Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը տարածվել է «ըստ ցանկության»

2590
(Թարմացված է 15:54 22.10.2020)
ՀՀ վարչապետը ցավակցել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ, բայց ցավակցական ուղերձը ստացել են միայն այն ԶԼՄ–ները, որոնք հետաքրքրվել են դրանով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառոտ ցավակցական ուղերձը մի շարք լրատվամիջոցներում տեսնելուց հետո Sputnik Արմենիայի լրագրողները սկսեցին այն փնտրել վարչապետի և կառավարության պաշտոնական կայքէջերում, Facebook–ի էջերում։ Ստուգեցինք նաև խմբագրության պաշտոնական էլեկտրոնային հասցեն` կարծելով` միգուցե այդպես է տարածվել ցավակցական ուղերձի տեքստը։

Համոզվելուց հետո, որ տեքստը ո՛չ հրապարակվել է, ո՛չ էլ ուղարկվել, մեր թղթակիցը կապ հաստատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ։ Ի պատասխան մեր հարցի, թե ինչպես է տարածվել ուղերձը, որտեղ կարող ենք այն կարդալ, պարզեցինք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձը տարածվում է «ըստ ցանկության»։

Այսինքն` ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձը ստացել են միայն այն ԶԼՄ–ները, որոնք հետաքրքրվել են դրանով։

Այդպես, առաջինը մեր գործընկեր 168.am-ն է ՀՀ կառավարության տեղեկատվության վարչությունից հետաքրքրվել, թե ինչու մինչև այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցավակցել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Թերթի հարցմանն ի պատասխան փոխանցվել է վարչապետի ցավակցական խոսքը.

«ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ և ցավակցում Կուտոյանների սգակիր ընտանիքին: Նաև երաշխավորում, որ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»:

Հիշեցնենք, որ երեկ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ են տարածել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ներկա և նախկին այլ պաշտոնյաներ։

Գեորգի Կուտոյանը ԱԱԾ ղեկավար էր նշանակվել 2016 թվականի փետրվարի 10-ին և պաշտոնավարել մինչև 2018 թվականի մայիսի 10-ը։ ՀՀ նախագահի հրամանագրով նա պաշտոնից ազատվել էր Նիկոլ Փաշինյանի` վարչապետ նշանակվելուց երկու օր անց։ Հիշեցնենք, որ Փաշինյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 2018 թվականի մայիսի 8-ին։

Երեկ` հունվարի 17–ին, Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի վրա հրազենային վնասվածք է եղել քունքի շրջանում։

«Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1–ին մասով` ինքնասպանության հասցնելը։ Բայց բազմաթիվ վարկածներ է առաջ քաշվելու` կարող է լինի ուղղակի սպանություն կամ սպանություն` քողարկված ինքնասպանությամբ»,–ասել էր Մելիքյանը։

Նրա խոսքով`դեպքի վայրում հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ, որը պարգևատրման կարգով ստացած նրա զենքն է։ Այն Կուտոյանին է նվիրել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։ Մելիքյանը նաև հայտնել էր, որ դեպքի վայրում եղել են բազմաթիվ պարկուճներ ու գնդակներ` երեք տասնյակից ավելի, իսկ պատերին կան վնասվածքներ։ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին:

2590
թեգերը:
Գեորգի Կուտոյան (ԱԱԾ նախկին պետ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանը ողբում է Կուտոյանի մահը. լուսանկարներ` դեպքի վայրից
Խորապես ցնցված եմ. Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Կուտոյանի մահվան կապակցությամբ
Կուտոյանը նման չէր մարդու, որն ինքնասպանության կգնար. հատուկ ծառայությունների վետերան
«Մի մոռացեք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել հեղափոխության ժամանակ...». քաղտեխնոլոգ
Արտակ Զաքարյան

Որ Նիկոլն իրեն լավ զգա. նախկին փոխնախարարը՝ պատերազմի պարտության պատճառների մասին

9
(Թարմացված է 13:55 26.01.2021)
Արտակ Զաքարյանի մեկնաբանմամբ, «Բայրաքթարները» փոխեցին Թուրքիայի դերակատարությունը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում։ Դրանց նկատմամբ մեր ԶՈւ–ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք, և շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարարը պետք է խոսեր բոլորովին այլ հարցերի մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, նման տեսակետ հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` նշելով, որ Դավիթ Տոնոյանից բոլորովին այլ որակի ու այլ բնույթի հայտարարություններ էր սպասում։

«Հատկապես, որ նախարարը պատերազմի ընթացքում անմիջական պատասխանատվություն է կրում որոշ հարցերի դեպքում, որոնք շատ որոշիչ են եղել մեր կրած պարտության համար»,– ասաց Զաքարյանը` նշելով, որ տարբեր փորձագետների ու մասնագետների բարձրացրած հարցերը 44-օրյա պատերազմի մասին առ այսօր անպատասխան են մնացել։

Արտակ Զաքարյանը հայտնեց, որ Տոնոյանից գնահատական էր սպասում 2.5 տարվա պաշտպանական ոլորտում կատարված սխալների վերլուծություն, պատերազմի հրահրման գործում բանակցային գործընթացի ու քաղաքական հայտարարությունների ազդեցության մասին մեկնաբանություն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական բալանսի խախտման փաստի նկատմամբ ՀՀ իշխանության դրսևորած անտարբերության վերաբերյալ։ Այս ամենի փոխարեն,  բանախոսի ձևակերպմամբ, Տոնոյանը տվել է «հարցազրույց ոչինչի մասին»։

«Ինքնապաշտպանական բնույթի հայտարարություններ անելը շատ մոդայիկ է դարձել իշխանության ներկայացուցիչների համար»,– ասաց Զաքարյանը։

Մինչդեռ, իր համոզմամբ, պարտության հիմնական պատճառը համարում է ՀՀ «գլխավոր գերագույն դիլետանտ համանատարի»` ռազմաքաղաքական խնդիրներին անտեղյակությունը, ուղիղ միջամտությունն ու ուղղորդումները։

«Ես վստահ եմ, որ մեր բանակն իր խնդիրը լավագույնս կարող էր լուծել և մեր բանակն իր առավելագույն ջանքերն է ներդրել այս պատերազմում իր առջև դրված խնդիրը լուծելու համար»,– ասաց Զաքարյանը` հերքելով մեղադրանքներն այն մասին, որ բանակը 26 տարի պատշաճ մակարդակով չի ապահովել իր պաշտպանական առաքելությունը։

«Ժամանակակից զինտեխնիկայի ու սպառազինության արդիականացման խնդիրը 5 տարին մեկ ՀՀ ԶՈւ–ի առջև դրված է, որովհետև դա կախված է մեր հակառակորդի զինտեխնիկայից»,– ասաց Զաքարյանը` վստահեցնելով, որ նախորդ 26 տարիներին Հայաստանի բանակն ապահովված է եղել ադրբեջանական զինտեխնիկային համազոր միջոցներով, մինչև այն պահը, երբ Ադրբեջանի ԶՈւ–ում հայտնվեցին «Բայրաքթարները»։

Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին

«Դրանք փոխեցին ընդհանրապես Թուրքիայի դերակատարությունը և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում։ «Բայրաքթարների» նկատմամբ մեր ԶՈւ–ի կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք, և շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները։ Մեծ քանակությամբ գումարներ ուղղվեցին ոչ նպատակային ծախսերին, որ Նիկոլն իրեն լավ զգա` մատակարարումներ, սնունդ, ելակ, ջուր, ինքնաթիռներ և այլն»,– ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով, այս ամենով ՀՀ գործող իշխանությունը ոչ միայն փափուկ բարձ դրեց հասարակության գլխի տակ, այլև հնարավարություն տվեց հակառակորդին արդեն իսկ առկա ռազմական բալանսի առավելության պայմաններում լավ պատրաստվել ծրագրվող պատերազմին։

Ինչ վերաբերում է բուն պատերազմի ընթացքին, Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, առաջին 22 օրերին հայկական բանակն իր առջև դրված ռազմական խնդիրները լիարժեք իրականացրել է։ Բայց հետո արդեն հաարակության մոլորեցնելու, ԶՈւ համալրումը ձախողելու հետևանքով ՀՀ քաղաքական իշխանությունները Ադրբեջանի բանակը հասցրեցին Շուշի ու ավարտեցին պատերազմը` կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրելով։

Արտակ Զաքարյան. Ադրբեջանի գործողությունները միտված չեն խաղաղության

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում մեկնաբանել էր շուրջ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ իր արած «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունն ու դրա շուրջ այսօր առկա շահարկումները։

Նա հիշեցրել է, որ այդ կերպ ինքն արձագանքել էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության` արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որով նրանք հիմնավորում էին բանակցությունների անարդյունավետությամբ:

9
թեգերը:
Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Արտակ Զաքարյան
Ըստ թեմայի
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին
Ե՛վ պատերազմը կանգնեցնել, և՛ Շուշին պահել․ որն էր Հայաստանի իշխանության հիմնական սխալը
Ով ինչ ստացավ պատերազմից հետո. նախկին փոխվարչապետը վերլուծել է պատճառներն ու հետևանքները
Սուրեն Պապիկյան

«Իմ քայլը» համայնքապետների «սև ցուցակ» չունի. Սուրեն Պապիկյան

8
(Թարմացված է 13:53 26.01.2021)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցրեց, որ ղեկավարների փոփոխությունը Շիրակի մարզում չի հանգեցնի որևէ ծրագրի կիսատ մնալուն։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած համայնքապետների մասով «Իմ քայլը» «սև ցուցակ» չունի, չեն եղել նաև փակ հանդիպումներ: Այսօր այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նման հանդիպումներ ես չեմ ունեցել։ Ավելին` իմ հանդիպումները եղել են մարզպետների նշանակումների առիթով. այլ հանգամանքով ես մարզպետների հետ հանդիպում չեմ ունեցել ու հրապարակայինից բացի այլ կոչեր չեն հնչել։ Կարծում եմ` հանրությունն է որոշում` որ համայնքապետը որ ցուցակում կհայտնվի։ Դա վերաբերվում է բոլորին»,–ասաց նախարարը:

Անդրադառնալով միայն վերջին 2 ու կես տարվա ընթացքում Շիրակում արդեն երրորդ մազպետի նշանակման փաստին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փաստեց՝ փոփոխությունները պայմանավորված են եղել տարբեր հանգամանքներով և դա բնականոն փոփոխություն է:

Ճիշտ ախտորոշման դեպքում լուծումներ կգտնվեն. Շիրակի վիրաբույժ մարզպետը` անելիքների մասին

«Մարզը մարզպետների փոփոխությունից չի տուժելու։ Անձերով ամեն ինչ չպայմանավորենք»,–ասաց նա:

Նա վստահեցրեց, որ մարզում այս տարի նախատեսվում է շարունակել այն բոլոր ծրագրերը, որոնք մինչ այդ մեկնարկել են։ Դա վերաբերում է ինչպես ճանապարհաշինությանը, այնպես էլ զբոսաշրջության զարգացմանը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

8
թեգերը:
Սև ցուցակ, Հրաժարական, «Իմ քայլը» խմբակցություն, համայնքի ղեկավար, Սուրեն Պապիկյան
Ըստ թեմայի
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
Երբ Փաշինյանը վարչապետ է դարձել, ԱԱԾ–ից «դոսյեներ» է ուզել. Միքայել Մինասյան
Ռազմավարության նպատակը` նոր ատոմակայանի կառուցում. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ԱԷԿ են այցելել