ORSIS

ORSIS–ի աղմկահարույց գործում արծարծվում է պաշտպանության փոխնախարարի անունը

532
(Թարմացված է 15:02 03.02.2020)
Իտալական հրացանը, որը նվիրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը, գրանցվել է փոխնախարարի անունով, հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Ռուսական ORSIS ընկերության կողմից Հայաստանի պաշտպանության նախարարությանը նվիրած հրացանը գրանցվել է փոխնախարար Մակար Ղամբարյանի անունով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հաղորդեց ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը` մեկնաբանելով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված նոր քրեական գործը։

Փետրվարի 3–ին հայտնի է դարձել, որ Հատուկ քննչական ծառայությունը նոր քրգործ է հարուցել ռուսական ORSIS ընկերության կողմից Հայաստան զենք առաքելու տենդերը տապալելու գործի շրջանակում։

««Marocchi SI 12» հրացանը ՊՆ–ին նվիրել են անցած տարվա սկզբին։ Երբ տարեվերջին ստուգել են հաշվապահությունը, թե ինչն է վաճառվել, նվիրվել, ինչը որտեղ է (զենքերը խիստ հաշվառման տակ են), պարզվել է, որ այն գրանցված է ոչ թե նախարարության վրա, այլ փոխնախարար Մակար Ղամբարյանի անունով», – ասաց Սիրունյանը։

Փաստաբանի խոսքով` Ղամբարյանի օգնականը մի քանի անգամ առաջարկել է հրաժարվել ՊՆ–ի դեմ բողոքներից` ասելով, որ այդ դեպքում գերատեսչությունը կգնա հաշտությունների, ամեն ինչ կզրոյացնեն, կրկին կլինի «թավշյա» համագործակցություն։

Սիրունյանը հաղորդեց նաև, որ քրեական գործը միավորել են արդեն գոյություն ունեցող գործի հետ։

ՌԴ–ից Հայաստան զենք առաքելու տենդերը ձախողելու առնչությամբ նոր քրգործ է հարուցվել

Նշենք, որ ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») ընկերության պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ ասել էր, որ Հայաստան ռազմական տեխնիկա առաքելու ձախողված տենդերի հետ կապված որոշակի առաջընթաց է տեսնում։ Նա նշել էր, որ տենդերի ձախողման մեղավորները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել։ Ընկերության ներկայացուցչի խոսքով` իրենց լուրեր են հասել, որ ՊՆ կոնկրետ պաշտոնյաներ յուրացրել են ORSIS–ի` պաշտպանության նախարարությանը նվիրած նմուշները։

Դեկտեմբերի վերջին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, վստահեցրել էր, որ Հայաստանը կշարունակի զենք գնել ORSIS ընկերությունից։

Հիշեցնենք, որ խնդիրները ծագել էին բազմամիլիոնանոց զենքի առաքման տենդերի պատճառով, որը պետք է տեղի ունենար այս ամառ։ Հայաստանի ՊՆ–ն չեղարկել էր ORSIS ընկերության հայտը` բանկային երաշխիքները չվճարելու հիման վրա։ Իսկ Հայաստանի Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» փաստով։ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրել էր պարզաբանել զենքի տենդերի ձախողման շուրջ ստեղծված իրավիճակը։

ORSIS–ում առաջընթաց են տեսնում Հայաստան զենք առաքելու ձախողված տենդերի հարցում

ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտադրությամբ ու մատակարարմամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել, իսկ հետո հայտնվել էր Հայաստանի ԶՈւ–ի մատակարարների «սև ցուցակում»։

532
թեգերը:
ORSIS զինագործական ապրանքանիշ, Քրեական գործ, Զենք, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), պաշտոնյա, Հայաստան
Ըստ թեմայի
Ներսիսյան. «Կարևոր է, թե որքան շուտ ՀՀ-ն կկարողանա նոր ստացած 4 կործանիչները շահագործել»
ՀԱՊԿ–ից պարզաբանել են` ինչու է կարևոր Հայաստանի պաշտպանական ներուժի ուժեղացումը
Ինչ փոփոխություններ են կատարվել Զինված ուժերում. Փաշինյանը թվեր է ներկայացրել
Արխիվային լուսանկար

Վտանգավոր է առողջության համար․ ո՞ւմ է հակացուցված նեղ հագուստը

41
(Թարմացված է 21:39 19.09.2020)
Բարձր գոտիով ջինսեր, նեղ բլուզներ կամ պատյան-շրջազգեստներ ընտրելիս պետք է հիշել, որ դրանք վնաս են հասցնում առողջությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Մարմինը չափազանց սեղմ գրկող հագուստը որոշ հիվանդությունների դեպքում ոչ միայն անհարմար է, այլև՝ հակացուցված, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում ասել է աղեստամոքսաբան Նուրիա Դիանովան։

Մասնագետի կարծիքով, վտանգ կարող են ներկայացնել բարձր գոտիով ջինսերը։ Չնայած այդպիսի տաբատները շահեկան կերպով ընդգծում են կազմվածքը, սակայն աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում դրանք չի կարելի կրել։ Սուր գաստրիտի դեպքում այդպիսի ջինսերը կարող են ավելի ուժեղացնել ցավերը։

«Գաստրիտը գոտկատեղի հատվածում է, իսկ «բարձրահասակ» ջինսերը սեղմում են մարմնի հենց այդ հատվածը։ Քայլելիս դա առանձնապես չի զգացվում, բայց հենց նստում ենք՝ այդ հատվածը սեղմվում է, ներորովայնային ճնշումն ավելանում է, հետևաբար՝ ճնշում է գործադրվում ստամոքսի վրա։ Եթե այդ պահին մարդը գաստրիտի սրացում ունի, ցավերը կարող են սաստկանալ»,-բացատրել է Դիանովան։

Նա ավելացրել է, որ եթե առկա է ռեֆլյուքսային հիվանդություն, ապա բարձր գոտիով ջինսերը հակացուցված են․ ճնշումը մարդու մոտ ուժգին այրոց է առաջացնում։

Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

Եվ խոսքը միայն ջինսերի մասին չէ․ ցանկացած նեղ հագուստ, ինչպես նաև ձիգ կապված գոտին կարող են անհարմարություն առաջացնել նման հիվանդություններյ ղեպքում։

Ինչպես նշել է Դիանովան՝ էրոզիայի, խոցերի և ռեֆլյուքսային հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում հրաժարվել ձիգ գոտիներից և նեղ հագուստից։ Կորսետները, շատ նեղ բլուզները, պատյան-շրջազգեստները, տղամարդկանց դեպքում՝ slim-size հագուստը որովայնի շարժման համար տեղ չեն թողնում։

41
թեգերը:
բժիշկ, հիվանդություն, հագուստ
Ըստ թեմայի
«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ
Հիշողությունը պետք է ոչ միայն մարզել, այլև ճիշտ սնել․ 5 մթերք, որոնք կօգնեն լավացնել միտքը
Ձմերուկի օգուտն ու վնասը. ում խորհուրդ չի տրվում օգտագործել այն
Երևան. արխիվային լուսանկար

«Հին Երևանի» մի մասն այս տարի կբացվի, մնացածի հարցը բարդ է. բնակիչները շատ փող են ուզում

82
(Թարմացված է 22:00 19.09.2020)
«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ ընթացքի մեջ է արդեն 15 տարի շարունակվող ծրագիրը։ Ճարտարապետը հայտնել է նաև, թե ինչ խնդիրներ կան ծրագրում բնակիչների, ներդրողների ու նաև քանդված հուշարձանների քարերի հետ կապված։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի– Sputnik Արմենիա. «Հին Երևան» ճարտարապետական նախագծի Արամի և Բյուզանդի փողոցների հատվածն առաջիկայում կբացվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը։

«Արամի և Բյուզանդի փողոցների կառուցապատման աշխատանքներն այս տարի կավարտվեն։ Այն հատվածներում, որտեղ շինարարությունն ընթանում էր, մնացել է միայն կենտրոնական ծածկը, և բակի կողմից կան փայտե պատշգամբներ, որոնց վրա դեռ աշխատանք կա անելու։ Դեռ ավարտին չեն հասցրել նաև հետիոտնային տարածքների, մայթերի աշխատանքները։ Բայց դրանք այս տարի կավարտենք»,– ասաց Վարդանյանը։

Օրինակ` Միրզոյան եղբայրների պատմական շենքն այս տարի կբացվի, բայց դալանը, որով հետիոտները կկարողանան մտնել երևանյան փոքրիկ բակը, դեռ փակ կմնա։

Ինչ վերաբերում է նախագծի մնացած հատվածներին, այստեղ, Լևոն Վարդանյանի խոսքով, աշխատանքներն իրացման լուրջ խնդրին են բախվել ու դեռ հայտնի չէ, թե այդ հարցը երբ կլուծվի։

Հին Երևանը՝ միայն առաջին հարկում. 2800 տարվա կորսված պատմությունը

«Մեր ժողովրդին գիտեք, էլի, նենց թվեր են ասում։ Վերջիվերջո, ամեն մի ապրանք իր գինն ունի։ Բայց նրանք ֆանտաստիկ գներ են ասում 1քմ–ի համար»,– ասաց Վարդանյանը։

Վարդանյանի հաշվարկով` եթե ամեն բան հարթ ընթանա, ապա 2 տարի անց կբացվի նաև Աբովյան– Քոչինյան հատվածը։ Իրացման տեսակետից` ամենաբարդը Քոչինյանից Կողբացի հատվածի հարցն է։

Բնակիչների հետ բանակցությունները նրանց տարածքների իրացման շուրջ` շարունակվում են, բայց ճարտարապետը հույս ունի, որ հաջորդ տարի շինարարությունը կմեկնարկի նաև այդ տարածքներում։

«Մոտ 60 տոկոսն է մինչև էսօր իրացված, կա իրացվելիք 30 տոկոս, որտեղ բարդություններ կան։ Բնակիչների հետ աշխատանքներ են սկսվել, որոնք դեռ չգիտենք` ինչով կավարտվեն։ Մենք սպասում ենք, որ գոնե մի ինչ–որ տարածք մաքուր լինի, որ կարողանանք շինարարական աշխատանքներ սկսել»,– ասաց Վարդանյանը։

Չիրացվածության հետևանքով, ըստ ճարտարապետի, առաջանում է նաև երկրորդ խնդիրը` կապված կառուցվող ու վերակառուցվող շենքերի ֆունկցիոնալ նշանակության հետ։ Տարիներով ձգձգումներն անորոշություններ են առաջացնում նաև հենց ներդրումային ծրագրերում։

«Եթե պատվիրատուն մի քանի տարի սպասում է, որ իրացման աշխատանքները վերջանան, ինքը սկսի շինարարությունը, ինքն ինչպե՞ս կարող է այդպիսի անորոշ ժամանակահատվածում որևէ կոնկրետ ֆունկցիայի մասին խոսել։ Այնտեղ կոնկրետ կտոր կա նախկին Աստաֆյան ֆողոցում (ներկայում` Աբովյան,–խմբ.), որ հստակ գիտենք` հյուրանոց է լինեու։ Բայց, օրինակ, եկամտաբեր տները, որոնք, գիտեք` վերևը բնակելի են, ներքևը` հասարակական նշանակության, փորձում ենք իրենց նախկին ֆունկցիային համապատասխան հոթել-ապարտամենտ սկզբունքով տուրիստներին վարձակալության տալու համար տարածքներ կառուցել։ Թեև կոնկրետ ֆունկցիաներ դեռևս գոյություն չունեն»,– ասաց Վարդանյանը։

«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը նշում է, որ կառուցապատման ենթակա ամբողջ տարածքում 3 տեսակի հուշարձաններ կան` տեղում պահպանվող, տեղափոխվող և վերաստեղծվող։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Տեղափոխվող հուշարձաններն ամենավատ վիճակում են։ Վարդանյանը պատմում է, որ երբ ինքը սկսեց զբաղվել ծրագրով, տեղափոխման նպատակով քանդված հուշարձանների համարակալված քարերի մի մասն արդեն ավիրված էր։

«Քանդված բոլոր շենքերի քարերի տեղերը գիտեմ, թե որտեղ են։ Բայց մինչև այդ քարերը չբերենք, չփռենք, նորից չսկսենք վերստեղծել այդ շենքերը, քարերի վիճակի մասին չենք կարող վերջնական բան ասել, որովհետև տեղեր կան, որ ուղղակի կույտերով «սամասվալ արած» է»,– ասաց նա` հավելելով, որ կորած ու ավիրված քարերի փոխարեն հետագայում` շենքի վերաստեղծման ժամանակ, ստիպված են լինելու նոր քարեր բերել ու լրացնել։

Վարդանյանը նշում է, որ այն պահից, ինչ ինքն է ղեկավարում ծրագիրը, ապամոնտաժվել է միայն մեկ հուշարձան` Պուշկինի փողոցում գտնվող Աֆրիկյանների եկամտաբեր տան շենքը։

«Ես, հասկանալով, թե ինչ պետք է լինի, գնացել, կանգնել եմ Աֆրիկյանների տան աշխատանքների գլխին, բերել եմ ապամոնտաժողներին, նրանք ապամոնտաժել են։ Այնտեղ մենք ունենք Աֆրիկյանների շենքի ճակատային մասին բոլոր քարերը` 100 տոկոսով, առանց վնասելու»,– ասում է նա։

Երևանի կենտրոնում «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր ստեղծելու մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2005թ–ին։ Հենց այդ տարիներին էլ Երևանի կենտրոնական թաղամասերը` Փավստոս Բյուզանդի, Եզնիկ Կողբացու, Արամի փողոցների շենքերն ու տները հանրային գերակա շահ հռչակվեցին։

Նախագիծը նախատեսված է իրականացնել շուրջ 2.2 հեկտարի վրա։

Նոր Երևանը՝ հին երևանցիների աչքերով

82
թեգերը:
Երևան, «Հին Երևան» նախագիծ
Ըստ թեմայի
Հայաստանի կառավարությունը հողատարածք է հատկացրել «Հին Երևան» նախագծի համար
«Հին Երևանի»` խախտումներով շինարարություն իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել
Ինչու է Փաշինյանը շարունակում նախկինների հակասական նախագծերը, կամ ինչ եղավ «Հին Երևանը»
Եվգենի Պետրոսյան. արխիվաին լուսանկար

Չես կարող շոգեքարշ վարել՝ հնոցապան դարձիր, կամ «շուռ տված» հայերի բոհեմական կյանքը

3
(Թարմացված է 21:43 19.09.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմել է, թե ինչպես է անցել իր 4–ժամյա ճամփորդությունը ռուսաստանաբնակ հայ պրոֆեսորի հետ, որը պատմել է, թե ինչ է մտածում Հայաստանում կատարվող իրադարձությունների, Լանզարոտեի կոնվենցիայի ու բոհեմական կյանքով ապրող հայ հայտնիների մասին։

«Սապսանը» շարժվեց Մոսկվայի Լենինգրադյան կայարանից և գլորվեց դեպի Սանկտ Պետերբուրգ։ Կողքի նստարանը զբաղեցնում էր մեղմ ասած (շատ մեղմ) ծեր մի տղամարդ։ Բարևեցինք, հինգ րոպե անց արդեն ցուցատախտակի վրա երևաց գնացքի արագությունը՝ 150 կմ/ժ։ Չորս այդպիսի ժամ պետք է անցկացնեինք։

Մենք ամբողջ ընտանիքով էինք․ որդիս, հարսս, երեք շատախոս թոռնուհիներս։ Ուղեկցորդուհին մոտեցրեց թերթերով սայլակը, ծերունին «Կոմսոմոլկա» վերցրեց, ճիշտն ասած՝ սայլակին ուրիշ բան չկար էլ։

«Հայե՞ր եք,-մի փոքր ուշ մեր անվերջ «ջան»-երին հաստատական երանգով արձագանքեց մեր ուղեկիցը,-Ես էլ եմ հայ։ Ինչպես ձեզ մոտ են ասում՝ «շուռ տված» հայ եմ»։

Այնուհետև անցավ դաժանորեն կոտրատված հայերենի (աղոտ արցախյան բարբառ էր հիշեցնում) և այդ հայերենով խոսեց ամբողջ ճանապարհին։

Ի՞նչ իմացա մեր ուղեկցի մասին։ Բժիշկ-անեսթեզիոլոգ է, պրոֆեսոր։ Սովորել է Մոսկվայում, աշխատել է Կազանում, Օմսկում, Լենինգրադում, Դելիում, Լիոնում, կրկին Լենինգրադում, իսկ թոշակի անցնելուց առաջ՝ նորից Մոսկվայում։ Ամեն տարի գալիս էր Երևան, բայց հիմա, երբ այստեղ ո՛չ հարազատներ, ո՛չ ընկերներ չեն մնացել՝ որդին Պետերբուրգում է, դուստրը՝ Կանադայում, կինն արդեն մահացել է, այցերը Երևան իրենք իրենց չեղարկվել են։

Երևանը ձեզ համար Փարիզ չէ. ադամանդ ձայնով Այդինյանի վիրահատությունն ու հայրենադարձությունը

Բայց մեր երկրում կատարվող ամեն ինչից տեղյակ է։ Ոչ թե պարզապես տեղյակ է, այլ, կարելի է ասել, բոլոր իրադարձությունների ներսում է, ինչպես հաճելի, այնպես էլ ոչ այնքան։ Պրոֆեսորի կողմից այդպիսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ գրավեց ինձ։

Ճանապարհի առաջին կեսին ավելի շատ հարցեր տալիս էր նա, երկրորդին՝ ես։

Ճամփորդության առաջին կեսից։ Խնդրում էր բացատրել, թե մեր ինչին էին պետք (նա այդպես էլ ասաց` «մեր») լանզարոտա-ստամբուլյան կոնվենցիաները, որոնց պատճառով այսքան աղմուկ-աղաղակ է բարձրացել։ Մենք ուրիշ խնդիրներ չունե՞նք, ինչ է։

«Հայկական ընտանիքի ի՞նչը մեզ դուր չի գալիս»,-տարակուսում էր ծերուկը, ձեռքը վերցնելով «Կոմսոմոլկան» և մատով ցույց տալով թերթի էջը։

Հետևեցին բոլորին հայտնի անուն-ազգանուններ։ Երգչուհի Լոլիտան՝ հինգ ամուսնալուծություն, Եկատերինա Կլիմովան՝ ինչպես թերթում են գրում` «սերիալային աստղը»՝ երեք ամուսնալուծություն, հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը՝ չորս, ֆուտբոլիստ Կերժակովը երեք անգամ է ամուսնացել, երգիծաբան Եվգենի Պետրոսյանը՝ չորս ամուսնալուծություն։

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ

Դե լավ, ասենք՝ Պետրոսյանն էլ ինձ նման «շուռ տված» հայ է, բայց․․․ Որտե՞ղ է այս պատմության մեջ թաղված Բասկերվիլների շան գլուխը։ Կասեք՝ նրանք բոհեմական կյանքով ապրող մարդիկ են, նրանց մոտ ամեն ինչ ուրիշ է։ Թող այդպես լինի, բայց առաջներում նույնիսկ այսպես կոչված բոհեմական մարդիկ ե՞րբ էին այսքան հաճախ փոխում իրենց երկրորդ կեսին։ Հայաստանո՞ւմ, Ռուսաստանո՞ւմ։ Դե, Հայաստանում էլ չասած․․․ այստեղ պետք մի որևէ «Հայկական կոնվենցիա» գրել ամուր ամուսնության մասին և բոլոր ժողովուրդներին առաջարկել ստորագրել. հաստատ ավելի լավ բան կստացվեր, քան փորձել հավասարվել Լանզարոտեին։

«Սապսանը» մոտեցավ Տվերին, մի րոպեով կանգ առավ, վագոնից ոչ ոք դուրս չեկավ և ոչ ոք ներս չմտավ, շարունակեցինք ճանապարհը։ Թեյ բերեցին, բուտերբրոտներ։ Ծերուկը գրպանից հանեց տափաշիշը, ցեյլոնյան Greenfield Golden-ը բարեկարգեց վիսկիով, ինձ էլ առաջարկեց նույնն անել, և ճանապարհի հաջորդ հատվածին արդեն հիմնականում ես էի հարցեր տալիս։

Ի՞նչ իմացա։ Աֆորիզմների ոճով ներկայացնում եմ այն, ինչ ուղեկցիս ասածներից կարևոր թվաց։

Պրոֆեսիոնալիզմի մասին (ոչ միայն բժիշկների)․կարևոր է ոչ թե ընտրելը, թե ինչ ես երգում և ինչ չես երգում, կարևոր է պարզապես լավ երգել կարողանալը։

Սեփական հնարավորություններին ազնվորեն վերաբերվելու մասին․ չես կարող շոգեքարշ վարել՝ հնոցապան դարձիր։

Այն մասին, թե ինչպես պետք է մեզ պահենք ծեր հասակում․ եկեք չփչացնենք մեր մահախոսականը։

11 չհանձնվող տղամարդ, կամ սև օրվա համար արած խնայողություններն ավելի քիչ են, քան սև օրերը

3
թեգերը:
Հայաստան, Լանզարոտեի կոնվենցիա, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Թող անցյալը մոռացվի», կամ ինչու գյումրեցին մատնեց ամենամոտ ընկերոջը
Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները
Կարեն Դեմիրճյանի «Չայկան», կամ ինչպես էին ՀԽՍՀ-ում տեղափոխում բարձրաստիճան հյուրերին