ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Զինծառայողների ողբերգական միջադեպերի պատճառով հապճեպ կադրային լուծումներ տալը պարզապես անթույլատրելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՀ հատուկ ծառայությունների վետերան Վլադիմիր Պողոսյանը։
Նրա խոսքով` բանակում տեղի ունեցած միջադեպերի շարքը ոչ միայն կարեկցանք, այլև հասարակության և իշխանության պրագմատիկ արձագանք է առաջացնում։
«Պաշտոնանկությունները միայն հուզական ֆոնի հետևանք կլինեն, ինչը կվատթարացնի իրավիճակը։ Պետք է սառնասրտորեն գնահատել իրադրությունը, պարզել պատճառահետևանքային կապն ու համալիր միջոցներ մշակել՝ հետագայում նման երևույթները կանխելու համար», – ասաց Պողոսյանը։
Փորձագետի կարծիքով` միջազգային փորձը հաշվի առնելով` Հայաստանում անհրաժեշտ է հիմնարար փոփոխություններ կատարել մի շարք ուղղություններով։
ՀՀ հատուկ ծառայությունների վետերանը համոզված է, որ ԶՈւ–ն պետք է ուժեղացնի ռազմական հակահետախուզության դերը, որը փաստացի ընդգրկված է Ազգային անվտանգության ծառայության կազմում։ Ռազմական հակահետախուզության կառույցները պետք է սերտորեն գործակցեն գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության հետ։
«Ռազմական հակահետախուզությունը հզոր լծակներ ունի, ահազանգեր է ստանում զինվորական ստորաբաժանումներում տիրող իրավիճակի մասին։ Տեղեկությունը պետք է անմիջականորեն հասնի երկրի ռազմական ղեկավարությանը։ Հակահետախուզության մասնակցությունն այդքանով չպետք է սահմանափակվի։ Պետք է նաև պատասխանատվություն լինի կանխարգելման և ժամանակակից կանխարգելիչ միջոցների համար», – պարզաբանեց Պողոսյանը։
Փորձագետի կարծիքով` ճիշտ կլինի, եթե ռազմական հակահետախուզությունը ժամանակի ընթացքում տեղափոխվի գլխավոր շտաբի ենթակայության տակ. այդ դեպքում երկու կառույցների գործունեությունն առավել արդյունավետ կլինի։
Պողոսյանը համոզված է, որ ինքնասպանություն գործելու տրամադրություններին մեծապես նպաստում է հասարակական իրարանցումը։ ԶԼՄ–ներն ու սոցցանցերը տարածում են միջադեպերի մանրամասները, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ Նման գործողությունները հանրային դաշտում, ըստ նրա, անթույլատրելի են, այդ պատճառով պետք է կառավարել ԶԼՄ–ների գործունեությունը նման իրադարձությունների լուսաբանման հարցում։
«Համաշխարհային փորձը վկայում է, որ երբ իրարանցում է առաջանում, ինքնասպանությունների թիվն ավելանում է, և Հայաստանը բացառություն չէ։ Շատերի դեպքում կարող է նման գործողությունների դիմելու ցանկություն լինել` որպես սեփական անձի մասին հնարավորինս բարձր հայտարարելու միջոց։ ԶԼՄ–ները պետք է շատ զգույշ մոտենան նման հարցերին», – ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարի դեպքում ԶԼՄ–ներն անմիջապես ագրեսիվ հարձակումներ են սկսում ԶՈւ–ի հասցեին։ Սակայն պետք է հասկանալ, որ բանակը սոցիումի մի մասն է։ Պատասխանատվությունը բոլորի վրա է, այդ թվում` ԶԼՄ–ների և սոցցանցերի, որոնցից ԶՈւ–ում օգտվում են նաև մարդիկ, որոնք հակված են ծայրահեղությունների։
Ինքնասպանությունների հետ կապված իրավիճակի վրա կարող է արդյունավետ ազդեցություն ունենալ ռազմական հոգեբանների ինստիտուտի ուժեղացումը։ Փորձագետը կարծում է, որ պետք է նման մասնագետներ պատրաստելու համար պետպատվեր ունենալ։ Համաշխարհային տեխնոլոգիաները բավականին լուրջ առաջընթաց են գրանցել, դրանք ոչ միայն ուսումնասիրել ու ներդնել է պետք, այլև կատարելագործել` հաշվի առնելով հայկական մտածելակերպը։
«Ինքնասպանությունը դավաճանություն է ոչ միայն սեփական ծնողների հանդեպ, այլև հայրենիքի։ Դա զինվորական երդման խախտում է։ Գլխավորը` չվախենալ ճշմարտությունն ասելուց։ Սա պետք է ոսկե կանոն լինի բոլորի համար», – համոզված է Պողոսյանը։
Ի՞նչ են մտածում քաղաքացիները զինծառայողների մահվան դեպքերի մասին. հարցախույզ Երևանում
Փորձագետը համարում է, որ ՊՆ–ն ու Գլխավոր շտաբը պետք է ջանքերը միավորեն այդ ուղղությամբ։ Նա առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել և դրանում ներգրավել հոգեբանների, ուժային, վերահսկող մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
Սակայն բանակում ողբերգական միջադեպերը կանխելու հիմնավոր լուծումը Պողոսյանը համարում է երիտասարդության ռազմավարական դաստիարակության հայեցակարգի մշակումը։ Սա գլոբալ մոտեցում է ՝ ուղղված ոչ միայն զինակոչիկներին, որոնց կվստահվի զենքը, այլև ապագա սերունդների քաղաքացիական գիտակցության և անվերապահ արժեքների ձևավորմանը ։
«Այսօր հասարակության մեջ գաղափարախոսության դիֆուզիա է նկատվում։ Դա կարող է հանգեցնել մեզ համար օտար աշխարհայացքի սերմանմանը և ողբերգության վերածվել », – կարծում է Պողոսյանը։
Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել քրեական մտածողությանը, և դա լավատեսություն է ներշնչում, որ երիտասարդության դաստիարակության հայեցակարգի մշակման իր առաջարկն անուշադրության չի մատնվի: Այդ նպատակով Պողոսյանը կոչ է անում իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողով հրավիրել։
Երբ թշնամին նաև ներսից է. ինչո՞ւ է բանակում մթնոլորտը սպանող
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում: Սամվել Գրիգորյանը երեկ ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», - ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։
«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։



