ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը, որը տեղի ունեցավ այսօր Կապանում, տևեց 5 ժամ 15 րոպե։ Կառավարության ղեկավարը պատասխանեց գրեթե բոլոր հարցերին, սակայն չգերազանցեց սեփական ռեկորդը՝ 5,5 ժամը։ Ժամանակին լրագրող և խմբագիր աշխատած վարչապետն անկեղծորեն խոստովանեց՝ իրեն դուր է գալիս ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջավայրը. իրեն զգում է ինչպես ընտանիքում։
Նմա՞ն եմ մեկին, ով մտավախություն ունի. Փաշինյանին չեն վախեցնում Վանեցյանի «խոստումները»
Փաշինյանի տրամադրությունը բարձր էր, ասուլիսի ընթացքում եղան զավեշտալի պահեր։ Վարչապետը հաճախ էր կատակում, իսկ երբ նրան հարցրին՝ մտավախություն չունի՞, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կասի այնպիսի բան, որը չպիտի ասեր, Փաշինյանը խորհուրդ տվեց լրագրողներին դիտել «Կարգին հաղորդման» սերիաներից մեկը։
«Սերիաներից մեկում հերոսն ասում է` ես ամեն ինչ գիտեմ, և նա վերջում հայտնվում է հիմար վիճակում։ Հիմա բոլոր նրանք, ովքեր ասում են` ամեն ինչ գիտեն, այդօրինակ սկեչի հերոսներ են»,–ասաց վարչապետը։
Հարցին, թե Վանեցյանի աշխատանքից ազատվելն ինչո՞վ էր պայմանավորված, Փաշինյանը պատասխանեց, որ եթե նայեն «Կարգին հաղորդման» իր հիշատակած սերիան, այդ հարցի պատասխանը նույնպես կստանան։ Այդ հարցին պատասխանելիս՝ Փաշինյանն ակամա խոստովանեց, որ հենց ինքն է հաշտեցրել Հայկ Մարությանին և Մկրտիչ Արզումանյանին։
Եթե Փաշինյանի խաղաղապահ առաքելությունը հաջողությամբ է պսակվել Հայկոյի և Մկոյի հարցում, տեղի լրագրողների հետ ամեն ինչ մի քիչ դրամատիկ ստացվեց։ Մամուլի ասուլիսի ընթացքում հայ հասարակության համար «խորհրդանշական» անուն-ազգանունով լրագրողը՝ Սամվել Ալեքսանյանը, քիչ էր մնում՝ վիճեր գործընկերոջ հետ, քանի որ նրանց «բիզնես շահերը» չէին համընկել։
«Մի վիճեք գոնե ամբողջ երկրի աչքի առաջ», - կատակեց վարչապետը։
Թեև վարչապետին հաջողվեց կանխել վիճաբանությունը, բայց չստացվեց խուսափել Ալեքսանյանի երկար ելույթից։ Եթե մինչ այդ լրագրողները ստիպված էին մոտ երկու ժամ լսել նոր Հայաստանի մասին հարյուր փաստ ներկայացնելը, ապա հիմա Փաշինյանն էր դեմքի թախծոտ արտահայտությամբ սպասում ինչ-որ բան ասելու իր հերթին։
Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի կոստյումների տարբերությունը
Երբ հասավ իր հերթը, վարչապետն առատաձեռն էր ոչ միայն խոսքերում, այլ նաև ժեստերում։ Նա ոչ միայն պատմեց, այլ նաև ցույց տվեց, թե ինչով է տարբերվում իր կոստյումը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կոստյումից։ Ինչպես պարզվեց` նրա գրպաններում միլիարդներ չկան։ Լրագրողներին հատկապես դուր եկավ կեցվածքը, որով վարչապետը ցույց տվեց դատարկ գրպանները։

Ինչպես պարզվեց, վարչապետի վառ ներկայացումը վրիպել էր որոշ լրագրողների ուշադրությունից, և դա չէր կարող չնկատել հենց Փաշինյանը։ Հերթական անգամ, երբ նրան կրկնվող հարց տվեցին, չդիմացավ և հանդիմանեց լրագրողներին անուշադրության համար։
«Ես խոսում եմ, իսկ դուք հեռախոսներին եք նայում և չգիտես ում հետ եք գրվում», - ասաց նա՝ ծիծաղ առաջացնելով դահլիճում։
Ծիծաղի նոր ալիք բարձրացավ, երբ Փաշինյանը հերթական անգամ հիշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի քննադատությանն այն մասին, որ իշխանությունը կորցրել է ժողովրդի վստահությունը, Փաշինյանը կոչ արեց նրան խոսել տանձի ու խնձորի մասին, այլապես կարժանանա Աշոտյանի ճակատագրին։ Լրագրողների պարզաբանող հարցին, թե ի՞նչ առումով ճակատագրին, նա պատասխանեց․ «Ստեղծագործական»։
«Մնացել է երգիս տակ». Աշոտյանը նեղվել է ու առաջարկ արել Փաշինյանին
Եվ որքան էլ վարչապետը լրագրողներին խնդրեց վերջում դրական հարց տալ իրեն, որպեսզի մամուլի ասուլիսն ավարտվի ուրախ նոտայով, դա տեղի չունեցավ, և ամփոփիչ կետ դարձավ նրա «սիրելի» Աշոտյանի մասին հիշատակումը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։
«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։
«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։
Հիշեցնենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վեճ են ունեցել, դրանից է ծագել խնդիրը։ Նա ասել էր, որ վստահ է` նախկինները կապ չունեն, ներկաների միջև վեճ է եղել, իսկ վեճի պատճառն ըստ Մարուքյանի այն է, որ Փաշինյանը որոշել է պատերազմի ամբողջ պատասխանատվությունը գցել բանակի վրա, ԳՇ-ն հայտարարություն է արել, իսկ փողոցի ընդդիմությունը դա անմտորեն կապել է իր հետ՝ դրանով «պադստավկա անելով» ԳՇ-ին ու օգնելով Փաշինյանին։
Մարուքյանի խոսքով`ԳՇ-ն ոչ մեկի կողմը չէր բռնել, բայց քանի որ փողոցի ընդդիմությունը համարել էր, որ բանակն իրենց է միանում, Փաշինյանը դա օգտագործել էր՝ ասելով, որ ահա, Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը։
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
Իսկ այս րոպեներին շարժումը հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում։ Զուգահեռ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է։
Մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի հարակից Դեմիրճյան փողոցը։ Խորհրդարանում այս պահին կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին, իսկ Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքը։


