Աշոտ Երեմյան

Կորոնավիրուսին հաջողվեց անել այն, ինչ նույնիսկ պատերազմը չէր արել. զրույց մեքենավարի հետ

797
(Թարմացված է 08:56 02.04.2020)
Sputnik Արմենիայի հետ զրույցում Աշոտ Երեմյանը պատմում է, թե ինչ զգացողություններ է ունեցել մետրոյի աշխատանքը կասեցվելու հետ կապված և ինչ է անելու կարանտինի ժամանակ։

 

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Ապրիլի 1-ին, ժամը 09։10–ին, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի հիմնադրումից հետո 39 տարվա ընթացքում առաջին անգամ՝ կանգնեց վերջին գնացքը։ Եվ սա ապրիլմեկյան կատակ չէր. պարզապես կորոնավիրուսի համավարակին հաջողվեց անել այն, ինչն ի զորու չէին անել պատերազմն ու 90-ականների տնտեսական դժվարությունները։

«Երբ գնացքը կանգնեց, տխուր զգացողություն առաջացավ։ Դեռ երբեք մետրոն այսքան դատարկ չէր եղել։ Նույնիսկ պատերազմի ժամանակ չենք դադարեցրել աշխատանքը։ Մարդիկ իրենց գրաֆիկները մեր գրաֆիկի հետ էին հարմարեցնում։ Այն ժամանակ մեր աշխատանքն անհրաժեշտություն էր, իսկ հիմա պետք է, որ մետրոն կանգնի»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող մեքենավար, մետրոպոլիտենի մասնաճյուղերից մեկի շահագործման գծով պետի տեղակալ Աշոտ Երեմյանը։

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հետևում են, որ պարետի հրամանը կատարվի

Նա խոստովանեց, որ մեքենավարները լքում էին իրենց խցիկները անսովոր տխուր զգացողությամբ, միևնույն ժամանակ հուսալով, որ այս վիճակը երկար չի տևի։ Ստորգետնյա կյանքն ամբողջությամբ կանգ չի առնի. մեքենավարները երբեմն աշխատանքի են գնալու և «աշխատեցնեն» գնացքը։ Սա արվելու է գնացքների աշխատանքային վիճակը պահպանելու համար, և որպեսզի մետրոպոլիտենն ամեն րոպե պատրաստ լինի վերսկսելու իր աշխատանքը։

Տղամարդիկ չեն պատկերացնում՝ ինչով են զբաղվելու այս 10 օրը, քանի դեռ մետրոն կանգնած է լինելու։ Բայց միևնույն ժամանակ համաձայն են պարետատան որոշման հետ, քանի որ քաջ գիտակցում են՝ մետրոյի վագոնում վարակվելու հավանականությունը մեծ է։

«Վերջին օրերին մենք անընդհատ մտածում էինք ոչ միայն անվտանգ երթևեկության, այլև ուղևորների և գործընկերների առողջության մասին։ Դա մեզ խանգարում էր աշխատել։ Ճգնաժամային իրավիճակում պետք է անսովոր որոշումներ ընդունել, և այդպես էլ արվեց», – շեշտում է Երեմյանը։

Նա ևս որոշում է կայացրել և գիտի, թե ինչով է զբաղվելու ինքնամեկուսացման ժամանակ. առցանց շախմատ է խաղալու, գիրք է կարդալու, հեռուստացույց է դիտելու և շփվելու է հարազատների հետ։ 30 տարի առավոտյան 7-ից մինչև 20:00-ն աշխատել է: Այդ գրաֆիկի պայմաններում կինն ու որդին հասցրել են կարոտել իրեն, իսկ հիմա ժամանակ կլինի զրուցելու և քննարկելու ընտանեկան հարցերը։ Մեքենավարը կատակում է, որ առանց միմյանց նյարդեր ուտելու էլ չի անցնի այս ժամանակը։

Հյուր գնալ կամ ընդունել Երեմյանը չի պատրաստվում: Նույնիսկ թոռանը չի այցելի, քանի որ ինքնամեկուսացումը կարևոր է համարում։

«Սիրում եմ հանգստյան օրերին «ծուխը երկինք հանել» (խորոված պատրաստել), բայց դա չեմ անի այնքան ժամանակ, մինչև համոզված չլինեմ, որ վիրուսն այլևս չի սպառնում», – եզրափակեց նա։

Նշենք, որ ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 571–ի։ Պարետ Տիգրան Ավինյանը որոշում է կայացրել մինչև ապրիլի 12–ը ներառյալ դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Մետրոն դադարեցրել է իր գործունեությունն արդեն ապրիլի 1-ից։ Բացի այդ, երկրում սահմանափակվել է տնտեսական գործունեությունը։

Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն հսկիչ անցակետեր են տեղադրել քաղաքացիների և ավտոմեքենաների տեղաշարժը վերահսկելու համար։ Հասարակական տրանսպորտի գործունեությունն արգելվում է` բացառությամբ տաքսիների և երկաթուղային տրանսպորտի։ Աշխատանքի գնալիս պարտադիր պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք գործատուից։ Պետական գերատեսչությունների դեպքում այդ տեղեկանքները կփոխարինվեն ծառայողական վկայականներով։

Հետևել կնոջն ու գտնել ամուսնո՞ւն. ինչպե՞ս են մեկնաբանում «վերահսկողության մասին օրենքը»

797
թեգերը:
Հայաստան, Արտակարգ դրություն, Երևան, կորոնավիրուս, մեքենավար, մետրո
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը չի նահանջում. աշխարհում վարակակիրների թիվը շուրջ 860 հազար է
Կարանտինը և դրա խախտման համար սահմանված պատժաչափերը Հայաստանում և շրջակա երկրներում
Իշխանությունը կօգնի՞ այս օրերին աշխատանքը կորցրած վարորդներին
«Զվարթնոց» օդանավակայան

Հայաստանից Ռուսաստան հինգ չվերթ կիրականացվի․ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել

0
(Թարմացված է 19:23 03.08.2020)
Ի տարբերություն նախորդ չվերթերի, որոնց կարող էին մասնակցել միայն Ռուսաստանի կոնկրետ շրջանների բնակիչները, այս թռիչքները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՌԴ քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստանից Ռուսաստան վերադառնալ, կարող են օգտվել օգոստոսին կայանալիք հինգ ավիաչվերթից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 5-ին` տեղական ժամանակով 15:50-ին, տեղի կունենա Գյումրի-Մոսկվա չվերթը։ Օգոստոսի 8-ին Երևանից Սոչի և Դոնի Ռոստով մեկական չվերթեր կկազմակերպվեն։ Իսկ օգոստոսի 10-ին Երևանի «Զվարթնոցից» օդանավեր կթռչեն դեպի Կալուգա և Սանկտ Պետերբուրգ։

Չվերթի համար պետք է գրանցվել հետևյալ հղումով։ Տեղերը սահմանափակ են։ Ցուցակները ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

Այս չվերթները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

Հիշեցնենք` Ռուսաստանը մարտի 27-ից կորոնավիրուսի պատճառով դադարեցրել էր այլ երկրների հետ պարբերական և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում տարհանման, ինչպես նաև բեռնափոխադրող, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, դատարկ ինքնաթիռների տեղափոխումը՝ տեխսպասարկման համար, տրանզիտային թռիչքները երկրի տարածքում՝ վերալիցքավորման կամ անձնակազմի փոփոխության վայրէջքով, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով։ Ռուսաստանն օգոստոսի 1-ից ավիահաղորդակցությունը վերսկսել է երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ:

0
Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

2
(Թարմացված է 19:04 03.08.2020)
2019-ին Հայաստանում տպվել է 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել 2019 թվականին կատարված ՊԵԿ-ի միջոցառումների կատարողականը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Համաձայն Հովհաննիսյանի ներկայացված զեկույցի՝ 2019-ին Հայաստանում տպվել է ավելի շատ ՀԴՄ կտրոն, ՊԵԿ-ում կատարվել են ավելի շատ գանձումներ և հարուցվել են քրեական գործեր, քան 2018-ին և մնացած նախորդ տարիներին։ Օրինակ՝ 2019-ին Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

Նվազել են ՊԵԿ-ի ստուգումները։ 2019-ին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը 92.0%-ով: 2019-ին 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու նորարար վեբ-ծառայություններ:

Հովհաննիսյանը խոսել է նաև Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների մասին։ Նա հայտնել է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի 2022-ի վերջին:

Փաշինյանը սրան ի պատասխան հանձնարարել է կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն: Նա նաև հավելել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները:

Խորհրդակցության վերջում ՊԵԿ նախագահը վարչապետին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

2
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գևորգ Պետրոսյանը խոստացել է ավլել Հանրապետության հրապարակը, եթե...