ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանի սպանդանոցներում անասունների սպանդը սահմանված գնից թանկ չի լինի։ Նման պայմանավորվածություն են ձեռք բերել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ու մոտ տասը սպանդանոցների ներկայացուցիչները։
Սարսափելի պայմաններ. ՍԱՊԾ ղեկավարը կասեցրել է Գյումրու մսամթերքի կետերի աշխատանքը
Նշենք` այսօր առավոտյան երևանյան շուկաների մսի մի քանի մատակարար ցույց էին կազմակերպել կառավարության շենքի մոտ։ Նրանց էլ էին հրավիրել քննարկման, սակայն մատակարարները չէին եկել։
Գյուղացիները լսել էին, որ հունվարի 15–ից միսը միայն սպանդանոցներից է վաճառվելու։ Շատերն անհանգստանում են, քանի որ չգիտեն` որտեղ և ում հանձնեն միսը։
«Դրանից օգտվում են ոչ բարեխիղճ սուբյեկտները, որոնք սպանդի համար 20–30 հազար դրամ են առաջարկում։ Այդ պատճառով առաջարկում ենք սահմանել գներ, որից շատ ոչ ոք այդ աշխատանքի համար չի ուզի»,–Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Մեկ խոշոր եղջերավոր անասունի համար 10 հազար դրամ է սահմանված, մանր եղջերավորի համար` 3,5 հազար, խոզի համար` 5 հազար։ Խոսքն առավելագույն գների մասին է։ Ավետիսյանն ընդգծեց, որ մրցակցության ընթացքում դրանք հնարավոր կլինի նվազեցնել։
Դրանից բացի, կա նաև կենդանիներին տեղափոխելու հարցը, ինչը նույնպես ծախսերի հետ է կապված։ Եթե 30 կիլոմետրի սահմանում առավելագույնը երեք կենդանի է տեղափոխվում` փոխադրումն անվճար կլինի։ Եթե մեկ-երկու կենդանի է տեղափոխվում` յուրաքանչյուրի դիմաց պետք է 3 հազար դրամ վճարել։ Դա կարող է թանկացնել մսի գինը մոտ 200–300 դրամով, այսինքն` 10%–ով։ Մեկ կիլոգրամ տավարի միսը մոտ 2500 դրամ արժե։ Սակայն պետական ծառայությունից նշում են, որ փոխարենը երաշխավորվում է մսի անվտանգությունը։
Ժամանակի ընթացքում սպանդը կարող է էժանանալ, իսկ լավագույն դեպքում` անվճար դառնալ։ Այդպես կարող է լինել այն դեպքում, եթե երկրում մորթից հետո մշակվեն նաև մորթին, ոսկրերը և այլն։
Հայաստանը միս-մսամթերք կարտահանի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ
Երևանում կաշվի գործարան կա, որն արդեն ընդունում է երկու խոշոր սպանդանոցների տված կաշին։ Այսպիսով` անասունի սպանդի ծախսերն արդեն կարող է մասամբ փոխհատուցվել մորթու վաճառքի հաշվին։
Ոսկորից ալյուր են սարքում, որն ավելացնում են անասնակերի մեջ։ Էջմիածնի մոտակայքում գտնվող Ջրառատ գյուղի փոքր արտադրողը արդեն վաճառում է այն տեղացիներին։ Բացի այդ, ոսկորներից կարելի է նաև ժելատին ստանալ, ինչը Հայաստանում չեն անում։
«Եթե այս ամենը հնարավոր լինի վաճառել ու եկամուտ ստանալ` սպանդը կարող է անճար դառնալ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սպանդանոցներից մեկի սեփականատերը։
Նշենք` սպանդանոցները Հայաստանի ամբողջ տարածքում չեն, հիմնականում նրանք սարերում են` Երևանից հեռու, նաև հարավում` Կապանում։ Այնպես որ, բոլոր գյուղացիները չէ, որ տնից 30 մետր հեռավորության վրա սպանդանոցներ ունեն։ Սակայն այժմ սպանդանոցներ են հայտնվելու Թալինում, Գյումրիում ու Սևանում։
Եվս մեկ թույլ օղակ է կապը սպանդանոցների ու գյուղացիների միջև։ Սպանդանոցները դեռ պայմանագրեր չեն կնքում գյուղացիների հետ այն մասին, թե երբ ու որքան անասուն են կարող են սպանդի ենթարկել։ Դա կօգներ բիզնեսին ծրագրել աշխատանքը, որ սպանդանոցները դատարկ չմնային, քանի որ եթե սպանդանոցը կանոնավոր չի աշխատում, սպանդին պատրաստվելու ծախսերն աճում են։ Սակայն գործարարները խոստանում են կարճ ժամկետներում վերացնել այդ թերությունները։
Որոշ սպանդանոցներում նույնիսկ ընդունարաններ կան։ Բանն այն է, որ տեղափոխության ընթացքում մեքենայում մի քանի ժամ անցկացնելուց հետո անասունը սթրեսից մի քանի կիլոգրամ քաշ է կորցնում։ Ընդունարանում դրանք հանգստանում են, ու քաշը վերականգնվում է։ Այսպիսով գյուղացին մի քանի կիլոգրամ մսի եկամուտը չի կորցնում։
Ռուսաստանը կաջակցի Հայաստանից մսամթերքի արտահանմանը
«Թող գյուղացիները նույնիսկ սեփական կշեռքով գան, որ տեսնեն` չենք խաբում», – ավելացրեց սպանդանոցի սեփականատերը։
Հիշեցնենք` հունվարի 15–ից հանրապետությունում թույլատրվում է վաճառել միայն լիցենզավորված սպանդանոցներում մորթված կենդանիների միսը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։
«Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:


