ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Օրերս ՀՔԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանի, աշխատասենյակի և հայրական տան խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Սակայն դատավորը, որի անունն այս պահին չենք հրապարակում, մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ, հաշվի առնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բնույթն ու էությունը, անհնար է, որ վերջինիս բնակարանում, աշխատասենյակում կամ հայրական տանը գտնվի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ որևէ ապացույց։ Այդ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերել դատախազ Արթուր Դավթյանը, սակայն վերաքննիչը նույնպես մերժել է բողոքը՝ տեղի չտալով Բարձրագույն դատական խորհրդի ճնշումներին»,–գրված է հոդվածում։
Ըստ պարբերականի` այս մերժումներից հետո ԲԴԽ որոշ անդամներ ու Երևանի դատարանի նախագահը ժողով են արել և որոշել Հրայր Թովմասյանի վերաբերյալ միջնորդություններն ու բողոքները գործերի բաշխման համակարգչային համակարգ մուտքագրել այնպես, որ դրանք մակագրվեն առաջին ատյանի դատարանի առավել վստահելի և հոգեբանորեն «կայուն» 6 դատավորներից մեկին՝ «Հաց բերողին» կալանքի տակ պահած Արթուր Մկրտչյանին, ԱԱԾ կոռուպցիայի դեպարտամենտի պետ Միքայել Հարությունյանի մանկության ընկեր Մեսրոպ Մակյանին, Երևանի քննչական վարչության պետի եղբայր Կարեն Ֆարխոյանին, Գևորգ Կոստանյանի կալանքը բավարարած Մարինե Մելքոնյանին, ինչպես նաև Կենտրոն դատարանի հանրահայտ զույգին՝ Մնացական Մարտիրոսյան և Գագիկ Պողոսյան:
«Այսինքն՝ այն դատավորներին, որոնք վերջին 20 տարում իշխանությանը հակառակ ակտեր չեն կայացրել»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը կայացրել էր դեկտեմբերի 26-ին` ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։
Մեր գերխնդիրը Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ. Արարատ Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։
«Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:


