ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Սյունիքի մարզում կազմակերպված այսօրվա ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սննդի պատրաստումը մասնավոր ընկերություններին պատվիրակելու արդյունքում այսօր «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների բոլոր դատապարտյալներն ու կալանավորները100 տոկոսով սնվում են ՔԿՀ ճաշարաններում։
«Քրեակատարողական հիմնարկներում մինչև այս ավանդույթի ներդրումը դատապարտյալներն այնտեղի ճաշարաններում հաց չէին ուտում, որովհետև այնտեղի ուտելիքն ուղղակի պիտանի չէր ուտելու համար։ Ու երբ ասվում է` հիմա 100 տոկոսով մասնակցում են, նշանակում է սնունդն այնքան լավն է, որ մարդիկ ուղղակի գնում և օգտվում են։ Եվ ես ուզում եմ ասել, որ սա նաև քրեածին մտածելակերպի և արժեհամակարգի դեմ մեր պայքարի շատ կարևոր օղակներից է»,– ասաց Փաշինյանը։
Ինչ արժե մարմնավաճառը գաղութում, ու ինչպես են ապրում «զոն նայողները». պատմում է ՔԿԾ պետը
Նրա խոսքով` ՔԿՀ–ներում նորմալ, արժանապատիվ պայմաններ ապահովելով կառավարությունը նպաստում է նրան, որ քրեական միջավայրում հայտնված անձինք քրեական մշակույթից վերադառնան նորմալ քաղաքացիական մշակույթ։
Հիշեցնենք` «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովման նոր ծրագիրը մեկնարկել է 2019թ–ի հոկտեմբերին։
Հայաստանում ազատ կարձակեն ցմահ ազատազրկման դատապարտվածներից մեկին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը
Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն լուրերին, թե Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում։
«Այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, |«Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80–ականների զենք է»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունը ներկայացում է պատրաստում։
«Համբերենք, տեսնենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը դիտենք»,–եզրափակեց Սարգսյանը։
Հիշեցնենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վեճ են ունեցել, դրանից է ծագել խնդիրը։ Նա ասել էր, որ վստահ է` նախկինները կապ չունեն, ներկաների միջև վեճ է եղել, իսկ վեճի պատճառն ըստ Մարուքյանի այն է, որ Փաշինյանը որոշել է պատերազմի ամբողջ պատասխանատվությունը գցել բանակի վրա, ԳՇ-ն հայտարարություն է արել, իսկ փողոցի ընդդիմությունը դա անմտորեն կապել է իր հետ՝ դրանով «պադստավկա անելով» ԳՇ-ին ու օգնելով Փաշինյանին։
Մարուքյանի խոսքով`ԳՇ-ն ոչ մեկի կողմը չէր բռնել, բայց քանի որ փողոցի ընդդիմությունը համարել էր, որ բանակն իրենց է միանում, Փաշինյանը դա օգտագործել էր՝ ասելով, որ ահա, Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը։
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
Իսկ այս րոպեներին շարժումը հանրահավաք է անցկացնում Բաղրամյան պողոտայում։ Զուգահեռ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է։
Մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի հարակից Դեմիրճյան փողոցը։ Խորհրդարանում այս պահին կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին, իսկ Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքը։


