Խոզեր. արխիվային լուսանկար

Խոզերի անկում Լոռիում. Աքորի գյուղի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել

185
(Թարմացված է 21:57 29.01.2020)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փորձաքննություն է անցկացնում կենդանիների անկման պատճառները պարզելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ՀՀ Լոռու մարզի Աքորիում (Աքորին մտնում է Ալավերդի խոշորացված համայնքի կազմի մեջ) վերջին մի քանի օրվա ընթացքում շուրջ երկու տասնյակ խոզ է սատկել անհայտ պատճառներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հայտնեց Աքորու վարչական ղեկավար Հրահատ Սիմոնյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել Աքորիում խոզերի զանգվածային անկման մասին։ Հայտնում էին` իբր հարյուրավոր կենդանիներ են անկել։

Սիմոնյանը նշեց, որ խոզերը պահվել են կեղտի մեջ, այդ պատճառով էլ չի բացառվում, որ կենդանիների անկման պատճառը պահման պայմանները եղած լինեն։ Սատկած խոզերը երեք տարբեր տնտեսությունների էին պատկանում։ Հատկանշական է, որ այդ ֆերմաներում ոչ բոլոր կենդանիներն են սատկել։ Արդեն երկու օր է, ինչ համայնքում խոզերի անկման նոր դեպքեր չեն գրանցվում, թեև դրանց քանակը գերազանցում է 300 գլուխը։

Աֆրիկյան ժանտախտի մասին խոսելն անլուրջ է. ՍԱՊԾ ղեկավար

«Կենդանիները սատկում էին, բայց ոչ հարյուրներով։ Այդ ամենը հորինած է։ Անասնաբույժի կարծիքով` խոզերի անկման պատճառը կարող է թունավորումը լինել, սակայն տնտեսությունների տերերը կարծում են, որ դա տեղի է ունեցել վարակի կամ պատվաստումների բացակայության պատճառով», – պարզաբանեց համայնքապետը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ խոզերի անկման պատճառները պարզելու համար արդեն փորձանմուշներ են վերցվել։ Փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն 7-10 օր հետո, այդ իսկ պատճառով կենդանիների անկման հստակ պատճառների մասին խոսելը դեռ վաղ է։

Նշենք, որ 2019 թվականի ամռանը Սյունիքի մարզում նույնպես խոզերի զանգվածային անկում էր գրանցվել։ Այն ժամանակ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը հայտնել էր, որ Կոռնիձոր համայնքում ավելի քան 200 խոզ է սատկել։ Անկման պատճառը, ըստ գյուղացիների, աֆրիկյան ժանտախտն էր, սակայն փորձաքննությունը անաէրոբ վարակներ բացահայտեց։

Դրանից առաջ Հայաստանում խոզերի մասսայական անկման դեպք է գրանցվել աֆրիկյան ժանտախտի պատճառով` 2011 թվականին։

185
թեգերը:
համայնքի ղեկավար, Մարզ, Լոռի, խոզ
Ըստ թեմայի
Ժանտախտից մինչև լեյշմանիոզ. փորձագետին մտահոգել է Հայաստանի սանիտարահիգիենիկ վիճակը
Քարահունջում արդեն 200 խոզ է սատկել. նոր դեպքեր են գրանցվել
Փորձում են պարզել Քարահունջում և Հարթաշենում խոզերի անկման պատճառը
Հայաստանում աֆրիկյան ժանտախտ չկա. ինչո՞ւ են խոզերը սատկել Սյունիքում