Ինքնաթիռ

Հայաստանից ԵՄ չվերթերի դադարեցման հարց չի քննարկվում. Քաղավիացիայի կոմիտե

228
(Թարմացված է 18:45 04.04.2020)
Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության ավիացիոն գոտու հետ ավելի սերտ համագործակցելու մասին: Սպասվում է համապարփակ փաստաթուղթ, որը կվերացնի փոխադարձ թռիչքների բոլոր սահմանափակումները:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Ժաննա Տեր–Վարդանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Երևանն ու Բրյուսելը Հայաստանից Եվրամիություն չվերթերը դադարեցնելու հարց չեն քննարկում։

«Որևէ միջազգային կազմակերպություն իրավասու չէ զրկելու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին լիցենզիայից։ Սույն հարցի շուրջ կոմիտեն պաշտոնապես պարզաբանում կներկայացնի»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր հայկական մի շարք ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, թե ԵՄ թռիչքային անվտանգության գործակալությունը (EASA) տեխնիկական մի շարք խնդիրների պատճառով պատրաստվում է վերանայել Հայաստանի հետ հարաբերությունները։ Ընդ որում` EASA-ն պաշտոնապես չի հրապարակել նման փաստաթուղթ:

Հայաստանի և ԵՄ-ի ներկայիս իրավապայմանագրային դաշտը ներառում է օդային ծառայությունների մասին, այսպես կոչված, հորիզոնական պայմանագիր, որը ստորագրվել է 2008 թվականի դեկտեմբերին Բրյուսելում: Բացի այդ, Հայաստանը նմանօրինակ երկկողմանի համաձայնագրեր է կնքել եվրոպական մի շարք երկրների հետ: Այդ երկրներում գրանցված ավիաընկերությունները կարող են թռիչքներ կատարել դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով:

Հիմա Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության ավիացիոն գոտու հետ ավելի սերտորեն համագործակցելու համար: Դրա համար պետք է ավիացիոն տարածքի մասին համապարփակ համաձայնագիր ստորագրվի, ըստ որի` Բրյուսելն ու Երևանը կվերացնեն փոխադարձ թռիչքների բոլոր սահմանափակումները:

228
թեգերը:
Քաղավիացիայի կոմիտե, չվերթ, Եվրամիություն, Հայաստան
Ըստ թեմայի
Դեսպանությունը փորձում է լուծել Իսրայելում մնացած ՀՀ քաղաքացի 9 ուսանողի խնդիրները. ԱԳՆ
Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար ապրիլի 6-ին չարտերային թռիչք կկազմակերպվի
Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն առայժմ չեն կարող մեկնել երկրից. ի՞նչ պետք է անեն նրանք
Ջուր

Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

3
(Թարմացված է 12:57 26.09.2020)
2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ 2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի մի շարք թաղամասերի շենքերում ու առանձնատներում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

Նման գրաֆիկ կգործի Աջափնյակ թաղամասի Հալաբյան, Ֆուչիկ, Մազմանյան, Մարգարյան, Ավանի Ծարավ աղբյուր, Արաբկիրի Կոմիտաս, Խաչատրյան, Քոչար, Հակոբյան, Էրեբունու Դավիթ–Բեկ, Բելինսկի, Ռոստովյան, Որմնադիրների, Շենգավիթի Արարատյան, Արտաշիսյան, Թադևոսյան, Նժդեհ, Քանաքեռ–Զեյթունի Ուլնեցի, Ռայնիս, Թբիլիսյան, Մալաթիա–Սեբաստիայի Վանտյան, Կուրղինյան, Մեծարենց և այլ փողոցների որոշ շենքերում ու առանձնատներում։

Դավթաշեն և Նուբարաշեն թաղամասերի բոլոր շենքերում և առանձնատներում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Կենտրոն թաղամասում ջուրը կանջատվի միայն Ռուսթավելու, Կոզեռնի, Ս. Հովհաննեսի և Օստրովսկու փողոցներում, իսկ Նորք–Մարաշում գիշերը ջուր չեն ունենա միայն Հովսեփյան փողոցի և Նորքի 2, 6, 9, 13, 15 և 17 տների բնակիչները։ 

Հայտարարության մեջ «Վեոլիա ջուրը» նման որոշումը մեկնաբանում է ընկերության «ներկայիս տեխնիկական հնարավորություններով»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության գրաֆիկը։

Հասցեների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

3
թեգերը:
ջուր, Հայաստան
Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյանի հանդեպ հաշվեհարդարի պատվիրատուները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ». ԲՀԿ

7
(Թարմացված է 12:37 26.09.2020)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ իրենց վախեցնել և լռեցնել չի հաջողվելու։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։

«Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Դատարանը որևէ հիմնավոր փաստ չներկայացրեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությունը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է»,– նշված է հայտարարության մեջ:

Ըստ ԲՀԿ–ի` իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ , հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ և ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։

«Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»,– վստահեցնում է կուսակցության քաղաքական խորհուրդը։

ԲՀԿ–ն նշում է, որ մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի և սարսափի մթնոլորտ, ինչը չի ստացվելու։

«Գագիկ Ծառուկյանի և մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել և լռեցնել չի հաջողվելու և վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք`  ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

7
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները