Նազիկ Ամիրյան

Մանվել Գրիգորյանի կինն ամուսնու առողջական վիճակի համար մեղադրում է դատախազությանը

64
(Թարմացված է 19:36 15.01.2020)
Դատական նիստի ընդմիջմանը Մանվել Գրիգորյանի կինը մոտեցավ նիստին ներկա դատախազներին։ Ավելի ուշ նա լրագրողներին հայտնեց զրույցի բովանդակությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, ամուսնու առողջական վիճակի համար մեղադրում է դատախազներին։

Այսօր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերանայման հարցով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընդմիջմանը նիստին ներկա Նազիկ Ամիրյանը մոտեցավ մեղադրող դատախազներին ու ասաց. «Ձեր պատճառով է, որ այդ մարդն այս վիճակում է»։

Նա նաև լրագրողներին հայտնեց, որ ամուսնուն այցելել չի կարող, քանի որ իրեն արգելված է տեսակցել նրան։

Ինչ վերաբերում է ներկայացված միջնորդությանը, Գրիգորյանի կինը կարծիք հայտնեց, որ դրանով դատախազությունը փորձում է ինքն իրեն ապահովագրել անցանկալի իրավիճակներից։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ նկատմամբ ընթացող դատական վարույթները, Գրիգորյանի առողջական վիճակով պայմանավորված, առանձնացվել էին, քանի որ նա, որպես կանոն, չէր կարողանում ներկա գտնվել նիստերին։

Նազիկ Ամիրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

Հիշեցնենք` ՀՀ դատախազությունն այսօր գրություն էր ստացել «Նաիրի» ԲԿ–ից այն մասին, որ Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` գրանցվել է սրտի ռիթմի խանգարում։ Դրա հիման վրա դատախազությունը դիմել է դատարան` Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերանայելու միջնորդությամբ։ Հրավիրվել է արտահերթ նիստ։ Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր 20։30-ին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել Մանվել Գրիգորյանի և նրա փաստաբանների հետ

2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։

64
թեգերը:
հիվանդանոց, հիվանդ, կալանավոր, կալանք, Նազիկ Ամիրյան, դատապարտյալ, Դատավոր, Դատարան, դատախազ, Մանվել Գրիգորյան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (228)
Ըստ թեմայի
Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից
Խնդիր է դրված, որ Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ. ո՞րն է պաշտպանի ակնկալիքը Փաշինյանից
Մանվել Գրիգորյանի մոտ շնչառական անբավարարության նոպա սկսվեց. նա լքեց դատարանի դահլիճը