ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սիսիան քաղաքում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ ընդգծելով, որ գերագնահատել է անզեն աչքով մարդու առողջական վիճակը գնահատելու իր ընդունակությունը։
«Ես ցանկանում եմ ընդունել իմ երկու սխալները։ Առաջինը, որ գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, իսկ երկրորդը, որ թերագնահատել եմ այն, որ քաղաքացին կարող է վարչապետի հետ խոսելիս կաշկանդվել ու չնշել իր առողջական վիճակի մասին։ Այժմ ներողություն եմ խնդրում Մեխակից ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից»,- նշեց վարչապետը։
Նա մանրամասնեց, որ Ստեփանավանում այդ տղան մոտեցել է իրեն և ասել, որ երկրաշարժից տուն է կորցրել, տուն չունի, տնակում է ապրում։
«Ես ասացի, որ առողջ տղամարդը չի դիմի մեկ ուրիշ առողջ տղամարդու տան հարցով։ Ես նրան ասացի, որ առողջ տղամարդը պետք է աշխատի ու իր ընտանիքի կարիքները հոգա, այլ հարց է, որ պետությունը պետք է դրա համար պայմաններ ստեղծի։ Երեկ տեսանյութ հայտնվեց, որտեղ այդ տղան պատմում է, որ առողջական խնդիրներ ունի»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ տեսանյութից հետո մտածում է` արդյոք այդ տղայի հետ խոսակցության մեջ ինչ-որ սխալ բան է ասել։
«Մենք մարդ ենք, սխալական ենք, բայց մենք նենգ ու անազնիվ բան չենք անի քաղաքացու նկատմամբ։ Ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»,–ասաց վարչապետը։
«Այս ընթացքում խոսեցի ՌԴ վարչապետի հետ». Փաշինյան
Նշենք, որ մարտի 7-ին Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանի և կուրթանցի երիտասարդի զրույցը մեծ արձագանք ստացավ սոցցանցային տիրույթում։ Օգտատերերի մի մասը վարչապետի արձագանքը կոշտ էր համարել, մյուս մասը դրանում մոտիվացնող երանգ էր նկատել: Սոցիալական ցանցերում քննարկումներն ավելի թեժացան, երբ համացանցում հրապարակվեց մի տեսանյութ, որում Մեխակը պատմում էր իր և երեխաների առողջական խնդիրների մասին։
Փաշինյանն առաջարկում է վերանայել դենդրոպարկի մուտքի գինը. լեհերի համար բացառություն կարվի՞
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության ու նախագահ Արմեն Սարգսյանի՝ մարտի 2-ին կայացրած որոշման հետ կապված իրավիճակին։
Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։
Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։
Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։


