ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ էին հնչել։ Ոստիկանությունը 14։40 ահազանգ էր ստացել, որ շենքում զինված անձ կա։ Կրակոցներ արձակածին վնասազերծել էին ժամը 16։00–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կրակողն Արտաշատի բնակիչ, 32-ամյա Արթուր Թորոսյանն է։ Նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 185–րդ հոդվածի 2–րդ մասով` ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու և 218–րդ հոդվածի 2–րդ մասով` պատանդ վերցնելը։
Ի՞նչ զենք է օգտագործել «Էրեբունի պլազա» ներխուժած անձը. ՔԿ–ն բացել է փակագծերը
«Պաշտպանյալս արդեն ցուցմունք է տվել, և դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Մենք պատրաստվում ենք բողոքել խափանման դեմ։ Թորոսյանն իրեն մեղսագրված գործողություններն ընդունում է, զուտ իրավական որակավորումների հետ համաձայն չէ»,–ասաց փաստաբանը։
Աղաջանյանի խոսքով` քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածն ունի խրախուսման նորմ, ըստ որի` մարդն ազատվում է քրեական պատասխանատվությունի, եթե կամովի ազատել է պատանդին ու հրաժարվել է իր պահանջից։ Թորոսյանը համարում է, որ ինքը հենց այդպես է վարվել։ Նախաքննական մարմինը, սակայն, նշել է, որ այդ հարցը դեռ պետք է քննարկվի նախաքննության ընթացքում։
Աղաջանյանը հայտնեց, որ երբ Թորոսյանը պատանդ է վերցրել մեկին, պահանջել է, որ իրեն ներկայանա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Սակայն հետագայում հրաժարվել է իր պահանջից ու պատանդին ազատ արձակել։
Փաստաբանի խոսքով` նախաքննական փուլում պարզվել է, որ Թորոսյանն իր զենքը օրինական ճանապարհով է ձեռք բերվել։
Ինչ վերաբերում է դատահոգեբանական փորձաքննությանը, ապա այն դեռ նշանակված չէ, սակայն փաստաբանը կարծում է`առաջիկա աշխատանքային օրն անպայման կնշանակվի։
«Ճիշտ է, պաշտպանյալս շատ հեշտ է կոնտակտի մեջ մտնում, ցուցմունք տալիս, պատրաստ է համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ, սիրով պատասխանում հարցերին։ Սակայն այլ հարց է, որ նրա որոշ պատասխաններ հիմք են տալիս ենթադրելու, որ նրա նկատմամբ պետք է նշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն»,–ասաց Աղաջանյանը։
Նշենք, որ Թորոսյանին մեղսագրված արարքներից մեկը, թե վնասել է ուրիշի գույքը, առաջադրվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա կրակոցների հետևանքով վնասվել են հյուրանոցի պատերը։
Հիշեցնենք, որ Արթուր Թորոսյանի հետ զենքը վայր դնելու բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը։ Բանակցությունների հետո տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել էր ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկային։
Ինչու «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդուն ձեռնաշղթաներ չեն հագցրել. հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով»,– գրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը Միշուստինին մաղթել է քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն:
Նշենք, որ այսօր լրանում է ՌԴ վարչապետի 55-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։


