Молодые люди с телефонами в Сквере Хачкаров

Գործ կա, աշխատո՞ղ չկա. 4000 աշխատատեղ թափուր է մնում

651
(Թարմացված է 14:55 13.12.2019)
Գործատուներն իրենց կազմակերպություններում առկա թափուր հաստիքները լրացնելու լուրջ խնդիր ունեն։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Այս պահին 4000 թափուր աշխատատեղ կա, և դժգոհությունները, որ աշխատանքի դիմաց շատ ցածր են վարձատրում, միշտ չէ, որ արդարացված են։ Այս մասին այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Որքան է նվազագույն աշխատավարձն ավելացել ՀՀ–ում

«Մեր կայքում տեղադրված է բոլոր աշխատատեղերի մասին մանրամասն ինֆորմացիա` աշխատանքի նկարագրությամբ և աշխատավարձի չափով: Այս տարի աշխատանքի 10 տոնավաճառ ենք անցկացրել ու գործատուներն ասում էին, որ իրենց կազմակերպություններում թափուր հաստիքները լրացնելու լուրջ խնդիր ունեն։ Աշխատավարձերն էլ սկսվում են 150 000 դրամից»,–ասաց նախարարը։

Միքայելյան. «Աշխատատեղերի ավելացումը զգալի չափով պայմանավորված է սեզոնային գործոնով»

Բաթոյանի խոսքով` այս տարի զբաղվածության գործակալության միջոցով ավելի քան 11 000 մարդ է աշխատանքի ընդունվել, որոնցից 7794-ը կանայք են, 3483–ը` երիտասարդներ, իսկ 203-ը` հաշմանդամություն ունեցող անձինք: Ըստ նրա` աշխատանքը պետք է դառնա աղքատության հաղթահարման եթե ոչ միակ, ապա հիմնական սկզբունքը: Նախարարը նշեց, որ ճիշտ է, պետությունը գործատու չէ, սակայն պետք է հնարավորություններ ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել:

«Աշխատանքի խրախուսման նպատակով առաջիկայում կքննարկենք պայմանով նպաստի ներդրումը։ Այն ենթադրում է, որ պետությունը կօգնի աշխատանք գտնել այն մարդկանց, որոնք ունեն մասնագիտություն, սակայն դուրս են մնացել զբաղվածության ծրագրերից։ Այսինքն` պետությունը նման մարդկանց նպաստ կտա այնքան ժամանակ, քանի դեռ մարդը չի անցել աշխատանքի»,–ասաց նախարարը` հավելելով, որ եթե նախարարության առաջարկած աշխատանքից անձը երկու անգամ հրաժարվի` դուրս կմնա նպաստի համակարգից:

Աշխատավարձերի վարկանիշն ԱՊՀ–ում. Հայաստանը 5-րդ հորիզոնականում է

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15–ին 2020թ.–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ իր մասնակցությամբ բացված վերջին 2 ձեռնարկություններում, սեփականատերերի հավաստմամբ` ավելի քան 1000 թափուր աշխատատեղ կա, և նրանք չեն կարողանում աշխատող գտնել։

651
թեգերը:
Հայաստան, աշխատավարձ, աշխատատեղ, աշխատանք, Զարուհի Բաթոյան
Ըստ թեմայի
Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 13 հազար դրամով
«Արմենալը» 10 %-ով բարձրացրել է ավելի քան 530 աշխատակիցների վարձատրությունը
«Կա՛մ բանկում պիտի աշխատենք, կա՛մ արտագաղթենք». գիտնականները ֆինանսավորում են պահանջում
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի եթերը հուզել է վրացիներին. 18–ամյա Սանդրոն կոչ է արել օգնել Հայաստանին

375
(Թարմացված է 00:18 05.06.2020)
SARS-CoV-2 –ի հետ կապված` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը Թբիլիսի է հասել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –Sputnik. UWC Dilijan միջազգային քոլեջի շրջանավարտ Սանդրո Չումաշվիլին արձագանքել է երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված տագնապալի իրավիճակի մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տղան պատմել է, որ հարևանների վիճակը թեթևացնելու համար ստորագրահավաք է կազմակերպել` կոչ անելով Վրաստանի կառավարությանը օգնել բարեկամական երկրին։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը մտահոգիչ էր անվանել։ Երկրում անցած մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով վարակվածներ են բացահայտվել։

«Այսօր լսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն այն մասին, որ Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի շուրջ 700 նոր դեպք է գրանցվել։ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լավ է»,–ասել է Սանդրոն։

Նրա խոսքով` դա է առիթ դարձել, որ ինքը ստորագրահավաք կազմակերպի։ Սանդրոն նշել է, որ Վրաստանը կարող է և ինչ–որ առումով` պետք է օգնի եղբայրական Հայաստանին։

Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում

Սանդրոն 18 տարեկան է, ծնվել և մեծացել է Թբիլիսիում։ Հայաստանը նրան հոգեհարազատ է, քանի որ վերջին երկու տարին սովորել է UWC Dilijan միջազգային քոլեջում։ Այդ քոլեջը նա համարում է տարածաշրջանում լավագույնը։ Սանդրոն այն ավարտել է 2020 թվականի մայիսին և արդեն ընդունվել ԱՄՆ–ի բուհերից մեկի տնտեսագիտության ֆակուլտետը։

«Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին։ Ես եղել եմ Տաթևում, շատ ընկերներ ունեմ Վանաձորից, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից», – պատմել է Սանդրոն։

Այս տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են եղել, սակայն տղայի համար ամենահիշվողը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգն է եղել։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին։ Նշվում էր, որ համավարակի շրջանում Վրաստանի իշխանությունները մշտական կապի մեջ են հայկական կողմի հետ։

«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև։ Շփումները շարունակվում են նաև առանձին նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները (Դավիթ Զալկալիանին և Զոհրաբ Մնացականյանը, – խմբ.) տեղեկություն են փոխանակել երկրում տիրող իրավիճակի մասին», – գրված է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Մասնավորապես, Զալկալիանին համերաշխություն է հայտնել հայկական կողմին և Վրաստանի իշխանությունների անունից ևս մեկ անգամ պատրաստակամութուն հայտնել աջակցելու COVID-19–ի դեմ պայքարում։

Նշենք, որ հունիսի 4-ի դրությամբ Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տիպի 11221 դեպք է բացահայտվել, Վրաստանում` 801։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի

375
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով
Ինչ պետք է անի Փաշինյանը, որ հասարակությունը նորից հավատա իրեն
Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում
Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից
Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները
Դավիթ Անանյան. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ հեռացավ Դավիթ Անանյանը, և ինչո՞ւ է լռում Փաշինյանը

362
(Թարմացված է 00:50 05.06.2020)
Անանյանի անսպասելի հեռացումը կապում են ծխախոտի մաքսանենգության լուրերի հետ։ Գուցե նա չի ցանկացել, որ այդ լուրերն իր հետ որևէ կերպ առնչություն ունենան։ Սակայն սա ամենևին էլ միակ բանը չէ, ինչ կարելի է հիշել Անանյանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –Sputnik, Արամ Գարեգինյան. ՀՀ ՊԵԿ–ի ղեկավարի պաշտոնից Դավիթ Անանյանի հրաժարականը շատերի համար անսպասելի էր։ «Գլխավոր հարկային ծառայողը» որևէ պարզաբանում չի տվել, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երբեք չի հապաղում արտահայտվելիս, նման կարևոր հարցին դեռ չի արձագանքել։

Անանյանի հետ միշտ հնարավոր է եղել երկխոսություն վարել, նա ունակ է լսել ուրիշի կարծիքը, նույնիսկ եթե համաձայն չէ նրա հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Փայլակ Թադևոսյանը։ Անանյանի հետ նա մշտապես հարցեր է քննարկելիս եղել, քանի որ ՊԵԿ–ին առընթեր հանրային խորհրդի անդամ է։

«Մեր քննարկումները ձևական չեն եղել։ Երբ ես որևէ հարց եմ առաջ քաշել, նույնիսկ անհարմար, կամ կապված բիզնեսի և հարկայինի աշխատանքի հետ, նրա հետ միշտ հնարավոր է եղել քննարկել այդ ամենն ըստ էության», – հավելեց նա։

Ինչ վերաբերում է նրա հեռանալու հավանական պատճառներին, ապա շատերը դրանք տեսնում են, սակայն էթիկայից ելնելով` նախընտրում են ոչինչ չասել։ Ասում են` թող նախ խոսի ինքը` Անանյանը։

Նրա հետ շփված մարդիկ նշում են, որ եթե հրաժարականի պատճառը վերջերս տեղի ունեցած «ծխախոտային սկանդալն» է, ապա նա իսկապես կարող էր դրա համար հեռանալ։ Անանյանը սկզբունքային մարդ է, ասեկոսեներ իր մեջքի հետևից չի հանդուրժի։ Հավանաբար նա պարզապես չի ցանկացել, որ այդ լուրերը որևէ կերպ կապեն իր անվան հետ (քանի որ որպես ՊԵԿ–ի ղեկավար, նա համակարգում էր և՛ հարկայինը, և՛ մաքսայինը)։

Այսպես են ասում ոչ միայն նոր իշխանության կողմնակիցները։ Ընդհանրապես Հայաստանում տնտեսագետներն ու ֆինանսիստները միմյանց գնահատում են ոչ թե որպես «հներ» կամ «նորեր», այլ որպես մասնագետներ։ Իրենց համար, օրինակ, Վարդան Արամյանը կամ Վաչե Գաբրիելյանը նախևառաջ բարձրակարգ մասնագետներ են և հետո միայն անցած իշխանությունների օրոք աշխատած նախարարներ (առավել ևս, որ այն ժամանակվա իշխանությունների քաղաքական «բարիկադներում» իրենք երբեք էլ չեն եղել)։

Նույնը Դավիթ Անանյանի հետ է։ Նրա դեպքում «նախկինների» և «ներկաների» բաժանումը նույնպես պայմանական է` այդ թվում նաև այն պատճառով, որ նախկին իշխանությունների օրոք նա ֆինանսների փոխնախարար էր։ Այստեղ նրան «բերել էր» նույն Վարդան Արամյանը։ Երբ Կարեն Կարապետյանի (ՀՀ նախկին վարչապետ) օրոք նա գլխավորեց Ֆինանսների նախարարությունը, անմիջապես Անանյանին բերեց իր տեղակալ նշանակեց։ Անձնական զրույցներում Արամյանն այդ փաստը մեծ հաջողություն էր անվանում` համոզել և պետական ծառայության բերել պրոֆեսիոնալի, որը մասնավոր ընկերությունում մի քանի անգամ ավել էր վաստակում (նույնիսկ պարգևավճարները հաշվի առնելով, որոնք նրան սկսեցին վճարել պետական հատվածում)։

Կարեն Կարապետյանի օրոք Անանյանը պատասխանատու էր հարկային օրենսդրության մշակման համար, իսկ Փաշինյանի կառավարության օրոք ՊԵԿ–ում հուսալի թիկունք ստեղծեց նոր իշխանությունների համար։ Վարչապետը բազմիցս ասել է (և ոչ անհիմն), որ նոր իշխանությունը կատարում է կենսաթոշակառուներին և բժիշկներին, զինծառայողներին և փրկարարներին ուղղված խոստումները։ Սակայն աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու համար միայն քաղաքական կամքը բավարար չէ։

Պետբյուջեի կատարողականն ավելացել է, բայց Անանյանը խորհուրդ է տալիս այլ հարցի շուրջ մտածել

Երբ 2019 թվականին առաջին անգամ հնչեց, որ բյուջեի եկամուտները միանգամից 25%–ով աճել են, քչերը դրան ուշադրություն դարձրին։ Իսկ դա նշանակում էր, որ հարկային տեսուչները ստվերից դուրս են բերել այնպիսի «տուզերի», ինչպիսիք են Սամվել Ալեքսանյանն իր «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցով և Գագիկ Ծառուկյանը` իրեն պատկանող գազալցակայաններով։ Եթե հարկային ծառայությունը գոնե փոքր ինչ սխալվեր նրանց պարտավորությունների հաշվարկներում, եթե նրանց ավել գեթ մեկ հազար դոլար վերագրեր, նրանց փորձառու (և բարձր վարձատրվող) իրավաբաններն ու մենեջերները հայցեր կներկայացնեին դատարաններ, իսկ նախկին իշխանությունները կխոսեին անցանկալի գործարարների «հարկային տեռորի» մասին։

Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը տեղի չեն ունեցել։ Հարկայինի աշխատանքը, ինչպես լավ բժիշկի աշխատանքը, պարզապես չնկատեցին։ Եվ երբ սկսեցին աճել աշխատավարձերը և կենսաթոշակները, ոչ ոք չհիշեց` որտեղից և ինչպես այդ ամենի համար գումար գտնվեց։

Ճիշտ նույն կերպ` առանց բարձրագոչ հայտարարությունների, ՊԵԿ–ը սկսեց նոր հարկեր գանձել առցանց տոտալիզատորներից և խաղատներից։ Նախկինում նրանք ֆիքսված տուրք էին վճարում։ Եվ կարևոր չէ, որ իրենց շրջանառությունը մշտապես աճում էր և գնալով ավելի շատ մարդիկ էին սկսում խաղադրույքներ կատարել` նրանք գրեթե նույն հարկն էին վճարում։

Եվ ահա 2020 թվականից Փաշինյանի կառավարությունը սկսեց խաղատներից եկամտահարկ գանձել։ Պարզ ասած` որքան խաղատներում մարդիկ ավելի շատ գումարներ թողնեն, այնքան նրանք շատ հարկ պետք է վճարեն։ Հեշտ է ասելը, իսկ ինչպե՞ս ստուգել, թե որքան խաղադրույք է ընդունել առցանց խաղատունը, առավել ևս, եթե նրա սերվերներն արտերկրում են գտնվում։

Այդ հարցին Անանյանն իր «ֆիրմային» ժպիտով պատասխանեց. «Ձեր թույլտվությամբ` չեմ բացահայտի մեր գործողությունների ամբողջ համակարգը։ Բայց մի անհանգստացեք, կտեսնենք։ Այն էլ ինչպես կտեսնենք»։

ՊԵԿ աշխատակիցը պիտի այնքան վաստակի, որ կոռուպցիայի մասին չմտածի. Անանյան

Եվ նա գիտեր` ինչ էր ասում։ 2020 թվականի առաջին կիսամյակում ոլորտի խոշոր հարկատու «Դիջիթեյն» ընկերությունը (TotoGaming տոտալիզատորի կառավարիչ) կրկնակի շատ է հարկ վճարել, քան 2019 թվականի նույն եռամսյակի ընթացքում, իսկ «Վիվարո բեթինգ» ու «Վիվարո գրուպ» ընկերությունները (մեկ այլ խոշոր խաղային հոլդինգի կառավարողներ)` մեկ երրորդով ավել։ Եվ եթե այսօր ճգնաժամից տուժածներին չեն ասում «դիմացե՛ք, ամեն ինչ լավ կլինի» (ինչպես դա անում էին իշխանությունները 2008-2009 թվականներին), այլ թող որ փոքր, բայց օգնություն են տրամադրում, դա ինչպես կառավարության ձեռքբերումն է ընդհանրապես, այնպես էլ ՊԵԿ–ինը` մասնավորապես։

Անկախ նրանից` ծխախոտի մաքսանենգություն եղել է, թե ոչ, Անանյանի իրավահաջորդը ոչ միայն պետք է պարզի դա, այլև նույնքան հստակ բյուջե գումար բերի։ Այսօր, վիրուսի պայմաններում, սա անհրաժեշտ է` ինչպես երբեք։

Բեռների առաքման նորագույն տարբերակ. Անանյանը խոսել է մաքսային հսկողության թվայնացման մասին

362
թեգերը:
Հրաժարական, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Դավիթ Անանյան
Ըստ թեմայի
Կառավարությունը պատրաստ է ավտոմեքենաների ներկրման կրճատմանը. Անանյանն ասաց` ինչպես
ՀԿ-ների հաշվետվողականությունն ու «բարի թագավորի» վարկածը. Անանյանը նախագիծ ներկայացրեց
Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում