Փայտի վառարան` դասասենյանկում. արխիվային լուսանկար

Ինչու է մարզային դպրոցներում ոչ համաչափ ջերմաստիճան. Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը

65
(Թարմացված է 12:15 19.01.2020)
Կոտայքի մարզի մի քանի դպրոցներ վարչական վարույթի են ենթարկվել դպրոցներում առկա ջերմաստիճանի հետևանքով։ Մարզպետարանը մանրամասն ներկայացրել է` որ դպրոցում ինչ իրավիճակ է։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Կոտայքի մարզպետարանի ենթակայության մի շարք  դպրոցներում կենտրոնացված ջեռուցման համակարգեր չկան. ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի կամ էլեկտրական վառարաններով, ինչը, փաստացի, անհնար է դարձնում դպրոցներում ամբողջական և համաչափ ջերմաստիճանի ապահովումը: Այսպիսի պարզաբանում է ներկայացրել Կոտայքի մարզպետարանը։

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել. դպրոցներում արձանագրված ջերմաստիճանային ցուցանիշերը չեն համապատասխանել անհրաժեշտ նորմերին։

Երևանի և Կոտայքի մարզի 11 դպրոցում ջեռուցման նորմերի խախտում է գրանցվել

Կոտայքի մարզպետարանն առանձին–առանձին անդրադարձել է դպրոցներին, որտեղ ապահովված չի եղել համապատասխան ջերմաստիճանը։ Մասնավորապես, նշվում է, որ Կապուտանի միջնակարգ դպրոցը ջեռուցվում է գազի վառարանով, դպրոցի շենքը վթարային է և ներառված է Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող` ՀՀ Կառավարության սեյսմակայունության բարձրացման ծրագրում, որի շրջանակում առաջիկա տարիներին կկառուցվի նոր դպրոց։

«Կամարիսի դպրոցում ևս տեղադրված է գազի վառարան, դպրոցի շենքը վթարային է, նոր դպրոցի կառուցման նպատակով այժմ պետական գերատեսչությունների և համայնքի ղեկավարի հետ բանակցություններ են ընթանում։ Ջրառատի դեպքում նույնպես դպրոցում ջեռուցումն ապահովվում է փայտե վառարանով, այս տարի պետական բյուջեով նախատեսվում է կառուցել նոր դպրոց»,–նշված է պարզաբանման մեջ։

Փայտով են ջեռուցվում նաև Փյունիկի, ֆանտանի, Արտավազի, Գետամեջի դպրոցները։ ֆինանսական վերաբաշխման շնորհիվ ջեռուցման կենտրոնացված համակարգերի տեղադրման նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտվել են և մեկ-երկու շաբաթից կմեկնարկեն ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները։

Ջեռուցման բացառիկ մեթոդները Հայաստանում. ինչպես էին 90–ականներին ջերմություն հայթայթում

Մարզպետարանից նաև վստահեցնում են, որ մարզային ենթակայության բացառապես բոլոր հանրակրթական հաստատություններում առկա է ջերմային նվազագույն և պատշաճ շեմ։

Հիշեցնենք, որ վարչական վարույթները հարուցվել են Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ․ 177, Մուշեղ Մխոյանի անվան հ․ 68, Րաֆֆու անվան հ․ 36, Միսաք Մեծարենցի անվան հ. 146 և հ. 136 հիմնական դպրոցներում, Կոտայքի մարզում գործող Հրազդանի հ․10 ավագ դպրոցում, Ջրառատի, Փյունիկի, Ֆանտանի, Կամարիսի Ազատ Սիմոնյանի անվան և Կապուտանի միջնակարգ դպրոցներում։

Ջեռուցման համակարգը նոր էին վերականգնել.մանրամասներ Գյումրու դպրոցից կատարված գողությունից

Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարարի 2017թ․ մարտի 28-ի N12-Ն հրամանով սահմանվել է, որ դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում ջերմաստիճանը պետք է լինի առնվազն 18-22 աստիճան։

65
թեգերը:
դպրոց, Հայաստան, Մարզպետ, Կոտայք, Տուգանք, ՀՀ Առողջապահության նախարարություն, ջեռուցում
Ըստ թեմայի
Ջեռուցում չկա, համացանցով տաքացեք. ինչպիսի ձմեռ է սպասում Հայաստանի դպրոցներին
Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել