Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանի հարցը կորոշվի հանրաքվեով. «Իմ քայլի» նոր առաջարկը

339
(Թարմացված է 18:09 06.02.2020)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն իրենց առաջարկը ներկայացրեց ԱԺ արտահերթ նիստում։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. «Իմ քայլն» առաջարկում է ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծը դնել համաժողովրդական հանրաքվեի։ Խմբակցության առաջարկն ԱԺ ամբիոնից ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով` այս որոշումը ուղիղ ժողովրդավարության արտահայտություն է ու վստահություն ժողովրդի նկատմամբ։

«Սա ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքն է, հավատամքն է։ Ինչպես մենք ասել ենք` մենք  հավատում ենք մեր  ժողովրդին և ասելիք ու լսելիք ունենք մեր ժողովրդից»,–  ասաց Հովակիմյանը։

Հիշեցնենք` ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր գումարել և օրակարգում ընդգրկել 2 հարց` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը և «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»։

Վերջինով առաջարկվում էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Նույն հոդվածը նախատեսում էր նաև նրանց թափուր մնացած տեղերի լրացման կարգը։ Նոր թեկնածուներին պետք է առաջադրեն հաջորդաբար` կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

«Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»,–նշված էր նախագծում։

Նախագիծն ընդունվելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ պետք է մտնեին պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ընդ որում, օրակարգի մնացած նախագծերով առաջարկվում էր, որ ընդունվելու դեպքում նոր դրույթն օրենքի ուժ ստանա առանց ՀՀ նախագահի ստորագրության ու առանց ՀՀ ՍԴ կողմից Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու, քանի որ առաջարկվող փոփոխությունները հենց այդ կարգավորումն էին նախատեսում։

Արտահերթ նիստի առաջին րոպեներին, սակայն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել իր երկու նախագծերը` ըստ երևույթին, ինչ–որ տեխնիկական խնդիրների պատճառով։

Նա նաև հայտնեց, որ իշխող խմբակցությունն այսօր կրկին միջնորդել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար։

Ավելի ուշ ԱԺ–ն երկրորդ անգամ սկսեց արտահերթ նիստը ու րոպեներ անց ընդհատեց այն։ Վահագն Հովակիմյանն «Իմ քայլի» առաջարկը ներկայացրեց ընդմիջումից հետո վերսկսված նիստի ժամանակ։

339
թեգերը:
Վահագն Հովակիմյան, Հրայր Թովմասյան, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (87)
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանը փաստաբաններին խնդրել է հայցադիմում պատրաստել Փաշինյանի դեմ
Հրայր Թովմասյանը խոսում է, Նիկոլ Փաշինյանը` ժպտում. «անհերքելի ապացույց» գրիչի տեսանյութը
Հրայր Թովմասյանը խոսում է քաղաքական ընդդիմախոսի լեքսիկոնով. «Իմ քայլը»` ՍԴ–ի խնդրի մասին