ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Երբ կառավարությունն առաջ քաշեց «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը, մեկնաբանություններ եղան, թե Փաշինյանը փորձում է իրեն վերագրել «ժողովրդի հայր» հայտնի տիտղոսը։ Այսօր կառավարության նիստում այս մասին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ ժողովրդի հայր լինելու հավակնություն չունի։
«Ես ուզում եմ ասել, որ ընտանիքում միայն հայրեր չէ, որ գոյություն ունեն։ Ընտանիքում գոյություն ունեն զավակներ, ընտանիքում գոյություն ունեն եղբայրներ, ընտանիքում գոյություն ունեն քույրեր։ Եվ մենք մեր գաղափարական տրամաբանությունը վաղուց ենք դրել և ասել ենք, որ կառավարության ու կառավարության ղեկավարի գործառույթը պատկերացնում ենք ՀՀ քաղաքացիներին ծառայելու մեջ, ասել ենք, որ ժողովրդի հայր լինելու հավակնություն չունենք, որովհետև ժողովրդին համարում ենք մեր գործատուն»,– ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է մեկ այլ մեղադրանքի, թե ՀՀ իշխանությունները փորձում են ժողովրդին դարձնել «գործ տվող», այս խնդիրին վարչապետն անդրադարձավ սեփական փորի մասին հիշեցմամբ։
Փաշինյանը նշեց, որ կյանքի ընթացքում հանգամանքների բերումով լայն շփում է ունեցել քրեական ենթամշակույթը կրող շրջանակների հետ և իր փորձով գիտի` գործ չտալու մասին խոսողներն ամենամեծ գործ տվողներն են` այն պայմանով, որ դա անում են իրենց անձնական խնդիրների համար ու անձնական շահագրգռությունից ելնելով։
Մինչդեռ կառավարությունը, ըստ վարչապետի, քաղաքացիներին առաջարկում է անել դա հանուն պետության ու հանուն հանրային շահի։
Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերին ԱԺ–ն հաստատեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով նկարահանված ՃԵԿ խախտումների վերաբերյալ իրականացվող վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու» օրինագիծը, որն ի սկզբանե միանշանակ չէր ընդունվել ու ստացել էր «գործ տալու» մասին օրենք որակումը։ Ըստ փոփոխությունների` ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը կարող են արձանագրել ոչ միայն ճանապարհներին տեղադրված տեսախցիկները, այլև ՀՀ ցանկացած քաղաքացի, որ ունի տեսանկարահանող ու լուսանկարահանող որևէ սարքավորում։
Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը հանձնարարեց նման մեկ իրավական ակտով ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ արձանագրելու առևտրի կետերում ՀԴՄ կտրոններ չտրամադրելն ու դրանք ներկայացնել ՊԵԿ կամ տեղադրել սոցիալական ցանցերի իրենց էջերում` դրանց հիման վրա վարչական վարույթներ իրականացնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, գործարար Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։ Տեղեկությունը «Սիվիլնեթին» են հայտնել Ազգային անվտանգության ծառայությունից՝ պատասխանելով գրավոր հարցմանը։
Վերջինս տիրապետում է մի քանի ընկերությունների, որոնք մասնագիտանում են զենքի առևտրում։ Գալստյանի հետ կապված կառույցները հայկական բանակի հիմնական մատակարարներից են։ Նրան է պատկանում նաև «Նեյտրոն» ՀԿ-ն, որը զբաղվում է Երևանում Կալաշնիկովի ինքնաձիգների հավաքմամբ։
ԱԱԾ–ից հայտնել են, որ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ առանձնապես խոշոր չափերի բյուջետային միջոցներ յուրացնելու համար: Միջոցները նախատեսված են եղել պաշտպանական գնումների համար։
Ընդհանուր առմամբ հարուցվել է չորս քրեական գործ, որոնք վերաբերում են պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պաշտոնյաների կողմից պատշաճ լիազորությունների չարաշահմանը, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքին և առանձնապես խոշոր չափերով միջոցների հափշտակմանը:
ԱԱԾ-ից հրաժարվել են պատասխանել այն հարցին, թե արդյոք Գալստյանին արգելված է լքել երկրի տարածքը։ Գերատեսչությունը վկայակոչել է հետաքննության գաղտնիքը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունը մտադիր է հրաժարվել մեքենայի դիմապակու վրա փակցվող տեխզննման կտրոններից և վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային տարբերակով։ ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն առաջարկվող փոփոխություններն այսօր ներկայացրեց Ազգային ժողովում։
Սիմոնյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են երկրի միջազգային պարտավորություններով։
«Առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի արատորոշման քարտի միջոցով։ Քարտը էլեկտրոնային տարբերակով է լրացվում ու պահվում տվյալների բազայում», - ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այդ դեպքում ճանապարհային ոստիկանությունը կկարողանա էլեկտրոնային տարբերակով ստուգել մեքենաներն ու չկանգնեցնել դրանք։
Փոխվելու է նաև տեխզննում անցկացնելու հաճախականությունը։ Առաջարկվում է առաջին տեխզննությունն անցկացնել ավտոմեքենայի թողարկման չորրորդ տարում, մինչև 10 տարվա արտադրության մեքենաների դեպքում` երկու տարին մեկ, իսկ տասից բարձր մեքենաների դեպքում` տարեկան մեկ անգամ։
Հանրային ուղևորափոխադրման համար նախատեսված մեքենաները մինչև 10 տարի շահագործվելը պետք է տեխզննում անցնեն տարին մեկ անգամ, իսկ 10 տարի շահագործումից հետո` տարեկան երկու անգամ։
Ընդհանուր առմամբ հանրապետությունում շուրջ 50 տեխզննման կայան կա։
Նշենք, որ ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ Հայաստանում տարեկան 72-73 հազար վթար է տեղի ունենում։ 2019 թվականին ավտովթարի զոհ է դարձել 343 մարդ։ Տարբեր գնահատականների համաձայն՝ վթարների մոտ 30%-ի պատճառը մեքենայի անսարքությունն է։
«Բալային համակարգը կմնա թղթի վրա». «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահն ասել է` ինչու
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու բոլոր գործողությունների հետևում օտար պետություններն են, «հայրենիքը դավաճանած» նման մարդիկ ռուսական իշխանության մարմիններում տեղ չունեն։
«Այսօր որպես միջամտության գործիք արևմտյան հատուկ ծառայությունները, Պետական դեպարտամենտն օգտագործում են Նավալնուն։ Բոլորը պետք է հասկանան՝ նրա արած ամեն քայլի հետևում օտար պետություններ են կանգնած։ Մեր խնդիրն է թույլ չտալ օտար միջամտությունը, ով էլ այստեղ քաղաքականություն վարի, պետք է երկիրը պաշտպանի», - ասել է Վոլոդինը Պետդումայի լիակազմ նիստում։
Վոլոդինը հավելել է, որ եթե մարդ դավաճանում է երկիրը, եթե նա օտար ֆինանսավորում է ստանում, նա իշխանության ոչ մի օրգանում անելիք չունի։
Նա կոչ է արել եվրոպացի գործընկերներին «իրենցից սկսել», երբ Արևմուտքում սկսում են քննադատել այս կամ այն երկրների իշխանության գործողությունները։
«Նույնը վերաբերում է Գերմանիայից մեզ մոտ ուղարկված մարդու վերաբերյալ նրանց հայտարարությանը։ Մենք այստեղ նախապես համակարգված գործողություններ ենք տեսնում։ Իսկ Եվրամիությունը պետք է ինքն իրենից սկսի։ Դադարեք մարդկանց վրա ռետինե փամփուշտներով կրակել, թունավորել նրանց գազով, ձմռանը մարդկանց վրա ջուր լցնել։ Այդ ամենը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի կտտանքները։ Վերջիվերջո, վերականգնեք ձեր երկրներում մարդու իրավունքների օրինականությունը, եթե ուզում եք, որ ինչ-որ մեկը լսի ձեզ։ Եթե ուզում եք պահպանել ներկայիս միջազգային կարգն ու կայունությունը», - ասել է Վոլոդինը։
Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. տեսանյութ
Հիշեցնենք՝ հունվարի 17-ին ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել։ Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից։ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։
Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։
Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:
Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով: