Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը բանակում զոհվածների ծնողներին խնդրի լուծման իր տարբերակներն առաջարկեց. տեսանյութ

190
(Թարմացված է 11:06 08.03.2020)
ՀՀ վարչապետը տոնական օրով իր մոտ էր հրավիրել որդեկորույս ծնողներին` այսօրվա խորհուրդն օգտագործելով տարիներ շարունակ չլուծվող խնդիրները քննարկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ընդունել էր զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ամեն հինգշաբթի բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Շնորհավորելով կանանց` նա ասաց, որ հանդիպման առաջնային նպատակն այսօրվա խորհուրդն օգտագործել տարիներ շարունակ չլուծվող խնդիրները քննարկելու համար։

«Այսօր քննվող գործերը կամ դրանց դետալները չենք քննարկելու, այսօր հրավիրել եմ ձեզ լուծման տարբերակներ առաջարկելու համար»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ինքը շատ մեծ ցավ է ապրում, երբ որդեկորույս մայրերն ամեն անգամ որևէ տեղ բողոքի ակցիա են անում։ «Բայց սա ինչպես ձեզ համար է ցավ, ցավ է մեր ամբողջ ժողովրդի համար։ Մենք պետք է հասկանանք, որ այսպես չի կարող շարունակվել, դուք չպետք է տասնամյակներով կառավարության շենքի մոտ կանգնեք և լուծում պահանջվեք, այս խնդիրները պետք է լուծվեն»,–ասաց նա` հավելելով, որ սա պրոբլեմ է մեր պետության, մեր զինված ուժերի, մեր իրավապահ մարմինների և մեր կառավարության համար։

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը լուծման իր տարբերակներն առաջակեց.

  1. Այս ամենի արդյունքում դուք պետք է դադարեք ձեր ակցիաները, բայց մինչ այդ մենք պետք է խնդրի լուծման տարբերակ գտնենք։
  2. Նշված քրեական գործերն առաջարկենք այլ քննչական մարմինների, որոնք նախկինում չեն ունեցել որևէ առնչություն այդ գործերի հետ։
  3. Քննչական գործերով խորհրդակցություններ հրավիրենք  վարչապետի մոտ, որոնք կրկին ուղիղ եթերով կհեռարձակվեն։
  4. Ձևավորեք խումբ ձեզ համար վստահելի իրավապաշտպանների, իրավաբանների մասնակցությամբ, և մենք միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ բոլոր գործերի քննությունները և քրեական գործերի ղեկավարումն իրականացնի այդ խումբը։
  5. Քննիչներն ու դատախազները ներկայանան ԱԺ պատասխանեն պատգամավորների հարցերին, որոնց արդյունքում էլի կազմվեն դատավարական և օպերատիվ հետախուզական գործողությունների պլաններ, ցուցումներ։
  6. Վարչապետի հանձնարարությամբ կազմենք միջգերատեսչական աշխատանքային  խումբ, որում ընդգրկված կլինեն նախաքննություն իրականացնող մարմինը, հսկողություն իրականացնող դատախազը, ՀԿ ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ։
  7. Գործերի վերաբերյալ նկարահանենք ֆիլմեր, որտեղ խոսեն դատախազը, ձեր նշած մարդիկ, որպեսզի հանրության դատին ներկայացնենք, թե ինչ ընթացք ունեցան այս վիճահարույց գործերը։

Վարչապետը որդեկորույս ծնողներին ներկայացրեց լուծման իր նախանշած տարբերակները և խնդրեց նրանց որևէ գործի կամ գործի դետալի մասին հիշատակում այսօր չանել, որովհետև այսօրվա քննարկումը այլ նպատակ ունի` քննարկել` ոնց այս վիճակից դուրս գալ։

ՊՆ–ն թելադրում է Քննչական կոմիտեին. զոհված զինվորի փաստաբանը չի վստահում նախաքննությանը

Որդեկորույս մայրերից մեկն ասաց, որ 10 տարի է այս նույն բանն արվում, և այս շղթան պտտվում։ «Քննիչներն ի սկզբանե ոնց կեղծել են, շարունակում են կեղծել»,–ասաց նա։

Ծնողներից մեկն էլ լուծումը տեսնում է իրավապահ համակարգում բոլորին փոխելու մեջ։ «Սիստեմը որ կա` դատախազություն, քննչական մարմին`ստեղծել են մի կծիկ, որով հեշտ է զինվորի մահը կեղծել, իսկ մեզ մի բան է հետաքրքիր` մեր որդին ինչից է մահացել։ Այս համակարգը պետք է փոխել, բոլորին պետք է փոխել, մենք հեղափոխություն ենք արել, որ այդ նույն դեմքերին էլ չտեսնենք»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին

Քննարկման մասնակիցները շնորհակալություն հայտնեցին հանդիպում–քննարկման համար, իսկ վարչապետը մասնակից կանանց ծաղկեփնջեր նվիրեց տոնի կապակցությամբ։

190
թեգերը:
մայր, Զոհ, Զինվոր, Բանակ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (973)
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը պարգևատրել է զոհված զինծառայողին
Զոհված զինծառայողների` փոխհատուցման ենթակա ընտանիքների ցանկն ընդլայնվել է
Բախում ոստիկանների ու զոհված զինվորների հարազատների միջև. լուսանկարներ