսումներ անցկացնել, որոնց մասնակցելու հրավերներ են ուղարկվել նաև դիմումներ ներկայացրած անձանց՝ նորընտիր տնօրեն Արա Խաչատրյանին, տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Եսայանին ու նաև վերջինի եղբորը՝ ընկերության գործադիր մարմնի ներկայիս ղեկավար Հայկ Եսայանին:

Հիշեցնենք` օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ «Ucom»-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:

Մեկ օր անց՝ ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը:

Նշենք, որ Արա Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Ավելին, նա Առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարար էր։ Արա Խաչատրյանը նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է:

Իսկ Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել է տնօրենների խորհրդի նիստը՝ Արա Խաչատրյանի ընտրության նպատակով, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին է:

Մամուլին հասած տեղեկություններով` նա տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, ապա այդ գումարները «լվանալուց» հետո արդեն օրինական ճանապարհով փոխանցել Հայաստան՝ ներկայացվելով որպես «Ucom» ընկերության ներդրում:

Ըստ լուրերի` այս փաստերը հայտնվել են ԱԱԾ-ի ձեռքում, որոնց հիման վրա Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով՝ փողերի լվացումը, կոնվերտացումը:

Գուրգեն Խաչատրյանի փաստաբանական թիմը, սակայն, հերքել էր իրենց պաշտպանյալին նման մեղադրանք առաջադրելու մասին լուրը:

531
թեգերը:
Տնօրեն, UCom ընկերությունը, Հայաստան
Նիկոլ Փաշինյանն ու պարետ Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան

1
Վարչապետը վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ լրջագույն աշխատանք պետք է իրականացվի պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով։ Փաշինյանը նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ–ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի` այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիստը, ի դեպ,վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով է վարել, քանի որ նրա մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել։ 

«Չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. տեսանյութ

Քննարկման ժամանակ նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ երեխաներ իրար շատ մոտ կանգնած, առանց դիմակների մասնակցում Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
Նա ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 517-ով և հասել 10009–ի

1
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Նկոլ Փաշինյան

Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին

2
(Թարմացված է 15:31 02.06.2020)
Ալեքսանդր Մյասնիկովը խոսեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին, ասաց, թե կորոնովիրուսն ինչ «նախասիրություններ» ունի, և անդրադարձավ Հայաստանին ու Վրաստանին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայտնի սրտաբան, Մոսկվայի Ժադկևիչի անվան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա–Երևան–Մինսկ տեսակապի ժամանակ ասաց, որ աշնանը կորոնավիրուսի երկրորդ ալիք է սպասվում, բայց այն պակաս ագրեսիվ կլինի։

Նա նշեց, որ համավարակի սկզբի համեմատ վիրուսի ագրեսիվությունը հիմա էլ է նվազել։ Փորձը ցույց է տվել, որ այն տևում է երեք ամիս, 1.5 ամիս տարածվում է, հետո անկում է ապրում։ Միևնույն ժամանակ Մյասնիկովն ընդգծեց, որ կորոնավիրուսը որոշակի գենդերային, տարիքային և ռասայական «նախասիրություններ» ունի։ Ավելի շատ մահանում են տղամարդիկ, քան կանայք, ծերերի համար ավելի վտանգավոր է, քան երեխաների, իսկ լատինամերիկացիներն ու աֆրոամերիկացիներն ավելի հաճախ են հիվանդանում։

«Մեր փորձը ցույց է տվել, որ ամենածանր հիվանդները կովկասցիներն ու ասիացիներն են։ Եթե մենք կովկասցու ազգանունով տարեց մարդ ենք տեսնում, հասկանում ենք, որ նրան պետք է ավելի ուշադիր հետևենք», –ասաց նա։

Այդուհանդերձ, նա չկարողացավ ասել, թե ինչու է հարևան երկու երկրներում` Հայաստանում և Վրաստանում, հիվանդացության հետ կապված իրավիճակը խիստ տարբեր։ Նա բերեց ամերիկյան Ֆլորիդա և Նյու Յորք նահանգների օրինակը, որոնցից առաջինում տարեցները շատ են, բայց հիվանդության հետ կապված իրավիճակը նորմալ է, իսկ երկրորդում` ծայրահեղ բարդ։ Սակայն Մյասնիկովը չբացառեց, որ Վրաստանում խիստ կարանտինն է դրական արդյունք տվել։

Բժիշկն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի վարակվելու թեմային։

«Անկասկած, նրանց պաշտպանել են, փորձել են զերծ պահել կորոնավիրուսից։ Հավանաբար դիմակներ են կրել, հատուկ խոհարարներ և հավաքարարներ վերցրել, չէ՞ որ փողոցից որևէ մեկին մոտ չեն թողել, որտե՞ղ են նրանք վարակվել։ Անբացատրելի է», – ասաց նա։

Մյասնիկովը բերեց Ժադկևիչի անվան հիվանդանոցի օրինակը, որտեղ կորոնավիրուսով է վարակվել բժիշկների 20%–ը։ Ըստ նրա` երբեմն մարդիկ նույն ափսեից են ուտում, սակայն մեկը հիվանդանում է, իսկ մյուսը չի վարակվում։ Կան դեպքեր, երբ նրանք նույն անկողնում են քնում, նրանցից մեկը հիվանդանում է, մյուսը` ոչ։

Այս համատեքստում բժիշկը կարծում է, որ հիվանդությունը պետք է մի քանի տարի ուսումնասիրվի լիարժեք հասկանալու համար, թե ինչպես է այն տարածվում, ովքեր են ավելի շատ վարակվում։

Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա, նրա համոզմամբ, առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստումներ չեն լինի։ Իսկ եթե նույնիսկ լինեն, բժիշկը խորհուրդ չի տալիս առայժմ պատվաստվել, քանի որ հայտնի չեն կողմնակի ազդեցությունները։

Նշենք, որ հունիսի 2-ի դրությամբ Հայաստանում COVID-19–ի բացահայտված դեպքերի թիվն ավելացել է 517–ով և հասել 10009–ի։ Մեկ օրում բուժվել է ընդամենը 25 մարդ, բուժվածների ընդհանուր թիվը 3427 է։ Բուժում է ստանում 6368 մարդ, երկրում ընդհանուր առմամբ 59917 թեստավորում է անցկացվել։ Կորոնավիրուսից մահացել է 158 մարդ, ևս 56–ն էլ մահացել են այլ հիվանդություններից։

2
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից
Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել
Աննախադեպ ցուցանիշ. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 19 մարդ է մահացել